Եվրամիությունը չի մտահոգվի, եթե Չեխիան դուրս գա նրա կազմից. Զեման
Հազիվ թե ԵՄ–ն երկյուղածությամբ ընդունի միության կազմից Չեխիայի դուրս գալու հնարավորությունը, քանի որ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որը ԵՄ բյուջեի մատակարարներից է, Չեխիան եվրոպական միջոցների միայն սպառողն է: Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ձայների 10.6 տոկոսով երրորդ տեղն է զբաղեցրել «Ազատություն եւ ուղիղ ժողովրդավարություն» պոպուլիստական շարժումը, որը հանդես է գալիս երկրի օրենսդրության մեջ համազգային հանրաքվեի մասին դրույթ ավելացնելու եւ Եվրամիության կազմում մնալու հարցով հանրաքվե անցկացնելու օգտին։
Սրա հետ կապված տեղի լրատվամիջոցներում տարածում է ստացել «չեխսիթ» բառը։ Զեմանը նախկինում հայտարարել է, որ դեմ չի լինի հանրաքվեի անցկացմանը, սակայն ինքը կքվեարկի Չեխիայի ԵՄ–ի կազմում մնալու օգտին։
Մեկնաբանելով ԵՄ–ի կազմում Չեխիայի մնալու հարցով վերջերս անցկացված հարցման արդյունքները, որի արդյունքներով հարցվածքների 54 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ–ի կազմում մնալուն, իսկ 33 տոկոսը՝ դեմ, Զեմանը նշել է, որ այդ հարցմանը իր մասնակցության դեպքում ինքը կլիներ 54 տոկոսի թվում։