Հայաստանում քաղաքական ճգնաժամի, արտահերթ ընտրությունների, սպասվող ընտրապայքարի, «Մարտի 1» գործի, հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության մասին VERELQ-ը «Թեժ գիծ» նախագծի շրջանակում զրուցել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի հետ:
Տիկին Նազարյան, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Արդյոք պարզ է, թե ի՞նչ ձևաչափով եք մասնակցելու ընտրություններին՝ «Քաղաքացիական պայմանագիրը» որպես առանձին ո՞ւժ, թե՞ այլ ուժերի հետ դաշինքով: Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերն այս ընտրություններին՝ հաշվի առնելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունն ու դրա հումանիտար, սոցիալական ու քաղաքական հետևանքները:
Ամենայն հավանականութամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների կմասնակցի առանձին՝ առանց դաշինքի:
Իսկ ինչպե՞ս են իրենց շանսերը գնահատում այլ ուժեր, որոնք Ղարաբաղյան հակամարտության երկար տարիների ընթացքում՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, ապրիլյան պատերազմի, սահմանին անհաշվելի հարձակումների ժամանակաշրջաններում եղել են բանակցող, կա՛մ բանակցողի կոալիցիոն գործընկեր, կա՛մ խորհրդարանում ընդդիմություն, կա՛մ էլ արտախորհրդարանական ընդդիմություն: Ղարաբաղյան կոնֆլիկտի խնդրում իրենք իրենց բաժին մեղքի բեռն ու պատասխանատվությունը հաշվի առնո՞ւմ են՝ իրենց շանսերը գնահատելիս: Թե՞ շատ հեշտ է միայն մի քաղաքական ուժի, կամ, է՛լ ավելի դյուրին, միայն մեկ հոգու մեղավոր նշանակել ամեն ինչի համար:
Առաջնահերթորեն, իհարկե՛, ընդունելով գործող կառավարության բաժին մեղքն ու պատասխանատվությունը, այնուամենայնիվ, հանուն ճշմարտության, պետք է ասեմ, որ պատերազմը նախ Ադրբեջանի ագրեսիայի և հարցը խաղաղ լուծելու միջազգային պայմանավորվածության խախտման հետևանք է և, երկրորդը, ինչն ավելի էական է մեզ համար, մեր պետության՝ քաղաքական, ռազմական, հետո նաև հասարակական, կրթական, գիտական և մեդիա հանրույթների ու ինստիտուտների չգոյության կամ չարածի հետևանք է: Հիմա չեմ ցանկանում մանրամասնել, բայց հիմնավորումներ ունեմ: Հուսով եմ, որ նշածս շրջանակները ինքնահայեցման միջոցով խորապես վերլուծում ու վերագնահատում են իրենց դերակատարումն այս խնդրում:
Եվ, ի վերջո, մեր գնահատելով չէ, քաղաքացիները պետք է որոշեն ընտրությունների միջոցով:
«Հանրությանը ներկայանալու ենք այնպես, ինչպես ներկայացել ենք միշտ՝ գնալու ենք համայնքներ և տներ»:
Ինչպիսի՞ ընտրություններ են մեզ սպասվում: Ինչպե՞ս է իշխանական թիմը ներկայանալու հանրությանը: Ի՞նչ նախընտրական թեզեր է առաջ տանելու: Այս անգամ իշխանությունն առաջնորդվելո՞ւ է «սև ու սպիտակ» նարատիվով:
Լիահույս եմ, որ մեզ սպասվում են ազատ և ժողովրդավար ընտրություններ և դրա երաշխավորը Հայաստանի քաղաքացիներն են, ՀՀ իրավապահ համակարգը և բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց նպատակն է պատերազմի աղետից հետո ոտքի վրա պահել պետությունը ընտրական ողջ փուլում, երբ յուրաքանչյուրը պետք է դրսևորի առավելագույն պատասխանատվություն: Հայրենասիրությունը նաև պատասխանատու քաղաքացի լինելն է: Հանրությանը ներկայանալու ենք այնպես, ինչպես ներկայացել ենք միշտ՝ գնալու ենք համայնքներ և տներ: Ե՛վ ասելիք ունենք, և՛ լսելիք: Բնական է, որ մարդկանց առավելապես և առաջնահերթորեն հետաքրքրում են պատերազմի պատճառների, ապագայի անվտանգային, տնտեսական և արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր: Ուրեմն, հենց այս հարցերին էլ պետք է պատասխաններ լինեն՝ անկեղծ և իրատեսական: Ի դեպ, վարչապետը ԱԺ-ում և համայնքներում արդեն բացել է այս հարցերի մասին խոսակցություն: Ինչ վերաբերում է «սև ու սպիտակ»-ին, ապա սևին սև ենք ասել, նկատի ունենալով, որ սևը ընտրակեղծարարությունն է, կոռուպցիան և անօրինականությունները, որոնց ականատես ենք եղել անցյալում:
«Ընտրությունները չեն կեղծվելու և հետևաբար ցույցեր ու նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչերի ոչ մի հիմք չի լինելու»:
Ընդդիմությունը և իշխանությունը թեև պատրաստվում են ընտրություների, սակայն գնում են դրան լուրջ դիմակայության պայմաններում: Ընտրությունները կլուծե՞ն Հայաստանում քաղաքական ճգնաժամը: Մտավախություն չունե՞ք, որ ընտրությունների հաջորդ օրը կվերսկսվի քաղաքական դիմակայությունը, ցույցերը և նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչերը:
Ընտրությունների հաջորդ օրվա հետ կապված մտավախություն չունեմ, քանի որ ընտրությունները չեն կեղծվելու և հետևաբար ցույցեր ու նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչերի ոչ մի հիմք չի լինելու: Առհասարակ ընտրությունները որքան հանրությունը բաժանող գործընթաց են այն իմաստով, որ արձանագրում են հանրության մեջ եղած տարբերվող, բազմազան կարծիքները, նույնքան էլ անհամաձայնության ճգնաժամերին լուծում տվող գործընթաց են, որովհետև բոլորը տեսնում են բոլորի դիրքորոշումը և, ի վերջո, ընդունում ի գիտություն մինչև հաջորդ ընտրությունները: Համենայն դեպս, չկա հանգուցալուծման այլ տարբերակ, սա՛ է:
««Քաղաքացիական պայմանագիրը» երբեք դաշնակից չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ-ի հետ»:
Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին խիստ քննադատում է ձեր երբմենի դաշնակից, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելին՝ նա հանդիպումներ է անցկացնում ձեր ներկայիս քաղաքական հակառակորդենրի՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Ինչպե՞ս է իշխանությունը վերաբերում առաջին նախագահի սուր քննադատություններին: Քննարկո՞ւմ եք արդյոք նրա հայտարարությունները:
«Քաղաքացիական պայմանագիրը» երբեք դաշնակից չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ-ի հետ: Սա կհաստատեն նաև իրենք: Մենք չենք քննարկում առաջին նախագահի ո՛չ հայտարարությունները, ո՛չ էլ հանդիպումները: Առհասարակ, անկախ ձեր նշած անձից, ողջամիտ քննադատություններին վերաբերվում ենք լրջությամբ, քաղաքական ամնեզիային՝ կարեկցանքով:
«Որքան էլ որ Ալիևը ասի, որ հարցը փակված է, այդպես չէ, որովհետև Արցախում ապրում է 100.000-ից ավելի հայ, խաղաղ բնակչություն, որոնց կյանքը անվտանգ չի կարող համարվել»:
Ձեր հարցազրույցներից մեկում հայտարարել էիք, որ Արցախի կորցրած տարածքները պետք է հետ բերել «քաղաքական գործընթացի միջոցով» և ոչ թե ռևանշի ձգտելով։ Ու ռևանշի մասին խոսակցությունները համարել էիք «հետադիմական և վտանգավոր»։ Դուք իսկապես մտածու՞մ եք, որ պատերազմով կորցրած տարածքները հնարավոր է հետ բերել «քաղաքական գործընթացով», քանի որ արցախյան հիմնախնդրի վերջին 26 տարիների պատմությունը հակառակն է ապացուցում։ Իսկ ռևանշի չձգտելու Ձեր հայտարարությունը ինչպե՞ս է ընկալվում Հայաստանում և Զանգեզուրն իրենց «պատմական հայրենիք» համարող Ադրբեջանում։
Եթե որևէ քաղաքական ուժ կամ գործիչ, հատկապես ընտրություններին մասնակից, համարում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի քաղաքական լուծում և պետք է հարցը լուծել ռազմական ճանապարհով, ապա, խնդրեմ, թող հենց հիմա հայտարարեն այդ մասին հանրությանը և անձամբ պատրաստ լինեն իրագործել այդ լուծումը՝ ընտրվելուց հետո, իհարկե: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ԱԳՆ-ին, որը տարիներով քաղաքական լուծման մասին է ասել ու շարունակում է ասել, չեն հավատացել և, ահա՛, ես ասացի ու հարց է առաջանում՝ արդյոք իսկապե՞ս այդպես եմ կարծում: Այո, իսկապես մտածում եմ, որ Ղարաբաղյան հարցը չունի ռազմական լուծում և այն պետք է կարգավորվի բացառապես քաղաքական ճանապարհով: Երբ ասվել է, որ պատերազմը լուծում չի, չի՛ ասվել միա՛յն այն բանի համար, որովհետև պատերազմը արհավիրք է և եկեք խուսափենք, այլ որովհետև նաև Ղարաբաղի հարցը չի՛ լուծվում ռազմական ճանապարհով: Ադրբեջանը պատերազմներ է սկսել Հայաստանի դեմ, բայց այդ պատերազմների արդյունքներով՝ լինի հաղթանակ, թե պարտություն, Ղարաբաղի հարցը լուծում չի ստացել ոչ մի կողմի համար: Չորրորդ, հինգերորդ պատերազմներն էլ ոչինչ չեն լուծի: Որքան էլ որ Ալիևը ասի, որ հարցը փակված է, այդպես չէ, որովհետև Արցախում ապրում է 100.000-ից ավելի հայ, խաղաղ բնակչություն, որոնց կյանքը անվտանգ չի կարող համարվել: Նաև այդ հարցը տարբեր երկրների քաղաքական օրակարգում է: Ուրեմն քաղաքական լուծում է պետք:
«Բազմիցս է հայտարարվել, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է և այս պահին նաև ռուսաստանյան խաղաղապահները»:
Հայաստանը շաունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը: Ո՞րն է այժմ Հայաստանի դիրքորոշումն Արցախի հարցում: Ի՞նչ հիմնական խնդրներ է դրել իր առջև պաշտոնական Երևանը:
Այո, բազմիցս է հայտարարվել, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է և այս պահին նաև ռուսաստանյան խաղաղապահները: Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը տեսնում ենք «Անջատում հանուն փրկության» միջազգային սկզբունքի կիրառմամբ: «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին:
Դուք Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի համար խաղաղություն կառուցելու գործընկեր համարու՞մ եք:
Պատերազմից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարությունները չափազանց իրարամերժ ու հակասական են այդ մասին դատողություններ անելու համար:
Այժմ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորն դեպի ուր է թեքված: Ի՞նչ խնդիրներ է այն լուծում: Ձեր կառավարությանը մեղադրում են անհասկանալի ու անկանխատեսելի արտաքին քաղաքականություն վարելու համար: Ի՞նչ կասեք այդ մեղադրանքներին:
Հետպատերազմյան շրջանում, բնական է, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցականները է՛լ ավելի շատ ու սուր են: Քանի որ մենք ընտրությունների շեմին ենք, այս հարցերի պատասխանները լինելու են նախընտրական շրջանի կարևոր խոսակցությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց, որ քննարկելու են հայ-ռուսական միասնական զորախմբի և հակաօդային միասնական համակարգի գործունեության հետ կապված որոշ ասպեկտներ: Ինչի՞ մասին է խոսքը և ի՞նչ խնդիր է այն լուծելու:
Կարծում եմ տեղին կլինի, եթե այս հարցերին պատասխանեն պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները:
«Ես չգիտեմ Թուրքիան ինչ պահանջներ է դնում է, թե՝ չի դնում, քանի որ Թուրքիայի հետ ուղիղ խոսակացություն չկա»:
Հատկապես Թուրքիայի հետ երկխոսության ու հարաբերությունների հաստատման մասին ԱԳՆ-ի ու ձեր մյուս գործընկերների հայտարարություներից հետո հնչում են կարծիքեր, որ պաշտոնական Երևանը կարող է իր արտաքին քաղաքական օրակարգից հանել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Այդ է պահանջում Թուրքիան, նշում են ձեզ քննադատողները: Թուրքիան նման պահանջ դնո՞ւմ է և արդյոք Հայաստանը պատասրա՞տ է ընդունել այն:
Դե, երևի ոմանք ընդդիմադիր գործունեությունը հենց այսպես են պատկերացնում. նախ հնչեցնում են կարծիքներ, որ պաշտոնական Երևանը կարող է իր արտաքին քաղաքական օրակարգից հանել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ու, շատ հեռու չգնալով՝ հենց տեղում, միանգամից քննադատում են այդ անհիմն ենթադրությունը: Ես չգիտեմ Թուրքիան ինչ պահանջներ է դնում է, թե՝ չի դնում, քանի որ Թուրքիայի հետ ուղիղ խոսակացություն չկա: ԱԳՆ-ների կցկտուր հեռակա հրապարակային ուղերձներից ու այլ երկրների ղեկավարների փոխանցմամբ ու միջնորդավորված խոսքից, շատ բան հասկանալ հնարավոր չէ: Իսկ իրականությունն այն է, որ անկախ Թուքրիայի պահանջներից և անկախ այն քննադատողներից, որոնք Թուրքիայից առավել շատ են մտածում Թուրքիայի պահանջների մասին, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցն օրակարգից հանելու միտք չկա ու չի կարող լինել:
«Ու լավ կլինի, որ ընդդիմախոսները ոչ թե իմ մտքերի տարամեկնաբանություններով զբաղվեն, այլ իրենց մտքերը ներկայացնեն հանրությանը»:
Դուք, վերջերս անդրադառնալով Թուրքիայի հետ մեր հարաբերություններին, ասել էիք. «Գուցե հիմա լավ շանս կա, որ թշնամանք չլինի»: Պարզաբանեք խնդրեմ, ինչո՞ւ եք «լավ շանսի» մասին խոսում պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցության, 4 հազար զինծառայողների սպանությունից և Արցախի տարածքի 3/4-ի օկուպացիայից հետո։ Ինչո՞ւ նախկինում չէիք խոսում դրա մասին:
Եթե դիտել եք ասածս ամբողջությամբ, ապա նկատած կլինեք, որ խոսում եմ հետպատերազմյան իրողություններում նոյեմբերի 9/10 հայտարարության ապաշրջափակման կետի մասին՝ որպես մեզ համար անվտանգության կարևոր երաշխիքներից մեկը ունենալու հնարավորություն, որը ինչ-որ չափով կառավարելի կդարձնի թշնամանքի դրսևորումները՝ շրջափակումից մինչև հարձակում: Ինչո՞ւ եմ խոսում այս մասին. իսկ երբ որ ապագայի մասին ենք մտածում, ի՞նչ ենք ուզում, որ լինի, ի՞նչ մասին ենք ուզում խոսել… Ինչո՞ւ նախկինում չեմ խոսել. որովհետև պատերազմից առաջ ապաշրջափակման միտք անգամ, էլ չասեմ շանս, չի եղել, որ խոսեմ: Եվ եթե ուշադրությամբ հետևեք հակառակորդի տարբեր ուղերձների բովանդակությանը և ենթատեքստին, պարզ կդառնա, որ Ադրբեջանը Հայաստանը շրջափակման մեջ պահելու ռազմավարություն ունի: Սրա մասին է պետք մտածել: Ու լավ կլինի, որ ընդդիմախոսները ոչ թե իմ մտքերի տարամեկնաբանություններով զբաղվեն, այլ իրենց մտքերը ներկայացնեն հանրությանը: Հակառակ դեպքում, ես ստիպված եմ նորից ու նորից վերահաստատել ու վերաներկայացնել բացառապես իմ մտքերը, ինչին ես դեմ չեմ, ճիշտն ասած:
ԱՄՆ նախագահ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Կարծո՞ւմ եք այս հայտարարությունը կդառնա հստակ քաղաքականություն, Հայաստանի կառավարությունն աշխատելո՞ւ այդ ուղղությամբ Սփյուռքի լոբիստական կառույցների հետ:
Մինչ Բայդենի հայատարարությունն էլ այդ ուղղությամբ աշխատանքը և համագործակցությունը եղել է: Սփյուռքի կառույցները, կազմակերպություններն ու անհատները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատարապտման և ցեղասպանությունների կանխարգելման առաջամարտիկներն են: Նրանց անմնացորդ ջանքերի և նվիրման շնորհիվ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից մեկը գրանցել է մեծ առաջընթաց, ինչի կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում բոլորին:
«Իսկ դատական համայնքը, դատարաններն իրենց կայացրած արդարադատության վերաբերյալ հնչող կասկածների վերաբերյալ ասելիք, բացատրություն չունե՞ն»:
Կառավարության ղեկավարը և ձեր քաղաքական թիմի մյուս անդամները բազմիցս նշել են, որ «Մարտի 1»-ի գործը, ըստ էության, բացահայտված է: Օրեր առաջ դատարանի որոշմամբ «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական գործը կարճվեց։ Ինչպե՞ս է ստացվում, որ գործն «ըստ էության» բացահայտելու մասին հայտարարությունների ֆոնին գլխավոր մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է:
Այս հարցը, խնդրում եմ, ուղղեք դատարանին: Դատարանը կախյալ չէ Ազգային ժողովից, որ պատգամավորի սրտի ուզած որոշումները կայացնի ու ես էլ բացատրություններ ունենամ տարբեր գործերի հետ կապված: Եթե դուք էլ ունեք զգացողություն, որ արդարադատություն տեղի չի ունեցել, հարցրեք՝ դատավորներին: Նրանց տեղը ձեզ հայտնի է, անունները՝ նույնպես: Թող հանրությանը բացատրեն իրենց որոշումը: Մի անգամ արդեն ասել եմ, որ քաղաքական գործիչը չի կարող լինել դատավոր, դատախազ, կաթողիկոս, գեներալ և այդպես շարունակ: Պետական ազգային ինստիտուտները նաև իրենք պետք է հոգ տանեն իրենց հեղինակության մասին և պատասխանեն հանրության հարցերին, եթե նրանց գործունեության հետ կապված հարցեր կան: Այդ ինստիտուտներն էլ են չէ՞ հանրային միջոցներով պահպանվում: Մեր պատասխանատվության տակ գործող կառավարությունը, մասնավորապես արդարադատության նախարարությունը դեռ 1.5 տարի առաջ մեկնարկել է դատական համակարգի բարեփոխումները: Իմ գնահատմամբ մեր կառավարության ամենահամակարգաստեղծ բարեփոխումներն են դրանք: Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի կազմը համապատասխանեցրել է Սահմանադրության պահանջներին: Եվ ամենակարևորը՝ մենք ասել ենք, որ դատախազությունը ոչնչով կաշկանդված չէ գործը բացահայտելու համար, իսկ դատարանը պետք է գործի անկախ ու բացառել ենք որևէ ազդեցություն մեր կողմից: Իսկ դատական համայնքը, դատարաններն իրենց կայացրած արդարադատության վերաբերյալ հնչող կասկածների վերաբերյալ ասելիք, բացատրություն չունե՞ն:
Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը մասնակցելու են արտահերթ ընտրություններին: Քիչ չեն կարծիքներն ու մեղադրնեքներն առ այն, որ ձեր իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին բերեց քաղաքականություն, փաստացի արդարացրեց «Մարտի 1»-ի գործով ու դարձրեց քաղաքական գործոն: Ի՞նչ կպատասխանեք այդ մեղադրանքներին:
Նախորդ պատասխանս նաև այս հարցին է պատասխան:
Զրուցել է Արշալույս Մղդեսյանը