Ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրումը տվել է նախագծի իրագործման մեկնարկը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նրա խոսքով՝ գազատարի կառուցումը մեկնարկելու է 2018 թվականին: Միլլերը հայտարարել է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից անմիջապես հետո, և իրենց ծրագրերով՝ անմիջական կառուցման գործընթացը կսկսվի 2 տարի անց: Նա մանրամասնել է, որ գազատարի ծովային հատվածը 100 տոկոսով պատկանելու է «Գազպրոմին», որը նաև ստանձնելու է գազատարի երկու ճյուղերի կառուցումը ֆինանսավորելու հարցը: Միլլերն ընդգծել է, որ Թուրքիայի տարածքում գազատրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումը՝ սկսած ընդունող տերմինալից, իրականացնելու է թուրքական «Բոթաշ» պետական խողովակաշարային ընկերությունը: «Թուրքիայում եվրոպացի սպառողների համար տարանցիկ ենթակառուցվածք ստեղծելու համար կստեղծվի համատեղ ձեռնարկություն»,- տեղեկացրել է նա: Միլլերի խոսքով՝ Թուրքիայի համար գազային զեղչի մեխանիզմը պայմանավորված կլինի այդ երկրին մատակարարումների ծավալով: