Դոդեկանեսի քրեական գործերով վերաքննիչ դատարանը 18 անգամ ցմահ ազատազրկման է դատապարտել Հայաստանի 32-ամյա քաղաքացուն։ Դատավճռի համար հիմք է հանդիսացել Հռոդոս կղզու մոտ արագընթաց նավակի կործանումը, ինչի հետևանքով երկու միգրանտ էր զոհվել։ Այս մասին հայտնում են հունական լրատվամիջոցները։
Վճիռը կայացվել է հոկտեմբերի 6-ին։ Դատարանը 32-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով՝ առանց մեղմացուցիչ հանգամանքներ ընդունելու։ Ցմահ ազատազրկումը նշանակվել է 18 անգամ՝ մեկական ժամկետ յուրաքանչյուր տեղափոխված անձի համար։ Բացի այդ, նա դատապարտվել է 9 ամսվա ազատազրկման և 2 միլիոն 400 հազար 500 եվրո տուգանքի։ Բողոքարկումը չի կասեցնում դատավճռի կատարումը։
Այս նույն գործով անցնում էին նաև Ադրբեջանի 31-ամյա և Հայաստանի 34-ամյա քաղաքացիներ։ Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել միայն Հունաստան ապօրինի մուտք գործելու մեջ և յուրաքանչյուրին դատապարտել ինն ամսվա ազատազրկման՝ պատժի կրումը երեք տարով հետաձգելով, ինչպես նաև տուգանել 1500-ական եվրոյով։
Միջադեպը տեղի էր ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 14-ի լույս գիշերը՝ Հռոդոսի Պարադեյսի շրջանում։ Արագընթաց նավակը հոկտեմբերի 13-ի երեկոյան դուրս էր եկել թուրքական Մարմարիսից։ Նավակում 21 մարդ է եղել։ Կեսգիշերն անց՝ ժամը 00:20-ի սահմաններում, ջրային փոխադրամիջոցը նկատել է դեպի Հռոդոս ընթացող հունական պարեկային նավը։
Հունական կողմի փոխանցմամբ՝ ափամերձ պահպանության ծառայողները լուսային ու ձայնային ազդանշաններով պահանջել են կանգ առնել, սակայն նավավարը չի ենթարկվել։ Սկսվել է հետապնդում, որի ընթացքում նավակը վտանգավոր մանևրներ է կատարել, ինչից հետո շրջվել է։ Բոլոր ուղևորները հայտնվել են ջրում, ընդ որում՝ ըստ գործի նյութերի՝ նրանք փրկարարական բաճկոններ չեն ունեցել։
Ափամերձ պահպանության աշխատակիցներին հաջողվել է փրկել 16 մարդու՝ 12 տղամարդու և 4 կնոջ։ Ավելի ուշ ջրից դուրս են բերվել ևս երկու ուղևորի մարմիններ՝ Իրաքից 10-ամյա մի տղայի և Գազայից 21-ամյա մի պաղեստինցու։ Դատաբժշկական փորձաքննությունը սահմանել է, որ մահվան պատճառը խեղդվելն է եղել։
Դեպքից հետո ձերբակալվել է երեք տղամարդ՝ Ադրբեջանի 31-ամյա քաղաքացին և Հայաստանի երկու քաղաքացի (32 և 34 տարեկան)։ Փրկված միգրանտները մատնանշել են նրանց որպես անօրինական տեղափոխումը կազմակերպած և նավակը վարած անձանց։
Դատաքննության ընթացքում փրկված ուղևորները պատմել են, որ փոխադրողներին հիմնականում գտել են սոցիալական ցանցերի միջոցով և ուղևորության համար վճարել են 3500-ից մինչև 4300 եվրո։ Նրանց ցուցմունքներով՝ նավակում եղել է երեք տղամարդ, որոնց իրենք «կապիտան» են անվանել. երկուսը հերթով վարել են նավակը, իսկ երրորդը ցուցումներ է տվել երթուղու վերաբերյալ։ Նրանք նաև պնդել են, որ հունական պարեկային նավի հայտնվելուց հետո այդ տղամարդիկ սկսել են կտրուկ փոխել ընթացքի ուղղությունը, ինչի հետևանքով նավակը շրջվել է։
Հայաստանի 32-ամյա քաղաքացին սկզբում ընդունել է, որ ինքն է վարել նավակը, սակայն պնդել է, թե գործել է Թուրքիայում գտնվող կազմակերպչի հանձնարարությամբ, որպեսզի անվճար հասնի Հունաստան։ Հետագայում նա իր վրա է վերցրել նավակը վարելու ողջ պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ մյուս երկու ամբաստանյալներն ընդամենը ուղևոր են եղել։
Նա նաև պնդել է, թե հույն սահմանապահներն օդ են կրակել, և ինքը տեղի ունեցածն ընկալել է որպես հարձակում։ Բացի այդ, տղամարդը հայտարարել է, թե պարեկային նավը բախվել է իրենց նավակին։ Մինչդեռ հունական պարեկախմբի հրամանատարն իր ցուցմունքում նշել է, որ վթարի պատճառը եղել են նավավարի վտանգավոր մանևրները (ընդ որում՝ որևէ բախման մասին ոչինչ չի հիշատակվում)։
Ադրբեջանի 31-ամյա և Հայաստանի 34-ամյա քաղաքացիներն ի սկզբանե հերքել են իրենց մասնակցությունը։ Նրանք վստահեցրել են, որ իրենք նույնպես ուղևորներ են եղել և Եվրոպա հասնելու համար վճարել են 4000-ական եվրո, իսկ նավակը վարել է բացառապես Հայաստանի 32-ամյա քաղաքացին։
Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեք տղամարդկանց ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ջրային տրանսպորտով երրորդ երկրների քաղաքացիների ապօրինի տեղափոխման համար, որը կատարվել էր խմբի կազմում, շահադիտական դրդումներով և հանգեցրել էր մարդկանց մահվան, ինչպես նաև երկիր ապօրինի մուտք գործելու և անհնազանդության համար։ Գործի նյութերում նշվում էր նաև, որ նավակը գերբեռնված է եղել, չի ունեցել անհրաժեշտ փրկարարական միջոցներ ու նավագնացության լույսեր, իսկ ամբաստանյալները չեն ունեցել նավակ վարելու համապատասխան իրավունք։
Արդյունքում դատարանն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել Հայաստանի 32-ամյա քաղաքացուն, իսկ մյուս երկու ամբաստանյալներին պատիժ է սահմանել միայն Հունաստան ապօրինի մուտք գործելու համար։