Մեր դիրքորոշումը հետևյալն է. Կառավարության ծրագրում տարածաշրջանային համագործակցությունն ընդգծված է որպես կարևորագույն դրույթ, և մենք տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով ի սկզբանե հետաքրքրված ենք։ Խնդիրը նրբությունների մեջ է: Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 3+3 հնարավոր ձևաչափին:
"Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով: Մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը, և այդպես շարունակ: Այսինքն՝ եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, ասենք, օրինակ՝ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, այդտեղ կարող է շատ հետաքրքիր լինել, և մենք կարող ենք հետաքրքրված լինել դրանով",- ասել է նա:
Փաշինյանը պարզաբանել է՝ եթե կա համաձայնեցված ձևաչափ, այդ ձևաչափերի օրակարգերը մյուս ֆորմատում կամ ֆորմատներում չպետք է քննարկվեն։ Որովհետև կարող է պարզվել, որ 3+3-ը միակ առաջարկը չէ, որը մեզ հետաքրքրում է. "Այս դիրքորոշումը մենք արտահայտել ենք և արտահայտում ենք",- շեշտել է նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի օրերս արված հայտարարությանը, թե իր և Ալիևի միջև քննարկում է տեղի ունեցել, Փաշինյանը շեշտեց՝ նման հանդիպում չի եղել.
"Տեսեք, թերևս ինչի մասին կարող է լինել խոսքը: Այս ընթացքում, գիտեք, որ շատ դիվանագիտական առաքելություններ ենք ընդունում, նաև հայտնի շփումներ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև. մասնավորապես, Նյու Յորքում մեր Արտաքին գործերի նախարարները հանդիպեցին, եռակողմ աշխատանքային խումբ կա, որը պարբերաբար, անընդհատ հանդիպումների մեջ է, դիվանագիտական օտարերկրյա առաքելություններ են ժամանում Երևան և Բաքու։ Բնականաբար, ուղերձներ են բերում, ուղերձներ են տանում, և խոսակցություն՝ որպես այդպիսին, միջնորդավորված, այո, միշտ էլ տեղի է ունեցել և միշտ էլ տեղի է ունենում բոլոր երկրների միջև։ Այդտեղ որևէ մի անակնկալ չկա: Իսկ ուղիղ բոլոր շփումները, որ տեղի են ունեցել, հանրությունը դրա մասին գիտի: Մնացած շփումներն արդեն անուղղակի, այսպես ասած, ուղերձային, ուղերձների փոխանակման շփումներ են, որոնք տեղի են ունենում ամենատարբեր խողովակներով",- ասել է նա: