24.11.2024
Ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրներին, որոնց տարածքով անցնում են. Օվերչուկ
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության կարգավորումը, կոմունիկացիաների բացման գործընթացը տարանջատված են իրարից

Դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից: Սա մեր դիրքորոշումն է և, ըստ էության, այն արձանագրումն է, որը մենք արել ենք: Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ Հայաստանի հանրության մեջ մտահոգություն կա, որ այս ճանապարհով Ադրբեջանը փորձում է դե յուրե ստանալ Արցախն իրենց կազմում, իսկ եթե մենք ճանաչում ենք նրանց սահմանները, ապա Արցախն ավտոմատ դառնում է Ադրբեջանի մաս:


"Ինչ վերաբերում է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի թեմային՝ դեռ մայիսին ես հայտարարեցի Կառավարության նիստում, որ պատրաստ եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկվող փաստաթուղթը դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին: Եվ հիշում եք՝ ինչ ներքաղաքական աղմուկ բարձրացավ, հետո փակ տողերով փաստաթուղթ հրապարակվեց, հետո, երբ արդեն այդ տողերը բացվեցին, պարզվեց, որ ընդհանուր առմամբ, այդ փաստաթղթի ստորագրման պահը կորսվել է և բաց է թողնվել։ Որովհետև, այո, մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև մենք անհրաժեշտ ենք համարում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան: Բայց, մյուս կողմից, մենք ասում ենք, որ շատ դժվար ենք պատկերացնում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց մի սահմանին, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում",- նշել է Փաշինյանը:


Նա կրկնեց՝ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում սահմանին, նոյեմբերի 9-ից հետո երևի 5-6 օր ենք ունեցել, երբ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել.


"Արցախում է խախտվում ամենօրյա ռեժիմով հրադադարը, չնայած վերջին օրերին մենք Արցախում կոնկրետ ունեցել ենք մի քանի օր, նախորդ շաբաթվա մեջ ունեցել ենք 1-2 օր, երբ 0 են եղել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Բայց մեծ հաշվով հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է հայ-ադրբեջանական սահմանին: Հետևաբար, շատ դժվար է պատկերացնել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց այն սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են տեղի ունենում: Մենք սա կարևոր ենք համարում՝ որպեսզի մենք պայմաններ ապահովենք դեմարկացիայի և դելիմիտացիայի համար։ Իսկ այդ պայմանների ապահովման անհրաժեշտության մասին մենք նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, այդ թվում՝ Կառավարության ծրագրում ենք արձանագրել։ Ուզում եմ ընդգծել, որ Կառավարության ծրագրում նույնպես ընդգծված է այդ անհրաժեշտությունը: Եվ, այո, մենք կարևոր ու անհրաժեշտ ենք համարում: Բայց այս պահին՝ հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումների պայմաններում, շատ դժվար է, չնայած մենք նաև այդ ուղղությամբ կոնսուլտացիաները շարունակում ենք: Ձեր կոնկրետ հարցին՝ կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ, պիտի պատասխանեմ, որ, ցավոք, ոչ",- շեշտել է նա:


Հարցին՝ ունե՞նք պատկերացում, թե որ թվականի քարտեզների մասին է խոսքը գնալու, ունե՞նք այդ քարտեզները, թե ոչ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կարևորը իրավական հիմքերն են՝ ի՞նչ իրավական հիմքերի վրա է տեղի ունեցել սահմանազատում և սահմանագծում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Եվ, ընդհանրապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, սահմանների որոշման ի՞նչ իրավական հիմք կա.


"Որովհետև քարտեզի վրա արձանագրվում է իրավական հիմքը, բայց պիտի ընդգծեմ նաև, որ, այո, այդ բոլոր վերատպված քարտեզները նույնական չեն: Ինչո՞ւ։ Որովհետև Խորհրդային Միության ժամանակ եղել է այդպիսի ավանդույթ և ոչ միայն ավանդույթ. ասենք, օրինակ, Կոմունիստական կուսակցության ինչ-որ տարեդարձի կապակցությամբ եղբայրական հանրապետություններն իրար տարածքներ են նվիրել։ Ընդ որում, դա արվել է տեղական մակարդակով՝ ասենք, այսինչ շրջանը այսինչ տեղից այսքան հեկտար արոտավայր նվիրում է: Մեր նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնականում փոխադարձության սկզբունքով է դա տեղի ունեցել: Եվ հիմա շատ կարևոր է այդ իրավական հիմքերը հասկանալ: Եվ մենք քարտեզ ասելով նկատի չունենք ուղղակի թղթի վրա գրված գծագիր։ Մենք նկատի ունենք դրա իրավական հիմնավորումը, որովհետև քարտեզն առանց իրավական հիմնավորման ոչ մի նշանակություն չունի":


Փաշինյանը հավելել է, որ եկել են այն եզրակացության, որ բոլոր քարտեզները, այսինքն՝ իրավական հիմքերն այն իրավական հիմքերն են, որոնք 1920-30-ական թվականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև:


"Այսինքն՝ մենք, ի վերջո, պետք է գնանք դրանց: Քարտեզները մեզ պետք են - այստեղ կա գործնական խնդիր - որ տեքստում նշված պայմանավորվածություններն արտացոլվեն քարտեզների վրա: Սա է աշխատանքը, որը պիտի արվի",- ընդգծել է նա: