22.06.2025
Փամուք. Թուրքիան դեպի տեռորի ռեժիմ է շարժվում
13.09.2016
Փամուք. Թուրքիան դեպի տեռորի ռեժիմ է շարժվում

Թուրքիան դեպի տեռորի ռեժիմ է շարժվում: Այս մասին հայտարարել է նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը՝ խստորեն դատապարտելով հայտնի գրող եւ լրագրող Ահմեդ Ալթանի եւ նրա եղբոր՝ ակադեմիկոս Մեհմեդ Ալթանի ձերբակալությունը: «Թուրքիայում ակտիվորեն ճաղերից այն կողմ ենք նետում մարդկանց, ովքեր համարձակվում են դույզն-ինչ քննադատել իշխանություններին: Մտքի ազատություն այլեւս գոյություն չունի: Մենք ինքներս մեզ հեռացրել ենք իրավական պետությունից եւ արագորեն դեպի տեռորի ռեժիմ ենք շարժվում»,- ասել է Փամուքը: Ըստ AFP-ի՝ նա կոչ է արել հնարավորինս արագ ազատ արձակել ձերբակալված մտավորականներին: Նշենք, որ Ալթան եղբայրները ձերբակալվել են սեպտեմբերի 10-ին, պետական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատճառը խռովության նախօրեին Can Erzincan TV հեռուստաալիքով հաղորդումներից մեկին եղբայրների մասնակցությունն է, որն իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի Հիզմեթ շարժմանը մերձավոր կայան են համարում: Հեռուստաալիքը փակել են, իսկ Ալթանների մասնակցությամբ հաղորդումն այդպես էլ չի հեռարձակվել: Ձերբակալվել է նաեւ նրանց հետ հաղորդմանը մասնակցած մեկ այլ հայտնի լրագրող եւ գրող Նազլի Իլիչաքը: