24.11.2024
Ապրիլյան հարձակման տեսագրությունը՝ ռազմական գաղտնիքի բացահայտո՞ւմ
prev Նախորդ նորություն

Հարցում. Հայկական բանակը պատրաստ է պատերազմին

Հայաստանի բնաչության ճնշող մեծամասնությանը մտահոգում է ԼՂ-ում պատերազմի վերսկսման հնարավորությունը: Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բնակչության համար ամենակարևոր խնդիրը գործազրկությունն էր, ապա հիմա առաջնային է պատերազմը: Այս մասին հայտարարեց «Գելափ Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով շուրջ մեկ ամիս առաջ ավելի քան 1000 չափահաս հայաստանցիների շրջանում անցկացված հարցման տվյալները:

«Ամենակարևոր խնդիրը դա պատերազմական իրավիճակն է՝ 72.5 տոկոսը: Որից հետո գալիս է գործազրկությունը՝ 38.4, աշխատանքի խնդիրը՝ 35.3, և տնտեսական վիճակ՝ 31.2 տոկոսը», - ասաց նա: Հարցվածների շուրջ 87 տոկոսը նշել է, որ հետագայում Ադրբեջանի կողմից նոր հարձակումներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է գնել նոր զինտեխնիկա, իսկ 38 տոկոսը՝ թե պետք է նվազեցնել կոռուպցիան բանակում: Հայաստանցիները նաև կարծում են, որ քառօրյա պատերազմի հիմնական հրահրողը Թուրքիան է․ - «81.3 տոկոսը նշում են Թուրքիան, 33 տոկոսը՝ Ադրբեջան, 17.2 տոկոսը՝ Ռուսաստանի Դաշնություն, 14.5 տոկոսը՝ ԱՄՆ-ը, և 1.1 տոկոսը նշել են եվրոպական երկրները»:

Հարցին, թե ինչով են պայմանավորում ապրիլին Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը, հարցմամբ ընդգրվածների 46.7 տոկոսը, Նավասարդյանի փոխանցմամբ, նշել է, որ այս իրավիճակը Ադրբեջանին թելադրվում արտաքին ուժերի կողմից, 32.5 տոկոսը նշել է, որ Ադրբեջանը հրահրում է պատերազմական իրավիճակ, որպեսզի զսպի, քողարկի ներքին խնդիրները, և 28.1 տոկոսը նշել է, որ պայմանավորված է Ռուսաստանից և այլ երկրներից չափից ավելի սպառազինության ձեռք բերմամբ:

Ապրիլյան պատերազմից հետո, նախորդ տարիների հետազոտության համեմատությամբ ավելացել է մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ նոր հարձակման դեպքում հայկական ուժերը կարող են հակահարված տալ ադրբեջանական կողմին: Հարցվածների մեծ մասը կարծում է նաև, որ հայկական բանակը պատրաստ է պատերազմին․ - «Լիովին պատրաստված է՝ 41 տոկոսն է նշել, ավելի շուտ պատրաստված է՝ 44.3 տոկոսը, ավելի շուտ պատրաստված չէ՝ 11 տոկոս, և 3.3 տոկոս նշել է, որ ընդհանրապես պատրաստված չէ: Ընդհանուր 84.4 տոկոսը կարծում է, որ մեր բանակը պատրաստ է հակազդելու նման լայնածավալ հարձակման»:

Ի տարբերություն Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարություններին տրված բարձր գնահատականի՝ հարցվածները համեմատաբար ցածր են գնահատել ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի նախագահի և վարչապետի գործունեությունը։ Հարցվածները նաև ցածր են գնահատել Ռուսաստանի արձագանքը պատերազմական գործողություններին: Ներկայացված արդյունքների համաձայն, հարցվածների շուրջ 85 տոկոսը պատերազմի օրերին տեղեկատվություն ստացել է հեռուստացույցից, որին հաջորդում են ֆեյսբուքն ու շրջապատից ստացվող տեղեկատվությունը: