22.11.2024
Մամուլ. Լևոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվեց իր հոգեզավակից
prev Նախորդ նորություն

Մամուլ. Իշխանությունը նախընտրական կարգախոսը «գողացել» է Ռոբերտ Քոչարյանի թիմից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմը ընտրություններին մասնակցելու է «Ապագա կա՛» կարգախոսով։ Թե ինչ ապագա կարող է լինել Հայաստանի ներկան ու ապագան խորտակած ուժի հետ, այլ հարց է։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այս կարգախոսը «գողացել» են Ռոբերտ Քոչարյանի թիմից։ Բանն այն է, որ Քոչարյանի թիմում որոշել էին իրենց դաշինքի անունը դնել «Ապագա»։ Սակայն նրանք քննարկումների մեջ են եղել դեռ, երբ, ամենայն հավանականությամբ, իշխանությունը գաղտնալսել է կամ իր ագենտներն է ունեցել թիմի ներսում, եւ, իմանալով այս մասին, որոշել են յուրացնել կամ փչացնել քոչարյանականների իդեան։ Գուցե մտավախություն են ունեցել, որ մարդիկ իրենց ապագան հանկարծ Քոչարյանի դաշինքում չտեսնեն, այլ՝ «Քաղպայմանագրի» հետ։ Հիմա Քոչարյանի թիմում փորձում են այլ անվանում գտնել»


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երեկ չկարողացավ զսպել իր հակակրանքը ՄԻՊ Արման Թաթոյանի նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ հատկապես պատերազմից հետո ՄԻՊ-ը Հայաստանում դարձել է միակ աշխատող կառույցը, եւ Թաթոյանի արածը նկատելի է՝ իշխանությունների անգործության ֆոնին, եւ նրա հեղինակությունը խիստ բարձրացել է։ Իշխանականները սա ծանր են տանում եւ հրապարակավ քննադատում են Թաթոյանին։ Երեկ ՄԻՊ տարեկան հաշվետվության քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում։  Իմքայլականների դատարկ աթոռները դրա վառ ապացույցն էին։ Թաթոյանի մոլեռանդ քննադատ Մարիա Կարապետյանն ԱԺ ամբիոնից փորձեց սեւացնել օմբուդսմենի աշխատանքը՝ նրան մեղադրելով մեդիատեռոր իրականացնելու մեջ։ Ի պատասխան, Թաթոյանն իր եզրափակիչ ելույթում նրան տեղը դրեց՝ ասելով , որ մանիպուլյացիա եւ կեղծիք է տարածում։ Նաեւ Հանրային հեռուստաընկերությանը խարազանեց, թե դարձել են «իշխանության մարմինների քարոզիչը», իսկ ՄԻՊ աշխատանքը գրեթե չեն լուսաբանում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միացավ իր պրոտեժեին եւ ընդմիջման ժամանակ հենց դահլիճում փորձեց Թաթոյանի հետ հաշիվներ պարզել, թե ինչու է քննադատում իշխանություններին, եթե իրենք իր նկատմամբ լոյալ են։ Ի պատասխան, Թաթոյանը հիշեցրեց Կարապետյանի ելույթը։ Միրզոյանը շարունակեց, թե ի՞նչ կապ ունի Հ1-ն իշխանության հետ։ Հաշտարարի դերը ստանձնած Անդրանիկ Քոչարյանը Թաթոյանին ուղեկցեց իր աշխատասենյակ։ Մեր տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին։ Նա մի շարք առաջարկներ է ստացել՝ մեծ քաղաքականություն մտնելու»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ վերջին ժամանակահատվածում կտրուկ փոփոխվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի աշխատանքային ոճը: Երկուսն էլ դարձել են ամեն ինչի նկատմամբ անտարբեր, ավելին՝ ամեն ինչից անտեղյակ: Բանն այն է, որ մինչեւ այս Մակունցն ու Սիմիդյանն էին խմբակցության հետ կապված ցանկացած հարցի լուծում տալիս՝ անմիջապես կապ հաստատելով Նիկոլ Փաշինյանի հետ: Հիմա, ըստ մեր տեղեկությունների, Լիլիթ Մակունցը լռակյաց է. եթե չկան խորհրդարանական նիստեր, ապա նրան գտնելը, կապ հաստատելը նրա հետ գրեթե անհնարին բան է: Հանգստյան օրերին Մակունցն ընդհանրապես տեսադաշտից անհետանում է, անգամ հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ինչ վերաբերում է Հակոբ Սիմիդյանին, ապա վերջինս միշտ կառավարել է խմբակցության հետ կապված բոլոր հարցերը, քվեարկություններից առաջ բոլորին sms-ներ է գրել դահլիճ գալու ու ինչպես քվեարկելու համար, իսկ հիմա պասիվացել է կամ չկա: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ եթե ինչ-որ հարցով պատգամավորները դիմում են խմբակցության քարտուղարին, նա հայտարարում է, թե ոչնչից տեղյակ չէ՝ «ոչ մի թեմայի մեջ չկամ» ձեւակերպմամբ: Ըստ խմբակցության պատգամավորների մի հատվածի՝ Մակունցի պահվածքը կարելի է ինչ-որ ձեւով հասկանալ, քանի որ վերջինս ամռանը կնշանակի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, բայց անհասկանալի է մնում Սիմիդյանի պասիվ կեցվածքը: Կարծիք կա, որ վերջինս ինչ-որ պաշտոնի է ձգտում, ու խորհրդարանն իրեն այլեւս չի հետաքրքրում»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանա­գիր» կուսակցության նախընտրական ցուցակը դեռևս գաղտնի է պահվում, այդ թվում՝ շարքային թիմակիցների համար: Սակայն «Իրավունքին» հասած տեղեկու­թյունների համաձայն՝ իշխող թիմը լուրջ բանակցությունների մեջ է մի քանի հայտնի պրոիշխա­նական «ֆիգուրների» հետ, որոնք մշտապես հին «երգն են երգել» ընդդեմ նախկին իշխանությունների: Հենց նրանց էլ վերապահված է, որ նախընտրական հեղինակություն պետք է բերեն դեռևս իշխող թիմին: Վերոնշյալի մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղե­կավար Լիլիթ Մակունցը ևս որոշակի փակագծեր, այդուհանդերձ, բացեց: - Ցուցակների հետ կապված, թույլ տվեք, այս պահին հրապարակում չանեմ՝ մի քանի պատճառներով, քանի որ արդեն ներկայացրել ենք, որ մայիսի 10-ից հետո անպայման ներկայացնելու ենք, թե ցու­ցակներում ովքեր են ընդգրկված լինելու: Նախընտրական ցուցակներում նոր մար­դիկ կլինեն: Ցուցակը կազմվելու է՝ բնա­կանաբար, կուսակցությունների մասին օրենքը հաշվի առնելով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում կայացած գիշերային արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։ Ինչպես հայտնի է, այս փաթեթի մեկ դրույթը՝ համամասնական ընտրակարգի անցնելը, արդեն ընդունվել էր խորհրդարանի կողմից եւ կկիրառվի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս մեծ փաթեթը ուղարկվել էր նաեւ Վենետիկի հանձնաժողով, եւ ապրիլի 22-ին իշխող ուժը ստացել էր նաեւ նրանց եզրակացությունը։ Սակայն նկատենք՝ երեկ ընդունված նախագծի դրույթներից որեւէ մեկը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի կիրառվելու։ Այսպիսով, ի՞նչ հիմնական փոփոխություններ են առաջարկվում։ Առաջին հերթին հեշտացվում է խորհրդարան մուտք գործելու կարգը կուսակցությունների համար, սակայն բարդանում է դաշինքների համար։


Այժմ գործող 5 տոկոսի փոխարեն կուսակցությունը կմտնի խորհրդարան նաեւ 4 տոկոսի պարագայում, այսինքն՝ շեմն իջեցվում է, իսկ, ահա, այժմ դաշինքների համար գործող 7 տոկոսի փոխարեն այլ կարգավորումներ են։ Եթե դաշինքը բաղկացած է երկու կուսակցությունից, ապա անցողիկ շեմը 8 տոկոս է, երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս։ Նկատենք՝ այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերը հիմնականում հանդես են գալու դաշինքով, իսկ, ահա, իշխող ուժը չի բացառել հենց կուսակցությամբ մասնակցելու տարբերակը։  Այսպիսով, քանի որ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքում եւ «Վերածնվող Հայաստան» -ՀՅԴ դաշինքում երկու ուժ է ներգրավված, ապա ստացվում է՝ նրանց համար անցողիկ շեմը կլինի 8 տոկոս, եթե այս օրենսգրքի դրույթները կիրառելի լինեին։ Այժմ գործող օրենքով Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը, իսկ նոր օրենքով՝ 42-րդ օրը: Եթե որեւէ կուսակցություն ստացել է բաշխված մանդատների ընդհանուր թվի 50 տոկոսը, ապա այդ կուսակցությունը ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որի արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 52 տոկոս: Այժմ գործող օրենսգրքով 54 տոկոս է նախատեսված։ Մեկ այլ փոփոխություն է նախատեսված նաեւ մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքների պարագայում, եւ ամրագրվում է, որ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման նոր կարգի վերաբերյալ կառավարության որոշումը պատրաստվում է վիճարկել Սահմանադրական դատարանում։ Արման Թաթոյանը երեկ ասել է, որ որոշումը խնդրահարույց է եւ հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածին՝ բուհերի ինքնավարությանը, ինչպես նաեւ հաշվի չի առնվել մասնագիտական հանրույթի տեսակետը։ Նոր կարգով՝ նվազեցվում է խորհուրդների անդամների թիվը, որոնց 65%-ին կնշանակի կառավարությունը։ Գործող կարգով՝ կառավարության, նախարարության, բուհի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները հավասար համամասնությամբ էին՝ 25 տոկոս։ Նախագծի նպատակը բուհերը կառավարելի դարձնելն է: Իսկ մինչ ՄԻՊ-ը կդիմի ՍԴ, արդեն 3 բուհի խորհրդի կազմը փոխելու գործընթաց են սկսել՝ ԵՊՀ-ի, Շիրակի եւ Մանկավարժական համալսարանների։ Կարո՞ղ է ՍԴ որոշումը, եթե կարգը հակասահմանադրական ճանաչվի, հետադարձ ուժ ունենալ՝ կչեղարկվե՞ն այսօր ձեւավորվող խորհուրդները, եթե հասցնեն ռեկտոր ընտրել, նա պաշտոնանկ կարվի՞։ Մեզ ասացին, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե դիմումն ինչ պահանջով կներկայացվի, եւ ՍԴ-ն ինչ ձեւակերպում կտա։ ՍԴ-ն կարող է դիմումն ընդունելու պահից կասեցնել վիճահարույց պրոցեսը, մինչեւ վերջնական որոշումն ընդունելը։ Եթե միջանկյալ որոշում չընդունվի, ՍԴ որոշման հետադարձ ուժը կախված է վերջնական որոշման ձեւակերպումներից»:


«Իրավունք» օրաթերթը գրում է. «Ինչպես է արցախցին հաղթահարում հետպատե­րազմյան դժվարությունները: Արցախի ապագայի, պատերազմի արդյունքների, Շուշիի անկման մասին «Իրավունքը» Արցախում զրուցել է ԱԺ նախ­կին նախագահ, ԱԺԿ կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանհ հետ, ով նախ անդրադարձավ արցախցիների օրախնդրային հարցերին.


-Ամբողջ խնդիրն այն է, որ մենք այս պահին կարիք ունենք լուրջ խորքային վերլուծությունների և մի­ասնական, կոլեգիալ կառա­վարման ինչ-որ համակարգ մշակե­լու և դրանով առաջնորդվելու անհրա­ժեշտություն: Ես շատ բարդ եմ տեսնում մեր արտաքին քաղաքականության առաջ ծառացած խնդիրները, որովհետև նման պատերազմից հետո շատ դժվար է դիվանագիտական ճանապարհով փոր­ձել վերականգնել կամ մեղմել այն հար­վածները, որոնք ժառանգեցինք 2020 թվականի պատերազմից հետո: Բնակա­նաբար, այն, ինչ այսօր կատարվում է մեր արտաքին քաղաքական գերատես­չությունների կողմից, ողջունելի է, նրանք բոլորն էլ ջանում են անել անգամ անհ­նարինը, որ մեղմվի այսօրվա մեր դժվա­րին իրավիճակը: Բայց որպեսզի այդ ամենը արդյունքներ ունենա, շատ կարևոր է, որ մենք համակարգված աշխա­տանք տանենք, որի արդյունքում միայն կարելի է ցանկալի արդյունքների հաս­նել: Ցավոք, այսօր ես չեմ տեսնում ջան­քեր, որ մեր քաղաքական ողջ ներկապ­նակը ծառայեցվի դրան:


- Պարո՛ն Ղուլյան, Փաշինյանն ասում է, որ Արցախն ապագա ունի, և այդ ապագան կարծես թե իր հետ է կապում:


-Ես չգիտեմ, թե ինչքանով է Փաշի­նյանը տեսնում Արցախի ապագան իր ղեկավարման օրոք, դա կարող է որոշել միայն ժողովուրդը: Իրականությունն այն է, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախի և ընդհանուր համահայկական արժանապատվության հետ, չի խոսում այդ տրա­մաբանության օգտին: Հայությունը, Ար­ցախը ապագա ունեն, բայց ապագան կերտելու համար մեզ պետք են բոլորո­վին այլ որակի իշխանություններ:


-Պարո՛ն Ղուլյան, ի վերջո, Շուշիի անկման հետ կապված առեղծվածը ամիս­ներ անց գոնե Ձեզ համար հայտնի դար­ձա՞վ:


-Շուշիի անկման հետ կապված հար­ցերը բազմաթիվ են և բազմապիսի, բայց ես կողմնակից եմ, որ այդ մասին խոսեն և իրականությունը բացահայտեն առաջին հերթին ռազմական գործիչնե­րը, ովքեր տեղյակ են, թե ինչ է տեղի ու­նեցել այդ մարտերի ընթացքում: Ինչ վե­րաբերում է կոնկրետ ռազմական գործողությունները կազմակերպելուն, ապա այստեղ շատ դժվար է այս խառնաշփոթի մեջ ճիշտ կողմնորոշվել: Ես հակված եմ հավատալու այն ռազմական գործիչնե­րին, ովքեր տարիներ առաջ ազատագ­րել են Շուշին, ովքեր հասկանում են Շուշիի իմաստն ամբողջությամբ: Ես մի դրվագի վրա կարող եմ ուշադրություն դարձնել, եթե մենք մինչ օրս չգիտենք Շուշիի ռազմական գործողությունները կազմակերպող հրամանատարին կամ հրամանատարական խմբին, ապա պարզ է դառնում, թե մեր պետական, պաշտպանական կառավարումն ինչպիսի մակարդակի էր: Եվ, այո, Շուշիի անկումը առեղծված է, և դրա վառ ապացույցն այն է, որ մինչ օրս գաղտնի է պահվում Շուշիի օպերացիայի հրամանատարի անունը:


-Պարո՛ն Ղուլյան, 44 օր շարունա կ բոլորիս հավատացնում էին, որ հաղթում ենք: Ձեզ համար պատերազմի ո՞ր օրն էր այլևս ակնհայտ, որ թշնամու ուժերն անհավասար են, և որ մեզ ՌԴ-ի օգնությամբ պատերազմը կանգնեցնել է անհրաժեշտ


-Անկեղծ ասած, պատերազմի տարբեր օրերին մենք մշտապես հավատում էինք, որ թեկուզ տարբեր հատվածներում հաջողություններ են տեղի ունենում այնուամենայնիվ, մենք կմոբիլիզացնենք մեր ողջ ռեսուրսները ճիշտ գործողությունների արդյունքում կհասնենք հաջողության: Ցավոք, հոկտեմբերին արդեն պարզ էր, որ ինչ-որ բան այնպես չէ, որ մենք չենք կարողանում պետական կառավարման համար համարժեք դարձնել այն մարտահրավերներին, որ այդ պատերազմի ընթացքում մեր առջև դրված էր: Դրանից հետո, թեկուզ շատ խիստ թերահավատորեն, այնուամենայնիվ, փորձում էինք պաշտոնական քարոզչությանը հավատալ, ինչը, ինչպես տեսանք, շատ վատ խաղ դարձավ մեր ազգային արժանապատվության համար»,-գրում է թերթը։


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրեց. «Արցախի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Այսպիսին է հայկական կողմի դիրքորոշումը, որի մասին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բարձրաձայնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ժամանակ։ Նրա խոսքով, հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորմանը հնարավոր է հասնել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի մեր տարածաշրջանին։ «Նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը»,- ասել է նա։ Սա թերևս ամենակարևոր ուղերձն է, որի մասին հայկական կողմը բարձրաձայնում է և պետք է հետևողականորեն խոսի յուրաքանչյուր հարմար առիթով։ Թե՛ միջազգային հանրությունը, թե՛ արցախյան համակարտությամբ տասնյակ տարիներ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկրները, թե՛ ադրբեջանական կողմը պետք է ընդունեն դա որպես առանցքային ուղենիշ խնդրի կարգավորման գործընթացում»»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարիներ շարունակ խոսվել է պետական բյուջեի ոչ արդյունավետ ծախսերի մասին. երբ գալիս էր մարզերում գործ անելու, դպրոցի կամ ճանապարհի հիմնանորոգման հարցը, նախկին իշխանությունները միշտ կրկնում էին, որ փող չկա, որ հազիվ են հասցնում պաշտպանական հարցերը լուծել։ Սակայն երբ հերթը հասնում էր իրենց անձերին, ռեստորաններին, VIP ծառայություններին, հյուրանոցներին ու կոստյումներին, ամեն բան դառնում էր եվրոպական ու ամերիկյան չափանիշներով, վերջին սերնդի: 44-օրյա ողբերգական պատերազմը լակմուսի թուղթ էր նաեւ բյուջետային ծախսերի բացահայտման առումով. 2020թ.-ի դեկտեմբերի վերջին Արցախի ԱԺ նիստից մենք իմացանք, որ հայկական այդ փոքրիկ հանրապետությունն իր բյուջեից ամեն տարի մոտ 20 մլն դոլար գումար է ծախսել, ուշադրություն, նախկին պաշտոնյաների, նախագահների վրա: Հայաստանի մի շարք մարզերից էլ պակաս բնակչություն ունեցող Արցախում նման վերաբերմունքը, մեղմ ասած, անթույլատրելի էր: Որպեսզի հասկանաք ու պատկերացնեք, թե ինչ գումարի մասին է խոսքը, համեմատենք. այն մոտ 6 անգամ ավելին է, քան հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիի տարեկան բյուջեն, 7-8 անգամ ավելին է, քան երրորդ քաղաքի` Վանաձորի բյուջեն, այդ գումարով ամբողջ շրջկենտրոններում մարզասրահներ կամ ՏՏ կենտրոններ կարելի էր բացել եւ այլն: Ահա թե ինչու հասարակությունն ընդվզեց, դուրս եկավ փողոց։ Մարդիկ հոգնել էին նախկիններից, հոգնել էին խաբված զգալուց ու հիմա էլ, ըստ հարցումների ու դիտարկումների, ընդդիմության հիմնական մասին մարդիկ ընկալում են նախկին, ընկալում են իրենց դպրոցը չկառուցող, սեփական կաշվի մասին մտածող կառավարիչների: Ինչպես ասում են, ամեն ինչ իրականում շատ պարզ է»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» խմբագրություն են ահազանգում տարբեր մարզերից ոստիկաններ և հայտնում, որ իրենց ասել են, որ կա ոստիկանապետի հրա­ման, որ առաջիկա երկու ամիսներին որևէ մեկին արձակուրդ չի տրվելու, մինչև նոր որոշումը: Վերոնշյալ խոսակցությունները, հատկապես մարզերի ոս­տիկանների մոտ լուրջ դժգոհության տե­ղիք են տվել, որովհետև մարզի ժողո­վուրդը այս ամիսներին է իրենց ձմռան ապրուստը վաստակում՝ վար ու ցանք անում, հողագործական աշխատանքներ անում:  Ոստիկանությունից մեզ տեղեկաց­րին, որ նման տեղեկություն չունեն: Մենք, ամեն դեպքում, կփորձենք հար­ցի պատասխանը ստանալ նաև գրավոր հարցման միջոցով: Դիմեցինք նաև ՄԻՊ-ին, հետաքրքր­վելով, թե մարդուն հասանելիք արձա­կուրդից զրկելը մարդու իրավունքների խախտում չէ՞: Մեզ խնդրեցին հարցը գրավոր ուղարկել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բուժաշխատողներից ահազանգ ենք ստանում, որ պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվել, եւ հատկապես շեշտում են, որ պետք է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Ասվում է նաեւ, որ դա առողջապահության նախարարության հրահանգն է, եթե ոչ, ապա կզրկվեն աշխատանքից։ Բանն այն է, որ այս պատվաստանյութի ժամկետը մայիսի 31-ին լրանում է, եւ իշխանությունն ամեն ինչ անում է, որ այն «նաղդի» բնակչության վրա, որ իրեն չմեղադրեն պետական միջոցները փոշիացնելու մեջ։ Իսկ բուժաշխատողների շրջանում խուճապ է, քանի որ այդ պատվաստանյութի կողմնակի էֆեկտների մասին շատ է խոսվում»: