VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վերջերս ներքին քննարկում է ծավալվել «Իմ քայլում»՝ կարծիքները բաժանվել են։ Մի մասը հակված է Քոչարյանի ցանկացած քայլը, հայտարարությունը, նրա թիմի գործողությունները պահել խոշորացույցի տակ եւ «հակահարվածը» չուշացնել։ Իսկ ավելի ծանրակշիռ հատվածն այն կարծիքին է, որ այդպիսով ակամայից ուռճացնում են իրենց ախոյանին, պետք է որդեգրել, այսպես կոչված, անտարբերության մարտավարություն եւ Քոչարյանի դեմ պայքարը թողնել իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների եւ ֆեյքերի տիրույթում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, դեռեւս «իտոգի» չեն եկել եւ սպասում են, թե ինչ կհրահանգի Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավից առաջ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» եւ ՀՀԿ-Վանեցյան «Պատիվ ունեմ» դաշինքների միջեւ մրցակցությունը գնալով աճում է։ Թեեւ շաբաթներ առաջ գրվեց, որ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ներգրավված է Քոչարյանի նախընտրական շտաբում՝ իրավական հարցերի պատասխանատուն կլինի, սակայն երեկ հայտնի դարձավ, որ նա է գլխավորելու «Պատիվ ունեմ»-ի նախընտրական շտաբը։ Սերժ Սարգսյանին հաջողվել է նրան հետ բերել, ի դեպ՝ շտաբի աշխատանքները վերահսկում է անձամբ երրորդ նախագահը։ «Հայրենիքի» կողմից շտաբում ներգրավված կլինի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, Վահրամ Բաղդասարյանը կհամակարգի մարզային պատասխանատուների աշխատանքը։ Տեղեկություններ ունենք, որ Վանեցյանի դաշինքը ընտրությունները կազմակերպում է նախկին սովետական շրջանների սկզբունքով՝ յուրաքանչյուրում շտաբ կբացվի եւ պատասխանատու կնշանակվի։ Այժմ 2 թիմում հաշվառում են ունեցած ռեսուրսները եւ աշխատանքային թիմերի ու վստահված անձերի ցուցակներն են կազմում։ Խնդիրն այն է, որ հանրապետականներից շատերը, կարծելով, թե ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին, շտապել են միանալ Ռ․ Քոչարյանի թիմին, որպեսզի Նիկոլի վերարտադրվելու դեմն առնեն, հիմա մի մասը հետ է վերադառնում մայր-կուսակցություն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կլինի Մոսկվայում։ Այդ այցը նախատեսված էր մեկ ամիս առաջ՝ ապրիլի 13-ին, սակայն պաշտոնական Մոսկվան հրաժարվեց ընդունել, ըստ լուրերի՝ քաղաքական պատճառներով․ ՌԴ իշխանություններին զայրացրել էր, որ Փաշինյանի մոսկովյան այցից հետո գերիների հետ կապված պատմությունը բեմադրեցին՝ կեղծ լուրեր տարածեցին, թե գերիներ են բերում, ինչին ստիպված էր պատասխանել Մուրադովը։ ՀՀ ԱԺ-ին փոխանցել էին, թե Պետդումայի խոսնակի գրաֆիկը հագեցած է՝ երբ ազատ լինի, այն ժամանակ կընդունի։ Այժմ այցը տեղի կունենա, քանի որ ՌԴ իշխանությունները որոշել են ընտրություններից առաջ չթուլացնել վերահսկողությունը Փաշինյանի իշխանության նկատմամբ՝ հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքի մասին Ալիեւի վերջին ագրեսիվ հայտարարությունները եւ Արեւմուտքի շահերը։ Ի դեպ, ուշագրավ է ԲՀԿ-ի պահվածքը․ պաշտոնական պատվիրակության կազմում կլինի ոչ միայն Փաշինյանի կցորդը դարձած ԼՀԿ ներկայացուցիչը, այլեւ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։ Տարօրինակ է, որ ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ նիստերը, սակայն գործուղումներից չի հրաժարվում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եւս ակտիվ պատրաստվում է հունիսի 20-ին սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններին: Մենք տեղեկացանք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս օրերին լինելու է Աղվերանի հյուրանոցներից մեկում, որտեղ թեժ քննարկումներ են ընթանում։ Լուսավորականները որոշել են առանձնանալ, որպեսզի կարողանան դետալ առ դետալ քննարկել ընտրություններին մասնակցելու իրենց ձեւաչափի, ընտրական ծրագրի, ցուցակի անդամների հետ կապված հարցերը: Բանն այն է, որ ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում նախընտրական ցուցակում ներառելու համար, ու նաեւ այդ հարցերում է կուսակցությունում թեժ քննարկումներ ընթանում: Կարծես թե հստակեցվում է մի բան, որ ԼՀԿ-ի ցուցակի առաջին կինը ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանն է լինելու: Լուսավորականները նաեւ պատրաստվում են համագումարի. շաբաթ Երեւանում համագումար կանեն, որտեղ տարբեր հարցերի հետ կապված հստակեցումներ կմտցնեն: Ի դեպ, հստակ է նաեւ մի բան, որ ԼՀԿ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու է ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանը: Մենք փորձեցինք ԼՀԿ-ի նախընտրական ցուցակների վերաբերյալ տեղեկությունները ճշտել ԱԺ «Լուսավոր Հայաստան » խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից, որը հայտարարեց, որ ցուցակների հարց իրենք դեռեւս չեն քննարկել»:
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը որոշում կայացրեց հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից: Այս մասին նա հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում: Որոշ մանրամասներ պարզելու նպատակով «Իրավունքը» դիմեց Ն. Դիլբարյանին:
Բոլորովին վերջերս լքեցիք «ժառանգություն» կուսակցությունը: Ինչո՞ւ հենց այս պահին և առհասարակ ո՞ւմ եք տեսնում կուսակցության առաջնորդի պաշտոնում:
- Ես ոչ մեկին չեմ պատկերացնում այդ կուսակցության ղեկավարի պաշտոնում, քանզի, եթե ես հեռացել եմ այդ կուսակցությունից, ինչո՞ւ պետք է պատկերացնեմ իրենց կառույցը: Եթե պատկերացնեի, ապա չէի հեռանա: Մենք ունենք ռազմավարական և մարտավարական լուրջ տարբերություններ, ես իմ տարիները նվիրեցի այդ կուսակցությանը: Իսկ թե ինչու հիմա որոշեցի, ապա ասեմ, որ այս պահը շատ վճռական պահ է պետության համար: Հայաստանն այսօր գերճգնաժամային իրավիճակում է: Եթե այս գերճգնաժամային իրավիճակում կուսակցությունները համախմբվել չեն կարողանում, գաղափարական գործուն քայլեր անել չեն կարողանում, ապա նրանց գոյությունն ինձ համար կասկածելի է: Կուսակցությունից միայն ես չէ, որ դուրս եմ եկել: Կուսակցությունը լքել է խոսնակը, ևս երեք մարդ նույնպես լքել են, նաև ավագանու անդամներ են լքել: Հիասթափությունը շատ մեծ է, իրողությունից չի կարելի պահանջել մի բան, որը հնարավոր չէ: Ես վճռական գործողությունների կողմնակից եմ: Հիմա խոսակցություններ կան, որ դուրս եկա և քանդեցի այդ կուսակցությունը, բայց հավատացեք, ես չեմ քանդել այդ կուսակցությունը:
-Ովքե՞ր են այդ խոսակցությունները տարածում: Րաֆֆի Հովհաննիսյա՞նը:
-Այո, ինքը շատ ծանր է տանում:
-Այսինքն՝ Ձեզ մեղադրում է կուսակցությունը քանդելու մե՞ջ:
-Այո... Աստված իրենց հետ, ես իրենց խորը հաջողություններ եմ ցանկանում, եթե դրանք հնարավոր են...
-Այլ կուսակցությունից առաջարկ չե՞ք ստացել:
-Ստացել եմ, բայց հիմա ասել չեմ կարող»:
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Թե արդյոք օրենքի խախտում է այն, որ դեռ քարոզարշավը չսկսված՝ տարբեր վայրերում արդեն իսկ փակցված են այս կամ այն քաղաքական ուժի քարոզչական պաստառները, հետաքրքրվեցինք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից: Արտահերթ ընտրություններում քարոզարշավի մեկնարկից հետո, եթե կլինեն քարոզարշավի կանոնների խախտումներ, դրանք կվերացվեն, և կկայացվեն համապատասխան որոշումներ: Եթե կլինեն քարոզչական պաստառներ, որոնք փակցված կլինեն ոչ այն վայրերում, որտեղ օրենքը թույլ է տալիս, փակցված կլինեն օրենքի խախտումով, չեն պարունակի օրենքով սահմանված նշագրումներ, դրանք կհեռացվեն: Իսկ մինչ այդ, Ընտրական օրենսգիրքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար որևէ գործառույթ չի նախատեսում: Ընտրական օրենսգիրքը նախատեսում է սանկցիաների կիրառում բացառապես ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտների նկատմամբ: Օրենսգրքում առկա կանոնները սկսում են գործել քարոզարշավի մեկնարկի պահից սկսած: Մենք պետք է ունենանք թեկնածու, որ թեկնածուին վերագրենք քարոզչություն: Եթե չկա գրանցում, չկա նաև թեկնածու, այս պարագայում | նրանց նկատմամբ հնարավոր չէ կիրառել քարոզչության էլեմենտներ»
«Իրավունք» օրաթերթը գրում է.«ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է 266 էջանոց զեկույց, որտեղ տեղ են գտել Սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին տեղեկություններ: Փաստերն արդեն իսկ ուղարկվել են դատախազություն: Դրանք վերաբերում են 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյանն էր: Համաձայն զեկույցի՝ պարզվում է, որ կոռուպցիայի և թալանի մասին սրտաճմլիկ ելույթներ ունեցող այս իշխանությունն է հենց թաթախված այդ ամենի մեջ: Օրինակ՝ 2019 թվականի օգոստոսի 10-ին մահացել է մի քաղաքացի, որը մահից երկու օր անց «պրոթեզավորվել է» և նաև «դիմում է գրել»: Պետական ծրագրերով լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ են ձեռք բերվել, ու հայտնաբերվել է, որ 67 շահառուներ երկրում չեն եղել, ընդ որում՝ դրանցից 40-ը մինչև 2019 թվականը լքած են եղել հանրապետությունը: Նույն ծրագրով պարզվել է նաև, որ սրունքի պրոթեզավորման վճարները 59 հազար դրամով ավել են եղել, քան նախատեսված է եղել մրցութային ծրագրով և կնքված պայմանագրում: Անօթևանների համար նախատեսված ծախսերով 22 հազարից ավել անձ է սպասարկվել, և 16 միլիոն դրամից ավել գերածախս են տվել: Եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ տուն- ինտերնատի 11 բնակիչների անունով կատարվել է օրենքի խախտումներով անշարժ գույքի գործարքներ, որոնցից 10-ը՝ առանց խնամակալի մասնակցության: Այդ թվում՝ տուն-ինտերնատում բնակվող շահառուն, որը, գլխավոր տնօրենի պարզաբանմամբ, չի լքել տուն-ինտերնատը, բայց 2019 թվականի մայիսի 2-ին և 2020 թվականի օգոստոսի 15-ին գործարքներ է կնքել Կադաստրի կոմիտեում և արդյուքնում վաճառել է իր անշարժ գույքը: Եղել է նաև դեպք, որ 2019 թվականի փետրվարի 6-ին մահացել է քաղաքացի, սակայն մահից հետո ժառանգություն է ձևակերպվել, և նորից Կադաստրում գործարքներ են կատարվել: Եվ սա ընդամենը առկա փաստերից մի քանիսն են: Թե այսպիսի աղաղակող փաստերի վերաբերյալ արդյոք կա արդեն հարուցված քրեական գործ դատախազությունում, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեվիկ Խաչատրյանից: Նա տեղեկացրեց, որ վերոնշյալ փաստերը դեռ ուսումնասիրման փուլում են՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, իշխանությունը հատկապես ինտենսիվ աշխատում է կրիմինալ աշխարհի վրա՝ փորձում է լեզու գտնել եւ իր դաշտ բերել բոլոր գողականներին, կիսագողականներին, հեղինակություններին եւ առհասարակ՝ ձայների քիչ թե շատ քանակ ունեցող անձանց։ Եվ դրա համար իշխանության լիազոր անձինք հանդիպում-բանակցում են նրանցից շատերի հետ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերում, որ աշխատեն իշխանությունների օգտին։ Նրանք, ի դեպ, միշտ էլ իշխանությունների օգտին են աշխատել։ Նաեւ այդ նկատառումներով, բերդերից հանում են ոմանց։ Սա էլ է նախկին իշխանությունների ձեռագիրը։ Օրերս կալանքից ազատվել է քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, սակայն նրա փաստաբաններն այս փաստը գաղտնի են պահել։ Դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ Վարդանյանն ազատ է արձակվել մայիսի 3-ին՝ գրավով։ «Առաջին ատյանի դատարանը, որը, ըստ էության, քննում է գործը, բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը։ Դատախազությունն այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է այսօր ներկայացրել»,- փոխանցեցին դատախազությունից։ Հիշեցնենք․ Վարդանյանն ազատ էր արձակվել հունվարին՝ 75 միլիոն դրամ գրավի դիմաց: Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր, եւ նա կրկին կալանավորվել էր՝ մոտ տասն օր ազատության մեջ մնալուց հետո։ Հիմա, փաստորեն, կրկին ազատ են արձակել։ Արամ Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման եւ փողերի լվացման մեջ։ Այս գործով նիստը դատարանը քննում է դռնփակության կարգով":
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ողջ աշխարհը գտնում է, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ, իսկ Ալիեւը առանձնակի համառությամբ պարբերաբար հայտարարում է, թե ինքը պատերազմով լուծել է այն: Ադրբեջանի առաջնորդը ստիպված է լինելու վերադառնալ քաղաքական բանակցությունների սեղանի շուրջ՝ ուշ թե շուտ հասկանալով, որ առանց դրա տարածաշրջանային համագործակցության որեւէ ձեւաչափ, որի մասին անընդհատ խոսում են ինքը եւ Թուրքիան, հնարավոր չի լինի իրականացնել: Արցախի կարգավիճակի հարցում Ալիեւի կողմից ջայլամի քաղաքականության վարումը վերջինիս կանգնեցնելու է փակուղու առաջ, եւ վերջին հաշվով Ադրբեջանում դե ֆակտո հարց լուծող Թուրքիան կստիպի նրան վերսկսել բանակցությունները, քանի որ վերջինիս նկատմամբ միջազգային ճնշումներն արդեն գագաթնակետին են հասել, եւ նա սկսել է տեղի տալ դրանց»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումների եւ հետեւանքների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Միջին Արեւելքի հարցերով փորձագետ Հարութ Առաքելյանի հետ։ Նրա խոսքով, հակամարտության սրացումը սպասելի էր այնքանով, որ 4-րդ ընտրություններից հետո Բենյամին Նեթանյահուին այդպես էլ չհաջողվեց 28 օրվա ընթացքում կազմել կոալիցիոն կառավարություն։ Մյուս կողմից, իրավիճակի թեժացումները եղան Ղոդսի օրը, որը մուսուլմանական աշխարհում Ռամադան ամսվա վերջին ուրբաթն է։ Հիմնականում շիաներն են տոնում, որը 42 տարի առաջ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի կողմից Ղոդսի օր անվանվեց: Ղոդսը Երուսաղեմի արաբական անվանումն է։ Ամեն տարի այդ օրը, որպես բողոքի նշան Ղոդսի գրավման, իսլամական աշխարհում տեղի են ունենում ցույցեր, որոնք այս տարի վերածվեցին բախումների։ Փաստորեն, Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից բռնի ուժի կիրառումը եւ խնդիրը կոշտ միջոցներով լուծելը, կարծես, Պանդորայի արկղ լինեին, որի բացվելուց հետո այլ հակամարտությունների կողմերը նույնպես փորձում են կոշտ միջոցների կիրառման ճանապարհով լուծումներ տալ իրենց խնդիրներին։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի համար պաղեստինաիսրայելական հակամարտության թեժացումը, Առաքելյանը նկատեց, որ եթե այն չվերահսկվի եւ դուրս գա այդ տարածաշրջանից, ապա ուժի կիրառումը կլուծի բոլոր խնդիրները...»: