VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվեց իր հոգեզավակից՝ հայտարարելով, որ «ողջ հայության պարտքն է՝ գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»։ Եվ հաշվի առնելով «իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները»՝ ՀՀ երկու նախագահներին առաջարկում է միավորվել։ Փաշինյանը, օգտագործելով ԱԺ ամբիոնը, հակադարձեց նրան, թե Տեր-Պետրոսյանն «ավազակապետական հեղափոխություն» է փորձում անել՝ «չի ստացվի»»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․«ՀԱԿ-ը երեկ որոշել է կրկին հետաձգել համագումարը․ ի սկզբանե մայիսի 1-ին էր նախատեսված, ապա հետաձգվեց՝ 7-ին, իսկ երեկ նեղ կազմով քննարկումից հետո կանգ են առել մայիսի 15-ի վրա։ Թե ինչու են պարբերաբար հետաձգում, չեն մեկնաբանում, ՀԱԿ շարքերը դա բացատրում են 1-ին նախագահի առողջական վիճակով, իբրև թե սպասում են, որ կորոնավիրուսից լրիվ կազդուրվի։ Սակայն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը լույս սփռեց իրավիճակի վրա։ Մարտի 25-ին տեղի ունեցած ՀՀ և Արցախի նախկին նախագահների հետ հանդիպմանը Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին առաջարկել էր մոռանալ նախկին տարաձայնությունները և, «գիտակցելով պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ», անձնապես չհավակնել իշխանության ու առաջիկա ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինքով»։ Ռ․ Քոչարյանը մերժել էր առաջարկը, Սերժ Սարգսյանը՝ լռել։ Եվ հիմա նա կրկնում է այն՝ հրապարակավ, հույս ունենալով, որ կհաջողվի միավորվել։ ՀԱԿ շրջանակներից տեղեկացանք, որ իրենք թերահավատ են, թե միայնակ կհաղթահարեն անցողիկ շեմը, հատկապես որ ֆինանսական դժվարություններ ունեն։ Եվ Տեր-Պետրոսյանը համագումարը հետաձգում է, քանի որ երկմտում է՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ։ Համագումարը կկայանա Մելիք Ադամյանի դահլիճում: Չնայած նախապես ավելի ընդարձակ դահլիճում էին ուզում, ասենք՝ մարզահամերգայինում, բայց անգամ վարձակալության համար պահանջվող գումարի խնդիր կա։ Մարդկային ռեսուրսի խնդիր էլ կա․ շատերին Փաշինյանը գրավել տարել է։ Բայց ՀԱԿ-ը բանակցում է մտավորականների, արվեստի, գիտաշխարհի ներկայացուցիչների հետ: Ընտրացուցակների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 26-ն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ առաջին նախագահը վերահաստատեց իր առաջարկը երկրորդ եւ երրորդ նախագահներին, որից հետո ՀԱԿ-ի քաղաքական ապագայի մասին խոսակցությունները ակտիվացան։ Բայց իրադարձությունների զարգացումները գնում են այն ուղղությամբ, որ մեծ հավանականությամբ ՀԱԿ-ը որոշում կկայացնի չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նման որոշման համար ՀԱԿ-ում կան ծանրակշիռ պատճառներ. նախ՝ չունեն բավարար ֆինանսական միջոցներ ընտրություններին մասնակցելու համար, բացի այդ, կուսակցությունը նաեւ մարդկային ռեսուրսի լուրջ խնդիր ունի։ Բազմիցս երիտասարդ իշխանականները ՀԱԿ-ին որակել են կադրային ու մոտեցումային բազան չթարմացված քաղաքական ուժ, որտեղ ժամանակին եղել են պրոֆեսիոնալ կադրեր, բայց վերջիններս այլեւս ակտիվ չեն, իսկ երիտասարդ կադրերից շատերը լքել են կուսակցությունը։ Կարճ ասած, թե՛ ֆինանսապես եւ թե՛ մարդկային ռեսուրսներով ՀԱԿ-ը չունի կապիտալ եւ չի կարողանա մասնակցել ընտրություններին, ծածկել ընտրական բոլոր տեղամասերը, մինչդեռ ՀԱԿ-ն ուներ բոլոր շանսերն այժմ ամենաուժեղ ընդդիմությունը լինելու, քանի որ Լեւոն Տեր -Պետրոսյանի արցախյան թեզերը ճիշտ դուրս եկան։ Այս ընդդիմությունն էլ, սակայն, ճիշտ չաշխատեց ու դարձավ անկարող։ Եվ որպեսզի որեւէ կերպ այդ անկարողությունը արդարացվի, ՀԱԿ-ից կշարունակեն հնչեցնել մեղադրանքներ գործող իշխանության հասցեին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ճիշտ է, արտահերթ ընտրությունների մասին իրապես կարելի կլինի խոսել միայն մայիսի 10-ին, այդուամենայնիվ, քաղաքական ուժերն ինտենսիվ նախապատրաստվում են նախընտրական մեկնարկին։ Այս օրերին ընտրություններին մասնակցելու նպատակ ունեցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը լծված են նախընտրական ցուցակների կազմման հարցերով: Ըստ էության, դրանց մասին գիտեն միայն քաղաքական միավորների ղեկավարները, բայց արդեն իսկ դուրս են «սպրդում» տարբեր անուններ։ Նախընտրական ցուցակի կազմման աշխատանքներով են զբաղված նաև իշխող քաղաքական ուժի «վերնախավում»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ գործընթացը անցնցում չի անցնում, քանի որ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ վերջին հանդիպմանն ասել է, որ «նեղանալ չլինի, բայց, բնականաբար, որոշ մարդիկ ցուցակի ներքևի հատվածում կլինեն, բոլորը վերևում չեն տեղավորվի»։ Բանն այն է, որ Փաշինյանն իր ցուցակում նախատեսում է ընդգրկել իշխանություններին սպասարկող բիզնես շրջանակների մի քանի ներկայացուցիչների, և պայմանավորվածություններ կան, որ նրանք պետք է լինեն առաջին քսանյակում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս փաստը գործող որոշ պատգամավորների մոտ բավականին ցավոտ է ընդունվել, քանի որ նրանց մեծամասնությունը ցուցակում զբաղեցնելու է ակնհայտ «ցածր» հորիզոնական և, ըստ ամենայնի, խորհրդարան չեն մտնի։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ օրերս մամուլում շրջանառված այն տեղեկությունը, որ ՔՊ կենտրոնական գլխամասում տեղի են ունեցել գոռգոռոցներ և քաշքշուկ, ուղղակիորեն կապված են այս գործընթացների հետ։ Ի դեպ, հավելենք, որ այս միջադեպը բացառություն չէ, և պարբերաբար նմանօրինակ դեպքեր ու միջադեպեր են գրանցվում, գուցե ոչ քաշքշուկի «մակարդակի»: Հավելենք, որ պակաս լարված չէ նաև մարզային կառույցներում տիրող ընդհանուր մթնոլորտը»:
«168 ժամ» թերթը գրում է. «Ելույթից՝ ելույթ, հայտարարությունից՝ հայտարարություն, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում անհապաղ կարգով ստեղծվի աշխարհում գոյություն չունեցող մասնագիտություն՝ քաղաքական հոգեբուժություն։ Քաղաքական հոգեբանությունը, որ որպես առանձին դիսցիպլին վաղուց գոյություն ունի, այս դեպքում անզոր է, առանց հոգեբուժական միջամտության Հայաստանն անխուսափելիորեն հայտնվելու է այնպիսի փսիխոզի մեջ, որում գտնվում և իր հրապարակային խոսքն է արտահայտում Նիկոլ Փաշինյանը։ Զրահաբաճկոնն անգամ նրան այլևս չի օգնում, որևէ ամբիոնի մոտ հայտնվելիս նրա ներքին վախերն ու կոմպլեքսներն առաջին պլան են մղվում՝ հիմքեր ստեղծելով քաղաքական փսիխոզի հորդման հերթական արարի համար։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը պատերազմում խայտառակ պարտություն է կրել, հանձնվել է Արցախի 75 տոկոսը՝ 5 հազարից ավելի զոհերով։ «Դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» պիտակներն իրականում նրա քաղաքական ու ոչ միայն քաղաքական ուղու վրա դաջել են ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ որևէ այլ մեկը, այլ անձամբ ինքը՝ սեփական գործողություններով, անգործությամբ, անկարողությամբ կամ դավաճանությամբ։
Ահա, ուրեմն, սեփական ձեռքով սեփական դեմքին դաջված պիտակները Նիկոլ Փաշինյանը վերահասցեագրում է մարդկանց, ովքեր, անկախ նրա իսկ մատուցած կամ հորինած պատմություններից, Արցախն ու Հայաստանն անառիկ են պահել։ Դա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ կոմպլեքսն է, նրանց հաջողվել է այն, ինչը տապալել է ինքը և ինչի համար արժանանում է առնվազն մտածելու ունակ մարդկանց համապատասխան վերաբերմունքին։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դա, քաջ գիտակցում է, որ առողջ բանականությունն անունակ է արդարացնելու իր գործողությունները, և իրականում նա իր խոսքն ուղղում է ոչ թե հասարակության այդ՝ բանականությամբ առաջնորդվող հատվածին, այլ այն շերտերին, ում համար կարևորը ոչ թե ասելիքի բովանդակությունն է, այլ հիստերիայի ու լաչառության դեցիբելը։ Նիկոլ Փաշինյանն ավերումների իր շքերթում հաջողություն է արձանագրել ոչ միայն Արցախի կործանման ու Հայաստանի պետականության կազմաքանդման հարցում։ Նա կարողացել է նաև անդառնալիորեն իջեցնել, ընդհուպ հողին հավասարեցնել խոսքի, քաղաքական խոսքի արժեքն ու պատասխանատվությունը։ Նրա ամեն հաջորդ հայտնություն, նրա արտասանած ամեն միտք նրան ավելի է հեռացնում բանականության հարթությունից, նրա հետ քաղաքական բանավեճը դարձնում անիմաստ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանում նախապատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների. ի՞նչ կանխատեսումներ կան։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ։ «Կանխատեսումը պարզ է: Բազմաչարչար հայ ազգը չի կարող այս ընտրություններում ճիշտ որոշում կայացնել, որովհետեւ նրանց դա թույլ չեն տա անել նրանք, ովքեր անամոթաբար եւ հանցավոր կերպով շահարկում են ընտրական գործընթացը,- հայտարարեց Պետրոսյանը՝ հավելելով։- Ի վերջո ներկա պահի դրությամբ կա մրցակցող երկու կերպար՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես իշխանություն, եւ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես ընդդիմություն: Մնացածը, այսպես կոչված, փչացնողներն են: Հասարակությունն ամեն դեպքում ընտրություն է կատարելու Փաշինյանի եւ Քոչարյանի ուժերի միջեւ, սակայն այդ երկրորդ խմբում դուք չեք տեսնի Սերժ Սարգսյանին իր ՀՀԿ-ի հետ: Սերժ Սարգսյանի եւ նրա ուժի ակտիվ մասնակցությունն առաջիկա ընտրություններին հենց առարկայական է դարձնում հասարակության մտավախությունը՝ «նախկինների վերադարձի» հետ կապված: Սերժ Սարգսյանը, նրա ՀՀԿ-ն եւ մյուս կուսակցությունը՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», կկտրեն Ռոբերտ Քոչարյանի էլեկտորատի պոտենցիալը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, ասաց. «Խորհրդային տարիներին Ղարաբաղում ապրում էր 40 հազար ադրբեջանցի։ Որտե՞ղ են երաշխիքները, որ 40 հազար ադրբեջանցիները իրենց հերթին չէին ցանկանա ինքնորոշվել»։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր Գեւորգ Կոստանյանի հետ։ Նա հայտնեց, որ Ազգային ժողովում վարչապետի ԺՊ-ի՝ ադրբեջանցի փախստականների Արցախ վերադարձի վերաբերյալ արած հայտարարությունը կարող է հունից հանել նույնիսկ այն մարդկանց, որոնք արդեն պիտի որ սովորած լինեին նրա կեղծիքին: «Ըստ էության, ԺՊ-ն այս անգամ էլ փորձում է ադրբեջանցի փախստականներին հրավիրել իրեն օգնության՝ իր աթոռը պահպանելու համար»,- ասաց Կոստանյանը՝ շարունակելով։ -Փախստականների հնարավոր վերադարձի հարցը վաղուց քննարկման առարկա է եղել նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդեմ Ադրբեջանի» գործերի կատարման շրջանակներում: Այս քննարկումներին ինձ հետ միասին մասնակցել են նաեւ նախկին արտգործնախարար Զ. Մնացականյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Է. Բաբայանը, ինչպես նաեւ ԵԽ-ում Հայաստանի ներկայիս դեսպանը:
Քննարկումները եղել են առարկայական, թե ինչ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում, ինչ պայմաններով եւ որ բնակավայրեր կարող են վերադառնալ ադրբեջանցի փախստականները եւ Ադրբեջանի կողմից ինչպիսի պարտավորություններ ստանձնելուց հետո: Ամենակարեւորը` այս գործընթացը պետք է իրականացվեր Արցախի իշխանությունների ուղղակի ներգրավմամբ ու մասնակցությամբ, իսկ ծագած վեճերը պետք է լուծվեին Արցախի դատարանների կողմից: Ի դեպ, նույնկերպ քննարկվում էր նաեւ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներ՝ Գետաշեն, Արծվաշեն, Գյանջա, Բաքու եւ այլ բնակավայրեր հայ փախստականների վերադարձի հարցը: Հայ փախստականների վերադարձը Ադրբեջան եւ ադրբեջանցի փախստականների վերադարձը Արցախ քննարկվում էր մեկ ընդհանուր փաթեթեում: Սակայն այս հարցում նույնպես, ինչպես մնացած բոլոր ոլորտներում ԺՊ-ն եւ իր իշխանությունը, բացի նահանջից եւ կապիտուլացիայից, ուրիշ ոչինչ չարեց: Ինչպես արդեն նշել իմ ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում, Նախարարների կոմիտեում 2020թ հունվար-փետրվարի նիստին այս հարցը Նիկոլի կողմից ամբողջովին տապալվել է: Կարծում եմ՝ Ազգային ժողովում Նիկոլի վերջին ելույթից հետո նույնիսկ խիստ դիվանագետ Զոհրաբ Մնացականյանին այլ բան չէր մնա անելու, քան ապտակել Նիկոլ Փաշինյանին՝ ակնհայտ փաստերը կեղծելու, անամոթաբար խեղաթյուրելու համար»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, մայիսի 20-ից հետո նախատեսված է «Ալյանս» կուսակցության պատվիրակության այցը Մոսկվա, որտեղ նախանշված են հանդիպումներ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչների, ինչպես նաև Դաշնային ժողովի և Պետական դումայի արտաքին կոմիտեների հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվելու է բավականին ընդգրկուն օրակարգ, որն իր մեջ ներառում է հարցերի լայն շրջանակ: Նախընտրական շրջանում նման այցը ուշագրավ է հատկապես այն առումով, որ, ըստ տեղեկությունների, Ռուսաստանում, մեղմ ասած, բավականին բարյացակամ վերաբերմունք ունեն «Ալյանսի» ու նրա ծրագրի նկատմամբ, հատկապես այն տեսակետից, որ մասնավորաբար, այս կուսակցության ծրագրում կան կոնկրետ շեշտադրումներ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային նոր պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Ալյանսի» նախագահի և Հայաստանում ՌԴ դեսպանի հանդիպման ժամանակ վերջինս պաշտոնապես ողջունել է այդ կուսակցության քաղաքական պլատֆորմը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահները խոշորացույցի տակ են վերցրել քիչ թե շատ հայտնի բոլոր այն անձանց, ովքեր իշխանության հետ չեն։ Հազարավոր քրեական գործեր են հարուցվել՝ մարզերում պաշտոն եւ բիզնես ունեցող անձանց դեմ։ Զանգվածային ստուգումներ են անում համայնքապետարաններում։ Քաղաքական հետապնդումների գործիք է դարձել հատկապես Պետական վերահսկողական ծառայությունը, որն արդեն 2 ամիս է՝ ստուգումներ է իրականացնում Սյունիքի համայնքներում։ Միայն Քաջարան չեն մտել, քանի որ աշխատակիցները չեն բավականացրել։ Ստուգել են Գորիսի, Սիսիանի, Մեղրիի համայնքապետարանները, շատ մանրակրկիտ, օրինակ, Սիսիանի քաղաքապետարանի պատն են փորել, որ չափեն գաջի հաստությունը, Գորիսում ասֆալտի երկարությունն ու լայնությունն են միլիմետրերով չափել։ Բայց, ի ցավ իրենց, հայտնաբերել են, որ Գորիսում 2 միլիոն դրամ հատկացվածից ավելի է ծախսվել, քաղաքապետը համայնքի կարիքների համար իր անձնական միջոցներն է ծախսել։ Ավելի վաղ Սպիտակի համայնքապետարանն էին ստուգել, քաղաքապետին ներկայացված ակտում գրեթե ոչ մի խախտում չի արձանագրվել, բայց ՀՔԾ-ն ստուգումների արդյունքներով քրեական գործ է հարուցել։ Չի բացառվում, որ նույն ճակատագրին արժանանան նաեւ Սյունիքի համայնքապետերը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններում քիչ հավանական է, որ փող բաժանեն՝ որպես ընտրակաշառք, բայց այլ արատավոր մեթոդներ կկիրառվեն, որոնք կստիպեն, որ մարդիկ ոչ թե գիտակցված ընտրություն կատարեն, այլ՝ շահից դրդված։ Ըստ ամենայնի, այս ընտրությունների նոուհաուն լինելու է հետեւյալը․ թեկնածու կուսակցությունները կարճաժամկետ աշխատատեղեր կբացեն, մարդկանց կընդունեն աշխատանքի։ Դա կարվի նախընտրական շտաբների անվան տակ։ Այս սխեմայից օգտվելու է ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը։ Իշխանությունն այսօր էլ սկսել է համատարած աշխատանքի ընդունել մարդկանց եւ խոստումներ տալ՝ ընտրություններից հետո աշխատանքի տեղավորելու հետ կապված։ Իսկ թեկնածու կուսակցություններից մեկը, օրինակ, պատրաստվում է հարյուրավոր նախընտրական շտաբներ բացել բոլոր մարզերում եւ ամեն շտաբում 5-ական մարդ ընդունել աշխատանքի՝ երկու ամսով։ Պարզ հաշվարկ անենք․ 500 շտաբ, 5 աշխատողով՝ կստացվի 2 հազար 500 աշխատող։ Սրանց միայն ընտանիքի անդամները կկազմեն 10 հազար քվե, կգումարվեն նաեւ ազգուտակը, ընկերները եւ 50 հազար ձայնը, այսինքն՝ անցողիկ շեմը հաղթահարված է։ Պարզապես մի փոքրիկ նյուանս․ մեկ կուսակցության ծախսերը կկազմեն մի քանի միլիոն դոլար։ Իրավապահները խոշորացույցի տակ են վերցրել քիչ թե շատ հայտնի բոլոր այն անձանց, ովքեր իշխանության հետ չեն։ Հազարավոր քրեական գործեր են հարուցվել՝ մարզերում պաշտոն եւ բիզնես ունեցող անձանց դեմ։ Զանգվածային ստուգումներ են անում համայնքապետարաններում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթը գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկություններ է ստանում, որ պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա ձայների որոշակի «պլան» է դրվել: Սրա արդյունքում ներկայումս բավականին լարված իրավիճակ է տիրում պետական բոլոր գերատեսչություններում, որտեղ, առանց այդ էլ հետպատերազմյան շրջանում լարվածության պակաս չկար: Մի կողմից՝ մեծամասնությունը կտրուկ հրաժարվում է մասնակից դառնալ նման գործընթացի, մյուս կողմից՝ ոմանք, ընդհակառակը, փորձում են հաճոյանալ «շեֆին» և հնարավորինս մեծ ծավալի ցուցակներ ներկայացնել։ Թերթի՝ կառավարության աղբյուրը փոխանցեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերատեսչություններում լայն թափով ընթանում են աշխատակիցների ցուցակագրման աշխատանքներ։ Աշխատակիցները «տեսակավորվում» են ըստ վերը նշված տրամաբանության, ինչպես նաև գործող իշխանությունների հանդեպ վերաբերմունքի: Նրանք, որոնք բացահայտ դեմ են այս իշխանություններին, դասակարգվում են երկու ցուցակում՝ «անհնազանդների» և «ռիսկայինների»։ Առանձին ցուցակում են «սվոյները»: Վերջինս հիմա բավականին խեղճ ցուցակ է, սակայն, մեր ունեցած հավաստի տեղեկության համաձայն, նախատեսվում է «անհնազանդների» և «ռիսկայինների» խմբերի ներկայացուցիչներին առայժմ չնեղացնել, բոլորի հետ տանել համապատասխան «զրույց», փորձել նրանց հետ տանել անհատական աշխատանքներ։ «Ռասկլադը» հետևյալն է. գոնե հասնել նրան, որ պետական գերատեսչությունների այն աշխատակիցները, որոնք չեն ընտրում իշխանությանը, չմասնակցեն ընտրությանը, ուղղակի ընտրատեղամաս չգնան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը և ՀՀ հաշվեքննիչ պալատը այս օրերին ստուգումներ են իրականացնում ՀՀ առողջապահության նախարարությունում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ուսումնասիրվում է հատկապես Արսեն Թորոսյանի՝ նախարար լինելու ժամանակահատվածը, նրա կատարած աշխատանքը: Մեր տեղեկություններով՝ կառավարությունից հանձնարարական է տրվել երկու կառույցներին ուսումնասիրել կորոնավիրուսի հետ կապված բոլոր հարցերը, պարզել, թե այդ ընթացքում ինչպես է ծախսվել բյուջեն, ու ինչ աշխատանքներ են իրականացրել: Բանն այն է, որ տարատեսակ տեղեկություններ են զեկուցվել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կորոնավիրուսի հետ կապված ծախսերի վերաբերյալ, ինչը հարուցել է Փաշինյանի տարակուսանքը, որից հետո որոշում է կայացվել ուսումնասիրություն իրականացնել ու հստակ տեղեկություն զեկուցել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Պետական վերահսկողական ծառայությունից պարզել՝ ինչ թերացումներ կամ յուրացումներ են բացահայվել ԱՆ-ում, սակայն գերատեսչությունից որևէ մեկնաբանություն կամ մանրամասներ չտրամադրեցին»
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում տնտեսությունը շարունակում է մնալ ծայրահեղ վիճակում։ Այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսել է կամաց-կամաց նահանջել, աշխարհի տարբեր երկրներում տնտեսությունը վերականգնվում է, իսկ որոշ պետություններում ընթացիկ տնտեսական աճը անգամ գերազանցում է բոլոր սպասումները, մեզ մոտ տնտեսությունը վերակենդանացման նշաններ ցույց չի տալիս։ Ավելին, գնալով վիճակը ծանրանում է: Եվ պատահական չէ, որ այս տարվա համար կանխատեսվող տնտեսական ցուցանիշները գնալով ավելի հոռետեսական են դառնում։ Հենց դրանով է պայմանավորված, որ ԿԲ-ն նվազեցրել է 2021-ի համար տնտեսական աճի՝ ավելի վաղ կանխատեսած ցուցանիշը՝ նախկին 2 տոկոսի փոխարեն արդեն կանխատեսելով 1,4 տոկոս տնտեսական աճ: Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը բավարարվում է Հայաստանի համար ընդամենը 1 տոկոս աճ կանխատեսելով։ Սրանք, իհարկե, որևէ կերպ լավատեսություն չներշնչող կանխատեսումներ են՝ հաշվի առնելով, որ անցած տարի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով տնտեսական աշխուժությունը հասել էր նվազագույնի, իսկ հիմա տնտեսական գործունեության բոլոր ոլորտները գործում են, սակայն այս պարագայում տնտեսության վիճակի բարելավումը շատ չնչին է, ինչը շատ տարօրինակ է թվում։