23.11.2024
Մամուլ. Իշխանությունը նախընտրական կարգախոսը «գողացել» է Ռոբերտ Քոչարյանի թիմից
prev Նախորդ նորություն

Հայաստանին անվերջանալի արտահերթ ընտրություններից կփրկի միայն ուժեղ կոալիցիան. Քեռյան

Կարող է, արդյոք, Հայաստանը դառնալ Իսրայել արտահերթ ընտրությունների անվերջանալի շրջապտույտով, թե առաջիկա ընտրությունները հիմք կդառնան հաղթահարելու երկրում քաղաքական ճգնաժամը: Երկու հիմնական բևեռից ո՞րն է ավելի ուժեղ և ի՞նչ նպատակ էր հետապնդում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտելով պրիվատ հանդիպումների օրակարգը:


Այս և այլ հարցերի շուրջ VERELQ-ը զրուցել է քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի հետ:


- Պարոն Քեռյան, Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների, դրանց անցկացման հրամանագիրն արդեն ստորագրվել է: Ի՞նչ ակնկալել այս ընտրություններից և արդյոք հունիսի 21-ին նոր իշխանություն կունենանք, թե Նիկոլ Փաշինյանին կհաջողվի վերընտրվել:


- Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ քաղաքական գործընթացները ժամանակի և տարածության մեջ նեղ են, ամեն մի իրադարձություն կարող է լուրջ ազդեցություն ունենալ: Եվ բացառված չէ, որ հիմա և հատկապես քարոզարշավի ընթացքում որևէ սենսացիոն իրադարձություն կամ քաղաքական ուժերի վերադասավորում տեղի ունենա, որը կփոխի ամբողջ համապատկերը և մենք մեր կանխատեսումներում սխալվենք:

Այսօր քաղաքական դաշտում երկու բևեռ է ձևավորվել՝ Ռոբերտ Քոչարյան և Նիկոլ Փաշինյան: Երկուսն էլ ունեն լուրջ ռեսուրսներ, այդ թվում և մեդիա, և այս երկուսի միջև է ընթանալու հիմնական պայքարը: Սակայն իմ կանխատեսմամբ, այս երկուսից և ոչ մեկը չունի այն վարկանիշը, որ մեծամասնություն ունենա խորհրդարանում: Ամենայն հավանականությամբ, 30-35 տոկոսի չափով ԱԺ տեղերը կպատկանեն թե՛ մեկին, թե՛ մյուսին:

- Այսինքն հիմնական պայքարն ապագա խորհրդարանում վարչապետի ընտրության ժամանակ է ընթանալու:

- Այո: Հիմնական պայքարը իշխանության համար ընթանալու է և որոշելու է Ազգային ժողովում: Իսկ մնացած ուժերը, որոնք պակաս ձայն կհավաքեն, իրականում վճռական դերակատարում կունենան՝ ըստ էության կստացվի, որ հզոր բևեռներից որևէ մեկը ստիպված է լինելու գնալ առավել քիչ ձայներ հավաքած և ԱԺ-ում ավելի փոքր ներկայություն ունեցող ուժի հետ որոշակի կոալիցիայի իշխանությունը վերցնելու համար: Իսկ եթե այդպիսի համաձայնություն տեղի չունեցավ, ապա մեզ սպասվում են նոր արտահերթ ընտրություններ, ինչը միջազգային պրակտիկայում շատ է հանդիպում: Որպես օրինակ հիշենք Իսրայելը, որտեղ 4 ամիս շարունակ բանակցություններ էին ընթանում կառավարություն ձևավորելու վերաբերյալ: Եվ երբ համաձայնություն չեղավ, երկրի վարչապետը հայտարարեց, որ ստիպված են նորից գնալ ընտրությունների: Հիմա եթե այս ընտրություններից հետո մեզ չհաջողվի նույնիսկ կոալիցիա կազմել, ապա նշանակում է, որ մեզ էլ այդ ճակատագիրն է սպառնում:

- Բայց Դուք նման հավանականությունը մեծ եք համարո՞ւմ:

- Ոչ, չեմ կարծում նման սցենար մեզ մոտ լինի: Ավելի հավանական է, որ բևեռներից որևէ մեկը կկարողանա ավելի փոքր ներկայություն ունեցող ուժի հետ կազմել կոալիցիա: Եվ ամենահավանականը, որ ապագա կառավարությունը լինելու է կոալիցիոն:

- Դուք էլ, ըստ էության, հաստատեցիք, որ հիմնական ֆավորիտներն այս ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանն են: Որո՞նք են այս թեկնածուների ուժեղ և թույլ կողմերը:

- Անշուշտ, Փաշինյանի թիմի թույլ կողմը պարտությունն է ղարաբաղյան վերջին պատերազմում: Սա է նրանց լեգիտիմության և վարկանիշի անկման հիմնական պատճառը: Իսկ ուժեղ կողմն այն է, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը նորից տանում է այն ուղղությամբ, որ ողջ եմղքը ոչ թե իրենն է, այլ նախկիններինն է և որ ինքը պետք է ավարտին հասցնի հակակոռուպցիոն պայքարը: Նաև ասելու է, որ իրենց հաջողվել է վերացնել համակարգային կոռուպցիան, ինչը Հայաստանի զարգացման պագայի համար կարևոր նախապայման է:

Ռոբերտ Քոչարյանի դաշինքի թույլ կողմն այն է, որ նախկինների պիտակից այդպես էլ չկարողացան ձերբազատվել, ինչպես նաև չկարողացան Փաշինյանի թիմի կողմից անցած 2.5 տարվա ընթացքում իրենց դեմ կազմակերպված քարոզից մաքրվել, որոնք իրենց մեղադրում են թալանի և մնացածի համար: Սա երկար հետագիծ թողած քարոզարշավ էր, որը բավականին լուրջ ազդեցություն և նստվածք է թողել: Իսկ «նախկին» ասվածի մեջ մարդիկ, նախևառաջ, Ռոբերտ Քոչարյան են պատկերացնում…

- Իսկ այն, որ անցած երեք տարվա ընթացքում Փաշինյանը այդպես էլ չկարողացավ որևէ նախկինի պատասխանատվության ենթարկել որևէ լուրջ մեղադրանքով:

- Գուցե ես ձեզ հետ համաձայն եմ, բայց չեմ ցանկանում բանավիճել այդ հարցի շուրջ… իսկ ահա ուժեղ կողմը Քոչարյանի անշուշտ այն է, որ նրա կառավարման 10 տարիները ձեռքբերումների տարիներ են եղել և սա լուրջ քարոզչության հիմք է: Ամեն դեպքում ընտրագանգվածը Քոչարյանին ընկալում է քաղաքական առաջնորդ, որի օրոք եղել է կայունություն, տնտեսական աճ, անվտանգություն, իսկ Ղարաբաղի հարցով եղել է դինամիկ բանակցային գործընթաց: Շատ բարձր գնահատվում նաև այն, որ Քոչարյանի օրոք եղել է Հայաստան-Ադրբեջան երկկողմ ձևաչափը՝ նախ հայ Ալիևի հետ, ինչը մնացածների օրոք չի եղել: Բնականաբար, Քոչարյանի դիրքերը ամրապնդում է նաև այն հանգամանքը, որ իր օրոք չի եղել պատերազմն ու այս աղետալի պարտությունը և սա լուրջ փաստարկ է նրա ձեռքին Փաշինյանի թիմի դեմ քաղաքական պայքարում:


-Պարոն Քեռյան, ինչպես կգնահատեք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին շրջանի ակտիվությունը: Նա պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով ու նաև որոշակի բացահայտումներ անում, որ, օրինակ, առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին մեկ բևեռով հանդես գալ ընդդեմ Փաշինյանի: Ու թեև առաջին նախագահը Փաշինյանին չարիք է անվանում ու կոչ անում Հայաստանը փրկել նրանից, բայց կարծես իր այս քայլերը ավելի շատ ընդդեմ Քոչարյանի ու Սարգսյանի են, քան Փաշինյանի:

- Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը հիմա բացատրելը բավականին դժվար է, որովհետև ինքը շատ նուրբ քաղաքական կոմբինացիաների է տիրապետում ու երբեմն բավականին անսպասելի քայլերի է դիմում: Օրինակ, տրամաբանությունը հուշում է, որ նա, որպես Նիկոլ Փաշինյանի նախկին քաղաքական գործընկեր, պետք է այս թևում լիներ, բայց իշխանության գալուց հետո, հավանաբար, Փաշինյանի թիմը Տեր-Պետրոսյանին չընդունեց որպես առաջնորդ և սա լուրջ նստվածք է թողել առաջին նախագահի մոտ: Ըստ էության, նրանց հարաբերությունները փչացել են մինչև վերջ և որևէ կերպ ես չեմ պատկերացնում դրանց կարգավորում: Իսկ եթե ենթադրենք, որ սա ինչ-որ քաղաքական խաղ է, նախապես պայմանավորված, ուրեմն նշանակում է, որ այն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին մի դաշինքում ներկայացնելուն ուղղված, որպեսզի վերջինս հնարավորինս ինֆորմացված լինի այս բևեռի քայլերի մասին:

Կարելի է ենթադրել, որ այս առաջարկով Տեր-Պետրոսյանը, եթե իսկապես նրա հարաբերությունները փչացած են Փաշինյանի հետ և որևէ կապ չունի նրա հետ, գուցեև Փաշինյանին պատժելու տրամաբանություն էր հետապնդում, որովհետև երեք նախագահների դաշինքը կրկնակի կհզորացներ Քոչարյանի բևեռը: Բայց փաստացի նախկինում կուտակված հակասություններն այնքան էին, որ ո՛չ Սերժ Սարգսյանը համաձայնվեց, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ըստ էության չունի որևէ լուրջ ռեսուրս ինքնուրույն խաղի մեջ մտնելու համար:


- Շատ է հնչում այն տեսակետը, որ անգամ եթե Փաշինյանը վերարտադրվի կամ իշխանությունը փոխվի՝ միևնույն է, այս Ազգային ժողովը երկար կյանք չի ունենա: Այն է՝ եթե Փաշինյանը մնա, ապա կնշանակի , որ քաղաքական ճգնաժամը էլ ավելի կխորանա, իսկ եթե փոխվի, ապա նոր իշխանությունը կցանկանա վերջնական փոխել խորհրդարանում ուժերին: Դուք տեսնում եք նման հավանականություն, որ մենք անվերջանալի արտահերթ ընտրությունների շրջապտույտի մեջ կարող ենք հայտնվել:

- Այդ ամենը կախված կլինի նոր ձևավորված կոալիցիայից: Եթե իմ կանխատեսումը իրականանա ու նոր կառավարությունը կազմվի կոալիցիայի հիմքով, ապա ամեն ինչ կախված կլինի նրանից, թե այդ ուժերը որքանով են հաստատուն: Եթե, օրինակ, այնպիսի հարցերը, ինչպիսիե են առանցքային պաշտոնների նշանակումները խնդիրներ առաջացնեն, կոալիցիան փլուզվի, ապա նոր  ընտրությունները չեն բացառվում: Իհարկե, մենք ունեցել ենք նախկինում դեպքեր, երբ կոալիցիան փլուզվել է, օրինակ, հայ-թուրքական արձանագրությունների ֆոնին ՀՅԴ-ն դուրս եկավ դրա կազմից, բայց մենք ընտրությունների չգնացինք, որովհետև ԲՀԿ-ի հետ խորհրդարանում կար ձևավորված մեծամասնություն: Եվ այլն:


Խնդիրներ կարող են առաջանալ, եթե տնտեսական, սոցիալական ճգնաժամերը խորանան կամ, Աստված չանի, ղարաբաղյան ճակատում նորից ակտիվություն նկատվի ու կառավարությունը նորից չկարողանա խաղաղության բանաձևը գտնել: Հուսանք, որ մեզ նման ցնցումներ չեն սպասում և ապագա կոալիցիոն կառավարությունը ամուր հիմքերի վրա կձևավորվի:


Լիա Խոջոյան