23.11.2024
Մամուլ. Արարատ Միրզոյանի դեմ լուրջ դժգոհություն է հասունանում
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի որոշումը հեշտ չի կայացվել, կան դժգոհություններ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի որոշումը հեշտ չի կայացվել։ Թե՛ ՀՀԿ-ում, թե՛ Արթուր Վանեցյանի կուսակցությունում միանշանակ չեն ընդունել այս որոշումը։ Ավելին, մեր տեղեկություններով՝ որոշման մասին հայտարարելուց հետո «Հայրենիքի» 3 անդամ դիմում է գրել եւ հեռացել։ Թեեւ 7 հազարից ավելի անդամ ունեցող կուսակցության համար 3-ը մեծ թիվ չէ։ Կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ասաց․ «Ես նման տվյալ չունեմ, եթե որեւէ տարածքում դիմում է գրվել, որը դեռ չի հասել մեզ, ինֆորմացիա չունեմ»։ Բայց չհերքեց, որ կուսակցությունում եղել են դժգոհություններ` ՀՀԿ-ի հետ դաշինքի մասով․ «Սպասվում էր, որ «Հայրենիքն» առանձին պիտի մասնակցի, բայց եղել են տարբեր՝ թե՛ Երեւանի, թե՛ մարզային տարածքային գրասենյակների հետ շփումներ, եւ բոլորը, մեծ հաշվով, հասկացել են, թե ինչի համար է դա արվում»։ Ցուցակը գլխավորելու է Արթուր Վանեցյանը, երկրորդը Տարոն Մարգարյանն է»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայրենիք»-ՀՀԿ անսպասելի դաշինքի ստեղծման մասին հայտարարությունից հետո երկու թիմերի գրասենյակներում աշխատանքային եռուզեռ է սկսվել։ Կողմերը չեն սահմանափակվել հայտարարություններով՝ անմիջապես անցել են գործի։ Մինչեւ ուշ ժամ լեփ-լեցուն են թե՛ «Հայրենիքի», թե ՀՀԿ-ի կենտրոնակայանները, որտեղ ներսուդուրս են անում հանրային ճանաչված մարդիկ, երկու կուսակցությունների տարածքային կառույցների ղեկավարներ։ Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքը կոչվելու է «Պատիվ ունեմ»։ Այս տեղեկությունը մենք փորձեցինք ճշտել երկու կուսակցությունների ղեկավար կազմի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Հիշեցնենք, որ այդ արտահայտությունն էր օգտագործել Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հրաժարականի տեքստում։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Պատերազմից հետո Փաշինյանը դարձել է ավելի խիստ ու պահանջկոտ։ Անընդհատ հաշվետվություններ է պահանջում, նույնիսկ փոքրիկ ձախողումների դեպքում, ինչից ոչ ոք ապահովագրված չէ, զայրանում է։ Իշխանականները ասում են, որ պատասխանատու պաշտոններին նոր անձանց նշանակելիս Փաշինյանը վերջիններիս հետ առանձնազրույցի ժամանակ պահանջում է սեղմ ժամկետներում արդյունք ցույց տալ, հակառակ դեպքում զգուշացնում է, որ շատ արագ ազատվելու են զբաղեցրած պաշտոնից»։


«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովում իրավիճակը գնալով ավել է լարվում: Իշխանական թիմի Նիկոլ Փաշինյանին հավատարիմ թևը, առաջիկա ներքաղաքական հնարավոր բոլոր սցենարները հաշվի առնելով, սկսել է կասկածել սեփական թիմում յուրաքանչյուրին, թե ով որ փուլում կարող է դավաճանել իրենց: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ իմքայլական պատգամավորները, այսպես ասած, հավատարմության քննություն են անցնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի, Փաշինյանի աներձագ-պատգամավոր Հրաչյա Հակոբյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մոտ: Հենց նրանց է վերապահված խորհրդարանում ուսումնասիրել դաշտն ու համապատասխան տվյալներ փոխանցել «շեֆին»’ իմքայլականների նախընտրական վարքագծի վերաբերյալ: Ըստ էության, վերոնշյալ եռյակի բարի կամքից էլ կախված է, թե իմքայլական պատգամավորներից ովքեր կրկին կհայտնվեն ՔՊ-ի նախընտրական ցուցակի «չալաղաջ» տեղերում: Այս գործընթացներից լրիվ ինքնամեկուսացված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, և սա հաշվի առնելով էլ՝ իմքայլականներն աշխատում են հնարավորինս հեռու մնալ նրանից: Արդյունքում ԱԺ նախագահը զգում է իրեն խորհրդարանում, ինչպես Դանիել Դեֆոյի հերոս Ռոբինզոն Կրուգոն անմարդաբնակ կղզում, բայց առանց Ուրբաթի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, իր էջում քննադատելով Նաիրա Զոհրաբյանին, միտք է արտահայտել, որից շփոթ է առաջանում՝ ո՞վ է ձեւավորում ԲՀԿ նախընտրական ցուցակը՝ Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։ Հարությունյանը գրել էր․ «ԲՀԿ-ի շարքերում ամեն կերպ տեղը պահպանել ցանկացող Նաիրա Զոհրաբյանը, ինչը նրան, ամենայն հավանականությամբ, չի հաջողվելու․․․»։ Ինչի՞ հիման վրա է նման բան գրել՝ որտեղի՞ց գիտի։ Ա․ Հարությունյանից չկարողացանք պարզաբանում ստանալ, որ հասկանանք, թե ով է որոշում՝ ԲՀԿ շարքերից ում հեռացնել, եւ ինչպես է ստացվել, որ իշխանությունն արդեն տեղյակ է, թե ընդդիմության ցուցակներում ովքեր են ընդգրկվելու, ովքեր՝ ոչ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում տեղի ունեցած միջադեպի մասին մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ, ըստ լրատվամիջոցների, ՔՊ-ականներ Սուրեն Պապիկյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ նախ լեզվակռիվ, ապա ծեծկռտուք է ծագել։ Մեզ պատմեցին, որ գրասենյակում իշխանության նախընտրական շտաբի ակտիվն է հավաք կազմակերպել, հրավիրել են նաեւ, այսպես կոչված, «տասովշչիկների»՝ ՀՀ տարբեր մարզերից, որպեսզի քննարկեն ու հասկանան, թե ով որտեղից ինչքան ձայն է բերելու իրենց։ Սուրեն Պապիկյանի մեծ-մեծ խոսելը, թե իրենք ոչ մի մարզում պրոբլեմ չունեն, անգամ՝ Սյունիքում, մի քիչ աշխատանք ու մեծ տոկոսներ են խփելու, նյարդայնացրել է Սասուն Միքայելյանին։ Նա, ըստ լուրերի, Պապիկյանին հորդորել է մեծ-մեծ բրդելու փոխարեն մարզեր գնալ, որ տեսնի՝ ունե՞ն պրոբլեմ, թե՞ ոչ։ Միքայելյանի դիտողությունը դուր չի եկել կուսակիցներին, սկսվել է բանավեճ, լեզվակռիվ, որին միջամտել են նաեւ Սասուն Միքայելյանին ուղեկցող տղաները․ նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ նրան 3-4 երիտասարդ են ուղեկցում, սակայն պատմեցին, որ ներկաներին հաջողվել է շուտ կանխել քաշքշուկը եւ թույլ չտալ, որ ձեռնամարտի հասնի։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Միքայելյանը հրապարակային խոսեց Սյունիքի անվտանգ չլինելու մասին եւ ասաց, որ ցանկացած պահի այնտեղ վտանգ կա, որ մարդ կառեւանգեն»:


«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորները և կուսակցականները լծվել են Արցա­խում Փաշինյանի վարկանիշը քիչ թե շատ բարելավելու գործին: Եթե նախկի­նում նրանք կտրուկ խոսում և դատապարտում էին կապիտուլյացիա ստո­րագրած Փաշինյանին, ապա այսօր հակառակ պատկերն է: Սկսել են արցախցիների շրջանում մասնավոր զրույցներում մեղմել Փաշինյանի մեղքը, ասելով, որ նա այդքան էլ մեղավոր չի, որ գեներալ­ներն ու զինվորականները հասցրին Ար­ցախը նման վիճակի: Եվ որ Փաշինյանը նախկինների մեղքն է հատուցում»:


«Իրավունք» թերթը գրում է.«Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ երեկ տեղեկատվական դավա­դիր օպերացիա էր իրակա­նացվում: Երեկ նախ տելեգրամյան ալիքներով, ապա լրատ­վական կայքերով ապատեղեկատվություն տարածվեց, թե Վիտալի Բալասանյանը գնացել է Մարտունի՝ փորձելով համոզել տեղի բնակչությանը, որ իբր Նժդեհի արձա­նը վերանորոգելու կարիք կա, և պետք է հանել, հետո հետ դնել տեղը: Սակայն Մարտունեցի երիտասարդները թույլ չեն տվել արձանը տեղից շարժել և անգամ պատռել են հուշարձանի վրա քաշված սա­վանը: Մինչդեռ արցախյան մեր աղբյուրների համաձայն՝ վերոնշյալը որևէ աղերս չունի Վիտալի Բալասանյանի հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ արշալույսները կրկին խաղաղ չեն Արցախում: Մայիսի 9-ին ընդա­ռաջ՝ որոշակի լարվածություն կա: Նկատելի է, որ ապատեղեկատվությամբ փորձ է արվում շեղել ինչ-որ վտանգավոր գործընթացից, որից տեղյակ են իշխանական վերին օղակնե­րում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնի համար վերջին օրերին ավելի ակտիվ պայքար է սկսել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կառավարությունում եւս նախարարի ժ/պ Վահրամ Դումանյանի դեմ դավեր են նյութում, որպեսզի ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնանկ անի, ու Հայրապետյանը նշանակվի նախարարի պաշտոնում: Ըստ այդ տեղեկությունների՝ Դումանյանի ոտքի տակը փորում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Վերջիններս ամեն առիթով վատաբանում են Դումանյանին, որ նա ձախողել է նախարարության աշխատանքը, որպեսզի նրան հեռացնեն պաշտոնից: Երեկ կառավարությունը ընդունեց որոշում, որով բուհերի կանոնադրությունը փոխվեց, առանց բուհերի եւ ռեկտորների համաձայնության եւ նրանց հետ քննարկման։ Ռեկտորները կոշտ հայտարարությամբ հանդես եկան, բայց դա չխանգարեց կառավարությանը միջամտել բուհական ինքնավարությանը։ Սա արվեց, որպեսզի Վահրամ Դումանյանին Երեւանի պետական համալսարանի ռեկտոր նշանակեն, իսկ Մխիթար Հայրապետյանին՝ նախարար՝ իրագործելով նրա վաղեմի երազանքը։ Մեր հարցին՝ Դուք գնում եք արդյոք գործադիր մարմին, Մխիթար Հայրապետյանը հայտարարեց.« No comment»»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանը տեւական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին։ Նա ամիսներ առաջ Գերմանիայում բուժվելուց հետո վերադարձել է Հայաստան, սակայն կարճ ժամանակ անց նորից առողջական վիճակը վատացել է՝ պարզվել է, որ ծնկի շրջանում թարախային գանգրենա է զարգանում։ Բժիշկներն առաջարկում են ոտքի ամբողջական անդամահատություն իրականացնել, սակայն Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը որոշում է չգնալ այդ քայլին եւ բարդ վիրահատությամբ կանխում է հիվանդության զարգացումը։ Սարոյանն այժմ գամված է սայլակին՝ չի կարողանում ինքնուրույն քայլել եւ տեւական բուժման կուրսեր պետք է անցնի։ Պատմում են՝ այնքան է նիհարել, որ անճանաչելի է դարձել՝ կորցրել է քաշի մոտ կեսը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 13-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող խաղաղապահ ուժերի ռուսական ռազմական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի աշխատանքային պայմանագրի վեց ամիսը: Դա նշանակում է, որ առաջիկայում կարող է նրա փոխարեն մեկ այլ ռուս զինվորական զբաղեցնել այդ պաշտոնը: Բանն այն է, որ, համաձայն պայմանագրի, վեց ամիսը լրանալուն պես ՌԴ իշխանությունները կարող են փոխել հրամանատարին, սակայն ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե, ամեն դեպքում, պարտադիր պահանջ չէ ռոտացիան։ Ռազմական փորձագետը նկատեց, որ Ռուստամ Մուրադովին ՌԴ-ում պարգեւատրել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով, ինչը ենթադրում է, որ նրա աշխատանքից գոհ են, եւ չի բացառվում վերջինիս ժամկետը կրկին երկարաձգվի։ Հավելենք, որ նրա նշանակման մասով հետաքրքիր տեղեկություն է առկա ռուսական մամուլում։ Մասնավորապես, ընդգծվում է, որ, բացի Մուրադովից, այլ թեկնածուներ եւս եղել են, եւ ինչպես ասում են, նրան քննարկել են խոշորացույցի միջոցով: Գլխավոր շտաբը պաշտպանության նախարարին է ներկայացրել Ռուստամ Մուրադովին, ապա Սերգեյ Շոյգուն այդ առաջարկն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Բայց, չնայած սրան, հավանական է, որ նրան հետ կանչեն Արցախից»։


«Իրավունք» թերթը գրում է. «Երեւան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում տեղակայված ռու­սական խաղաղապահ պահակակետե­րում ուժեղացված հսկողություն է սկսվել այն բանից հետո, երբ Ադրբեջանի դե­մոկրատիայի եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը թվիթերյան էջում կատարած գրառ­ման մեջ նշել է, թե հունիսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողու­թյան տակ: Խաղաղապահները կանգ­նեցնում են մեքենաները, հատ-հատ ստուգում մարդկանց եւ բեռնախցիկը: Իսկ Շուշիի մոտ տեղակայված պահա­կակետում առհասարակ ստուգումներ չեն անում: Արցախցիներն ասում են, որ այդ «պոստում» մեքենաների զննումը հղի է միջադեպերով, մի քանի դեպք է արձանագրվել, երբ ադրբեջանցիները ռեպլիկներ են արձակել, եւ ընտանիքով երթեւեկող տղամարդկանց մի կերպ են սանձել ռուս խաղաղապահները»:


«Հրապարակ» թերթը գրում է.«Նախօրեին բոլորիս ցնցած լուրը՝ 19 գերիների մահվան մասին, մեզ նորից հիշեցրեց, որ պատերազմն իրականում ավարտված չէ, և մեծ թվով մարդիկ, ում հարազատներն անհետ կորած են կամ գերեվարված, ապրում են իսկական մղձավանջի մեջ։ Եվ այդ մղձավանջի մեջ լսել, թե ինչպես են քաղաքական ուժերը քննարկում ընտրական դաշինքների հարցը, ինչպես է երկրի վարչապետը հոխորտում ԱԺ ամբիոնից և բոլորի բերանը փակելով՝ սպառնում մի օր ստանձնել Արամ Մանուկյանի լիազորությունները և պատերի տակ գնդակահարել ընդդիմախոսներին, առնվազն սրբապղծություն է։ Հայաստանում ինչ-որ պահից երկու իրականություն է գոյացել․ մեկը պատերազմից անկորուստ դուրս եկածների իրականությունն է, որի մեջ նախևառաջ իշխանության մեջ գտնվող ամբարտավաններն են, որոնք մեղքի ու զղջումի զգացում չունեն և այսօր միայն իրենց վերարտադրվելու մասին են մտածում։ Մյուսը զոհվածների ու անհետ կորածների, գերիների ու հաշմանդամների ընտանիքների, սահմանին բնակվողների, արցախցիների իրականությունն է, որն օրեցօր ավելի ու ավելի է հեռանում կուշտ կերած, ավտոմեքենաներով շրջող, պարգևավճարներ ստացող և ընտրությունների պատրաստվող զանգվածի իրականությունից։ Իհարկե, մի երրորդ զանգված էլ կա, որին պատերազմն ու կորուստներն անմիջականորեն չեն հարվածել, բայց որը գիտակցում է, թե ինչ աղետի մեջ ենք հայտնվել և ինչպիսի՝ էլ ավելի մեծ աղետ է մեզ սպասվում առաջիկայում, եթե անմեղսունակ ու անհայրենիք այս զանգվածը վերարտադրվի։ Եվ եթե մեր պետությունը շարունակի կառավարել մի մարդ, ով օրեցօր ավելի ու ավելի քիչ է տիրապետում իր էմոցիաներին, բայց ավելի ու ավելի է հմտանում մանիպուլյացիաների հարցում և սուտ ասելու կոմպլեքս էլ չունի։ Ընդամենը իր առաջ խնդիրներ է դնում և դրանք ցանկացած գնով լուծում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծա­ռայությունը Զինված ուժերի գլխա­վոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի՝ նոյեմբերի 20- ին արած հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել Մովսես Հակոբյանին: Նրան մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պե­տական գաղտնիք հրապարակելը: Այսինքն՝ փոխանակ Նիկոլ Փաշինյանին կամ այլ պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրեն պատե­րազմը տանուլ տալու համար, բացա­հայտումներ արած Հակոբյանին են մե­ղադրում՝ այդ մասին բարձրաձայնելու համար: Մենք հետաքրքրվեցինք գեներալ-գնդապետից, թե կոնկրետ որ հարցում են իրեն մեղադրում, ինչ պե­տական գաղտնիք է հրապարակել նա իր ասուլիսի ընթացքում: «Իմ հայտա­րարությունների հիման վրա»,- կարճ պատասխանեց Հակոբյանը:


-Ո՞ր հայտարարությունների, որ Փաշինյանի հրամանով զորքի լրահամալրումը կանգնեցվել է:


-Նոյեմբերի 20-ի հայտարա­րությունների հիման վրա, չեմ կարող մանրամասնել:


-Կարո՞ղ է մեղադրանքն այն բանին է վերաբերում, որ ասել եք՝ Աննա Հակոբյանը գտնվել է բունկե­րում, բարոյական աջակցություն է ցուցաբերել ոմանց, գուցե դա՞ է պե­տական գաղտնիքը:


-ՉԷ (ծիծաղում է):


-Իսկ լրահամալրումը կանգնեցնելու մասին հայտարա­րությո՞ւնը:


-Չեմ կարող հիմա մանրամասնել, քննություն է գնում:


-Այսինքն՝ հիմա որ ասեք, նորից պետական գաղտնի՞ք կբացահայտեք:


-Չէ, նախաքննության գաղտնիք է դա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախաքննական մարմիններին հրահանգ է իջեցված որևէ կերպ չանհանգստացնել զինվորականներին, գեներալներին, նրանց հանգիստ թողնել: Ինչպես հայտնի է, պատերազմից հետո շատերն են հայտնվել նախաքննական մարմինների ուշադրության կենտրոնում, և կան հարուցված քրեական գործեր, որոնցում մեծ թվով գեներալներ են ներգրավված՝ որպես վկա կամ կասկածյալ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փուլում քաղաքական իշխանության հրահանգով որոշվել է նրանց հանգիստ թողնել, որևէ քննչական գործողություն չիրականացնել: Ըստ ամենայնի, այս ամենն արվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որպեսզի զինվորականներին կարողանան իրենց կողմը գրավել և անհրաժեշտ ձայներ ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 14-ին էր գրել, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են մանր ու միջին կալիբրի զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները: Այն ժամանակ ևս ԳՇ-ից կանչում էին զինվորականներին, մասնավորապես՝ զորամասերի հրամանատարներին, և նրանց խոստումներով կերակրում, թե կլուծեն նրանց հարցերը, օրինակ՝ կմարեն վարկերը կամ կներեն նախկինում արված ինչ-որ սխալներ, կօգնեն անտոկոս վարկեր ստանալ, հողամաս ձեռք բերել կադաստրային էժան գներով։ Այժմ էլ, փաստորեն, փորձ է արվում իրենց կողմը գրավել նախաքննական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնված զինվորականներին»: