Ադրբեջանն ավարտել է 8,5 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը սահմանամերձ Աստարա կայարանից մինչև իրանական սահման, գրում է «Независимая Газета»-ն: Օրերս դիզելային գնացքով մեծ պատվիրակությունը թեստավորել է երկաթուղային գծի նոր հատվածը, որը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի օղակներից մեկն է, որը պետք է Հյուսիսային Եվրոպան միացնի Հարավ-արևելյան Ասիայի հետ: Սահմանին կայացել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը: Պատվիրակությունները գլխավորել են Ադրբեջանի և Իրանի երկաթուղային գծերի ղեկավարներ Ջավիդ Գուրբանովը և Մոհսեն Փուրսեիդ Աղաին: Ինչպես լրագրողներին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղային գծեր»-ի մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը, այժմ կողմերն ակտիվացնում են Իրանի և Ադրբեջանի սահմանին գետի վրայով երկաթուղային կամրջի կառուցման ավարտի աշխատանքները: Ինչպես «Независимая Газета»-ին հայտնել է կառավարությունում աղբյուրը, կողմերը պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում ավարտել բոլոր աշխատանքները: