Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՀՀԿ-ականի կողմից ընտրակաշառքի փոխանցման դեպքից
11.06.2021
Ինչպես արդեն հայտնել ենք, ձերբակալվել է Արմավիրի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետը՝ ընտրակաշառքի համար 9 միլիոն դրամ փոխանցելու ժամանակ: ՀՀ ոստիկանությունը դեպքից տեսանյութ է հրապարակել:
Հիշեցնենք, հունիսի 10-ին ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիրի նախկին քաղաքապետը, որն ընդգրկված է նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պատրաստվում է 9 միլիոն դրամ փոխանցել Ջանֆիդա գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդա գյուղի բնակիչը բռնվել են 9 միլիոն դրամ ընտրակաշառքի գումարը փոխանցելու պահին ու բերման ենթարկվել բաժին:
Հարուցված քրեական գործի շրջանակներում նրանք ձերբակալվել են։ Ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք տան բակ են նետել իրենց ձեռքի պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ: