Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերին կսկսեն համալրվել «Հարված» տիպի կամիկաձե-անօդաչուներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության «Շարգ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Իլգար Նազարովը: «Մենք արդեն իսկ սկսել ենք փորձարկումներ իրականացնել: Այն (անօդաչու թռչող սարք) կոչվում է «Հարված» և պարունակում է երկու կիլոգրամանոց բեկորային լիցք: Պայմանագիրը կնքված է: Առաջին մատակարարումները կիրականացվեն հոկտեմբերին»,- ասել է նա: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը սեպտեմբերի 27-30-ը Բաքվում անցկացվող ADEX-2016 ռազմական ցուցահանդեսի շրջանակներում հուշագիր են ստորագրել բանակը տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերով համալրելու մասին: Ադրբեջանի ՊՆ-ի կայքի հաղորդմամբ՝ զինվորականները մոտ ժամանակներս պետք է ստանան նոր «կամիկաձ» տիպի և հետախուզական-դիտորդական բնույթի հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր: