Ֆրանսիայի Լիոն քաղաքում իրականացված լայնամասշտաբ հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել են Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներից կազմված հանցավոր խմբավորման 22 անդամներ: Խմբավորումը գործել է Ֆրանսիայում և Բելգիայում: Այդ մասին, «Ինտեֆաքս»-ի փոխանցմամբ, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության պետ Վլադիմիր Բորցվաձեն: Նրա խոսքով՝ Լիոնում իականացված «VORS 69-01» հատուկ գործողության շրջանակում, որում ներգրավված են եղել նաև վրաց իրավապահները, ձերբակալվել է Վրաստանի 10 քաղաքացի, այդ թվում՝ երկու «օրենքով գող»: Բորցվաձեն նշել է, որ ձերբակալվածները մեղադրվում են տնային գողություններ կատարելու, ավտոմեքենաներ առևանգելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու և թմրամիջոցների ապօրինի տարածման մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց սպասվում է մինչև 15 տարվա ազատազրկում: