Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը բացառում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը: «Վստահ եմ, որ դա տեղի չի ունենա», գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում ասել է Կուրցը: Ընդ որում, նրա խոսքով, դա միայն իր դիրքորոշումը չէ, նման տեսակետ են հայտնել նաեւ եվրոպական բազմաթիվ երկրների կառավարությունների եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Կուրցը կոչ է արել ազնիվ լինել այդ հարցում՝ պարզաբանելով, որ «մեծ տարբերություն կա եվրոպական քաղաքական գործիչների կարծիքի եւ հրապարակային հայտարարությունների միջեւ»: Նա նաեւ ենթադրում է, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը դեմ է եվրոպական երկրների բնակիչների մեծ մասը: Ըստ DW-ի՝ Կուրցը, միաժամանակ, Անկարայի հետ սերտ համագործակցության կոչ է արել, բայց այդ համագործակցության նպատակը չպետք է լիարժեք անդամի իրավունքով ԵՄ-ին Թուրքիայի միանալը լինի: