27.12.2024
Die Welt. Հանրաքվեն ճանապարհ է բացում Ալիեւի որդուն իշխանության վերելքի համար
30.09.2016
Die Welt. Հանրաքվեն ճանապարհ է բացում Ալիեւի որդուն իշխանության վերելքի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջին հայացքից արեւմտամետ քաղաքական գործչի տպավորություն է թողնում: «Բայց արտաքինը կուրացնում է: Իրականում նախագահ Ալիեւը Ադրբեջանում դինաստիա է կառուցում: Նա անում է ամեն ինչ, որպեսզի նրա՝ առանց այդ էլ ահռելի հարստություն դիզած ընտանիքը այսուհետ էլ մնա իշխանության ղեկին»- գրում է Յուլիա Սմիրնովան գերմանական Die Welt թերթի էջերին: Եվ այսպես, հանրաքվեի միջոով Ալիեւը առաջ մղեց սահմանադրական փոփոխություններ, որոնք զգալիորեն կամրապնդեն նախագահի իշխանությունը, այդ փոփոխությունների օգտին, նախնական տվյալներով քվեարկել է 91 տոկոսը: Մասնավորապես նախագահի լիազորությունների ժամկետը հինգից յոթ տարի է դառնալու, պետության ղեկավարը իրավունք է ստանալու լուծարել խորհրդարանը ու արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել: «Հանրաքվեն նաեւ ճանապարհ է հարթում Իլհամ Ալիեւի որդու՝ Հեյդար Ալիևի վերելքի համար դեպի իշխանության գագաթ, քանի որ հիմա նախագահի թեկնածուի տարիքային ցենզը 35 տարեկանից 18 տարեկան է իջել», շարունակում է Սմիրնովան: Հիմա 19-ամյա Հեյդարը սովորում է Բաքվի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Այսօրվա դրությամբ Հեյդարը հայտնի է միայն նրանով, որ 2010-ին, 11 տարեկանում, The Washington Post թերթի տվյալներով, արդեն Դուբայում 44 մլն դոլարանոց շքեղ անշարժ գույքի սեփականատեր էր: Բացի դրանից, նրա անունը հայտնաբերվել է «Պանամական փաստաթղթերում», ադրբեջանական AtaHolding հոլդինգի առնչությամբ, որը մասնաբաժիններ ունի բանկերում նաեւ զանազան հեռուստահաղորդակցային, շինարարական ու նավթագազային ընկերություններում: Հոլդինգի սեփականատերերը թաքնված են օֆշորներում, ասվում է հոդվածում: 2005-ին Mossack Fonseca գործակալությունը էլեկտրոնային նամակ է ստացել ադրբեջանցի փաստաբանից՝ այն հիմնադրամի սեփականության կառուցվածքի առաջարկով, որին պատկանում էր AtaHolding–ը: Այն ժամանակ 6-ամյա Հեյդարը, որը փաստաթղթերում նշված է որպես «Ա1», պետք է ստանար 20 տոկոսը, իսկ նրա քույրեր Արսուն ու Լեյլան՝ 15-ական տոկոս: Նախագահի երկու դուստրերը, ըստ պանամական դոսյեի, եւս մի ամբողջ շարք օֆշորային ֆիրմաների սեփականատերեր կամ շահառուներ են:Դրանց միջոցով Ալիեւները օրինակ վերահսկում են Ադրբեջանում ոսկու արդյունահանման ոլորտը: Բացի դրանից անցած տարի OCCRP –ի հետաքննության շրջանակում բացահայտվել է, որ նախագահի ընտանիքը մասնաբաժիններ ունի Ադրբեջանի ութ խոշոր բանկերում: 2014-ի սկզբին դրանց արժեքը 3 մլրդ դոլար էր գնահատվում: Նաեւ Ալիեւներին է պատկանում մի շինարարական ընկերություն, որը բազմամիլիոն պետպատվերներ է ստանում ու «Ազերֆոն» հեռահաղորդակցության ընկերությունը, հավելում է Die Welt–ը: