VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակը հեշտությամբ չի ձեւավորվում։ Թեեւ բոլոր ուժերի համար էլ ամենաբարդը ցուցակների հարցն է լինելու՝ ինչպես ընտրել մրցունակ տասնյակ, չնեղացնելով թիմակիցներին։ Մեզ հասնող լուրերից հասկանում ենք, որ Քոչարյանն առանձնակի բծախնդրությամբ է վերաբերվում իր դաշինքի ցուցակին, եւ հատկապես բարդ է ցուցակի կին թեկնածուների հարցը։ Ըստ օրենքի՝ ցուցակում ամեն երրորդը պետք է կին լինի։ Իսկ ակտիվ կանայք շատ չեն։ Եթե սկզբում խոսում էին, որ առաջին կինը լինելու է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ապա՝ 5-րդ ալիքի մեկնաբան Ագնեսա Խամոյանը, հիմա, ըստ լուրերի, ցուցակը կազմողը մտքափոխվել է, եւ առաջին կին թեկնածուն, այս պահի դրությամբ, նախկին պատգամավոր, Քոչարյանի հավատարիմ զինակից Էլինար Վարդանյանն է, երկրորդը՝ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը, երրորդը կլինի դաշինքի մաս կազմող Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Իմ քայլի» նախկին պատգամավոր, այժմ՝ անկախ, սյունեցի Աննա Գրիգորյանը։ Շեմն անցնելու շանս ունեցող քաղաքական ուժերի լիդերները հասկանում են, որ հարկավոր են ուժեղ, պատրաստված, փորձառու քաղաքական գործիչներ, բայց տարբեր ճնշումներն ու բամբասանքներն իրենց դերը խաղում են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որը գնել է նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, այն գլխավորելով՝ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս ամենից զատ, մեր տեղեկություններով, Արզաքանցյանը գնել է Երեւանում եւ մարզերում առկա գովազդային վահանակները՝ իր բիզնեսը գովազդելու անվան տակ։ Սակայն հիմա պարզվում է, որ այդ գովազդային վահանակները պետք են արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի իր քաղաքական գովազդն անի։ Նշենք, որ քարոզչապաստառների վահանակների ամսական վարձավճարը տատանվում է 70 հազարից մինչեւ 345 հազար դրամի սահմաններում: Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության նպատակով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հատկացված է 735 վահանակ: Ամենաթանկ գները սահմանված են Երեւանի վերգետնյա 3 հետիոտնային անցումներին ամրացված էլեկտրոնային վահանակների համար՝ 338 հազար 400 դրամ: Խոսքը Սեբաստիա փ.-ի վերգետնյա անցման, Բաբաջանյան փ.-ի վերգետնյա անցման եւ Շիրազի փ.-ի վերգետնյա անցման մասին է: Այս գները վերաբերում են 5 քմ տարածքը գերազանցող վահանակներին, որոնք վճարովի են, սակայն, բացի դրանից, վահանակներ պետք է տրամադրվեն նաեւ անվճար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում երեկ ծավալված իրադարձությունները՝ Իշխանասարի ուղղությամբ թշնամու մոտ 3 կիլոմետրանոց առաջխաղացումը, տագնապի զգացում առաջացրեց։ Մի կողմից՝ կրկին պատերազմի վտանգը կախվեց երկրի գլխին և սեպտեմբեր-հոկտեմբերի մղձավանջի կրկնությունը՝ որպես չարագուշակ աղետ։ Մյուս կողմից՝ հուսահատության զգացումը պատեց մեզ, երբ պարզվեց, որ թշնամին անարգել առաջ է շարժվել, և իշխանությունները տեղյակ էլ չեն դրանից։ Ավելին՝ փորձում են կրկին խաբել ու մոլորեցնել հանրությանը, թե՝ մի անհանգստացեք, ոչինչ չի եղել։ Եվ եթե չլինեին ըմբոստ ու հայրենասեր սյունեցիները, որոնց նկատմամբ փաշինյանական իրավապահները հարյուրավոր քրեական գործեր են հարուցել, մենք կխարխափեինք անտեղյակության մեջ, և Պաշտպանության նախարարությունն էլ ոչինչ չէր ձեռնարկի։ Երեկվա դեպքերից հետո մենք կրկին սուր զգացինք, որ պետությունը դադարել է գործելուց, որ մեր երկիրն անտերության է մատնված։ Մանավանդ երբ լուր ստացանք, որ Ալիևի կինն արդեն Շուշիում թեյ է խմել և մուղամ լսել։ Ճիշտ է՝ ֆորմալ առումով դեռ ունենք վարչապետ, որն անգամ դրսից ժամանած հյուր էր երեկ ընդունում՝ Վրաստանի վարչապետին, ունենք կառավարություն, սակայն չկա տեր՝ սահմանը հսկող, պատասխանատվություն կրող։ Մեր հույսը սահմանամերձ գյուղերի բնակիչներն են, որ քարի դարի նմանությամբ ժամանակին աղմուկ կբարձրացնեն, և մենք ազգովի կշտապենք դեպի սահման՝ մեր երկիրը պաշտպանելու։ Բայց այդ պարագայում ինչո՞ւ ենք պարազիտների մի հսկա բանակ պահում՝ մեր հարկերից աշխատավարձ տալիս, ենթարկվում նրանց գրած ու ընդունած օրապակաս օրենքներին։ Եթե մեր հույսը մեզ վրա է, ուրեմն պետք է ցրել կառավարություն ու խորհրդարան, Պաշտպանության նախարարություն ու ԱԱԾ և ապրել վաղնջական ժամանակների ցեղի նման»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարին՝ Մուրադովին, արդեն փոխարինող կա․ հաջորդ 6 ամիսն Արցախում ծառայությունը կշարունակի ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեեւը։ Նա այսօր կժամանի Ստեփանակերտ, 2 շաբաթվա ընթացքում գործերի ընդունում-հանձնում տեղի կունենա։ Ավդեեւն ազգությամբ ուզբեկ է, ծնվել է 1967-ին, Տաշքենդում, մոտոհրաձգային զորքերի գեներալ է: Պարգեւատրվել է ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 3-րդ եւ 4-րդ աստիճանի, Ժուկովի, «Զինվորական վաստակի համար», «Բարեկամության» շքանշաններով, Սուվորովի մեդալով եւ ՌԴ այլ գերատեսչական պարգեւներով։ Ռուստամ Մուրադովն էլ է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալը։ Մուրադովի ջանքերի շնորհիվ հայրենիք վերադարձան Ադրբեջանում գերեվարված 67 ռազմագերիներ։ Մենք գրել էինք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նամակ է ուղարկել Ռուսաստանի իշխանություններին՝ Մուրադովի հասցեին բացասական գնահատականներով եւ հորդորով, որ Արցախում ծառայությունը չերկարաձգեն, չնայած փոխվարչապետի մամուլի խոսնակը հերքեց այդ տեղեկությունը։ Նշենք նաեւ, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ։ Եթե կողմերը առարկություններ չունեն, ապա կարող է երկարաձգվել զորախմբի հրամանատարի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Մուրադովը «Հրապարակի» հարցին ի պատասխան ասել էր, որ Հայաստանի իշխանությունները սեփական ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, դրանից հետո, հավանաբար, ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որ նրան փոխեն։ Մենք փորձեցինք Մուրադովի փոփոխության մասին տեղեկությունը ճշտել Արցախի նախագահի մամուլի խոսնակից, սակայն նա ասաց, որ տեղյակ չէ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին հետ են կանչում Երեւան։ Ընդ որում՝ տեղեկատվությունն իրարամերժ է։ Մի աղբյուրից ստացած ինֆորմացիայով՝ իրանական կողմը դժգոհություններ է հայտնել դեսպանի աշխատանքից, եւ դա է հետկանչի պատճառը, չնայած Արտաշես Թումանյանն արդեն 6 տարի է՝ այդ պաշտոնում է, եւ կարող է հետկանչը տեղավորվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով նախատեսված ռոտացիայի շրջանակներում։ Սակայն մեկ այլ աղբյուր հայտնեց, որ Թումանյանին հետ են բերում Հայաստան, որպեսզի ԱԳ փոխնախարար նշանակեն։ Բանն այն է, որ Ա․ Թումանյանը 1999-2000 թվականներին եղել է ԱԳ առաջին փոխնախարար, ապա՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, դրանից առաջ՝ պատգամավոր, հարկայինի պետ, այսինքն՝ փորձառու չինովնիկ է, իսկ քանի որ կառավարման համակարգում անտերություն է, եւ աշխատանքային կարգապահությունն էլ խիստ նվազել է, լավ կառավարիչ են փնտրում, եւ նա հարմար է այդ պաշտոնի համար։ Պարոն Թումանյանը մեր գրավոր հարցը՝ իր հետկանչի մասին, կարդաց եւ չպատասխանեց»:
«168 ժամ» օրաթերթը գրում է. «Սյունիքում երեկ տեղի ունեցած միջադեպը, որը միջադեպ կարելի է անվանել խիստ պայմանականորեն, բացահայտեց Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող մի շարք թաքնված ու վտանգավոր շերտեր։ Այն հերթական անգամ ցույց տվեց, որ պետություն՝ որպես ինստիտուցիա, գործնականում գոյություն չունի․ տեղի ունեցածի մասին առանձին ոչ պաշտոնական տեղեկությունների հայտնվելուց մի քանի ժամ անց միայն Պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որտեղ կատարվածը գնահատվեց՝ որպես ադրբեջանցիների կողմից «սահմանների ճշգրտման» գործընթաց՝ անուղղակիորեն լեգիտիմացնելով այն։ Ժամեր անց ոչինչ չասող հայտարարությամբ հանդես եկավ նաև Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ իշխանական առանձին դեմքեր, տարբեր մարզպետարաններ կամ ընդհանրապես հերքեցին տեղի ունեցածը, կամ հանդես եկան հերթական ցնդաբանություններով, այդ թվում՝ նշելով, թե միջադեպը եղել է «չպահպանվող դիրքի շուրջ»։ Այդ ամբողջ ընթացքում առաջացավ մեծ տեղեկատվական վակուում, որը լցվեց ամեն ինչով՝ կիսահավաստի տեղեկություններից՝ մինչև պրովոկատիվ նպատակներ հետապնդող ինֆորմացիոն աղբ։ Պետության բացակայության պայմաններում հասարակությունը ստիպված էր սպառել դա՝ ապրելով շոկի ու անորոշության հերթական ցնցումը։ Կատարվածը, սակայն, ուներ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին շերտեր։ Ադրբեջանցիների հերթական սադրանքը հաջորդեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան և Բաքու կատարած այցերին՝ տպավորություն թողնելով, որ դա կա՛մ այցին հաջորդած հետևանք էր, կա՛մ այցից դժգոհության առիթով հայտնված դեմարշ։ Տեղի ունեցածի արտաքին ևս մեկ կարևոր շերտ էր ՀԱՊԿ-ի լռությունը․ ըստ տարբեր տեղեկությունների, ադրբեջանցիները շուրջ երեք կիլոմետր առաջ են եկել Հայաստանի սահմանից, որը նաև ՀԱՊԿ-ի սահմանն է ու պայմանագրային պարտավորություններով՝ ՀԱՊԿ-ի արձագանք ենթադրող սահման է։
ՀԱՊԿ-ն, սակայն, լուռ էր, գրեթե այնպես, ինչպես Հայաստանի բարձրագույն իշխանությունը։ Եվ եթե ՀԱՊԿ-ի լռությունը կարող է պայմանավորված լինել աշխարհաքաղաքական շահերով, ապա Հայաստանի իշխանությունների պարագային լռության աղբյուրը ներքաղաքական շահն է։ Արտահերթ ընտրություններում իշխանությունը պահպանելու Նիկոլ Փաշինյանի շանսերը նվազում են ամեն օրվա հետ։ Բացառված չէ, որ արդեն իսկ նվազել են այնքան, որ նրա համար անհնարին է թվում ընտրություններում անգամ կեղծիքներով հաղթելու հնարավորությունը։ Մնում է իշխանությունը պահպանելու միայն մեկ տարբերակ՝ չեղարկել կամ առնվազն հետաձգել ընտրությունը, ինչի համար պատերազմի սպառնալիքը կամ իմիտացիոն պատերազմը կարող է հրաշալի առիթ դառնալ՝ հնարավորություն տալով ռազմական դրության կամ այլ հիմնավորմամբ չեղարկել ընտրությունները։ Այս համատեքստում պետք չէ բացառել, որ Ալիևն այդ քայլով փորձել է աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Բոլոր նրանք, ովքեր անհավանական կհամարեն այդ տարբերակը, կարող են պատասխանել պարզ հարցի՝ արդյոք իշխանությունը պահպանելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցի ընտրության մեջ խտրություն կդնի՞, թե՞ ոչ։ Պատասխանն ակնհայտորեն բացասական է, իսկ դա նշանակում է, որ նրա համար ընդունելի են իշխանության պահպանման, առանց բացառության, բոլոր, այդ թվում՝ ադրբեջանական հնարավորությունները։ Իսկ այն, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի համար գերագույն արժեք է, օրեր առաջ բացահայտեց նրա թիմակիցներից մեկը՝ խորհրդարանի բարձր ամբիոնից։ Եվ եթե տեղի ունեցածը հենց այդ սխեմայի դրսևորում է, ապա պետք չէ բացառել ամենամոտ ապագայում նման «կիրթ միջադեպերի» կրկնությունները, քանի որ Նիկոլ Փաշինյանին հիմա հուզում է միայն մեկ հարց՝ իր համար ամենաթանկի՝ իշխանության պահպանումը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ և իշխանական «հարթակներ» պարբերաբար հայտարարում են այն մասին, թե իշխանության դիրքերն ամուր են, և իրենք քվեի խնդիր չունեն, այնուհանդերձ, իրականում իրենք էլ գիտեն, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության կողմից պատվիրված վերջին սոցհարցումներից հայտնի է դարձել, որ տխուր պատկեր է հատկապես մայրաքաղաքում, ավելին՝ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ Երևանում հնարավոր է ՔՊ-ն հայտնվի երրորդ հորիզոնականում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները, գնահատելով գոյություն ունեցող ռիսկը, փորձում են այլընտրանքային տարբերակներ գտնել։ Մասնավորաբար, մենք հստակ տեղեկություն ունենք, որ Երևանի մի շարք վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել են համատիրությունների միջոցով դուրս գրել այն մարդկանց ցուցակը, ովքեր ՀՀ-ում չեն բնակվում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանության մի քանի տասնյակից ավելի «կամավորներ», համատիրությունների ցուցակները ձեռքներին, շրջում են շենքերում և փորձում ունենալ մայրաքաղաքի բոլոր «փակ դռների» ամբողջական քարտեզը։ Թե կոնկրետ դա ինչներին է պետք, առայժմ պարզել չհաջողվեց»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նեղված բողոքում էր, թե իրենց մեղադրում են, որ կառավարման ամբողջ համակարգը ձախողված է: Հնարավոր ամեն կերպ ուզում էր ապացուցել, որ այդպես չէ: Լավ, սովորույթի ուժով մանիպուլ յացիա էր անում, արդարանում էր, դա հասկանալի է: Բայց, ի վերջո, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր շոշափելիորեն զգում է այդ ձախողումների հետևանքները: Երեկ լրատվական դաշտում ամբողջ օրը տեղեկություններ էին շրջանառվում Սյունիքի (ապա նաև Գեղարքունիքի) սահմաններին տեղի ունեցող մտահոգիչ երևույթների մասին: Տեղերից ստացվում էին անհանգստացնող տեղեկություններ:Պաշտոնական աղբյուրները լռում էին, իսկ «քայլողները» կոչ էին անում ապատեղեկատվություն չտարածել, ավելին՝ ոմանք նույնիսկ իրենց թույլ էին տալիս վիրավորել մարդկանց, ովքեր հենց իրադարձությունների կիզակետում են: «Ստախոսի տանը հրդեհ է բռնկվում, ոչ ոք չի հավատում»: Ժողովրդական այս ասացվածքը ճիշտ երեկվա համար է. որքան շատ էին նիկոլական պատգամավորներն ու քարոզիչները փորձում հերքել, կասկածներն այնքան խորանում էին: Ի վերջո, ՊՆ-ն բարեհաճեց հայտարարություն անել՝ տեղեկացնելով, որ «ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում»։ Հավելեցին, որ բանակցություններ են ընթանում: Ի դեպ, տպավորություն էր, որ եթե մամուլը չահազանգեր, իշխանություններն ու մասնավորաբար ՊՆ-ն չէին էլ իմանա՝ ինչ է կատարվում Հայաստանի սահմաններին: Մանրամասների մասին երեկ շատ է խոսվել: Պարզապես հերթական անգամ արձանագրենք, որ այս իշխանությունները ոչնչի ունակ չեն, առավել ևս՝ երկրի անվտանգության առումով: Թշնամին անում է՝ ինչ ցանկանում է, Հայաստանի քաղաքացին, տեղական իշխանությունները մնացել են միայնակ, պետական կառույցներն իրարից անտեղյակ են: Իսկ օդում շարունակում է կախված մնալ հերթական փորձանքի ու անապահովության զգացողությունը: Ու այսպես, ցավոք, շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն ու իր թիմը իշխանության ղեկին են: Ի դեպ, ուշագրավ է, որ Սյունիքում բանակցություններ վարող ամենաբարձրաստիճան պաշտոնյան, մեր ունեցած տեղեկություններով, Գորիսի քաղաքապետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Առուշ Առուշանյանն էր»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԱԾ-ում քննվող քրեական գործից, որի շրջանակներում բացահայտվել է պետական դավաճանության դեպք: Մասնավորապես, երեկ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ՀՀ բարձրաստիճան զինվորականը Վրաստանում պարբերաբար հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ, նրանց փոխանցել պետական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիա եւ կալանավորվել է: Հետաքրքիր է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ թվեր նշված չէին, եւ, ըստ էության, պարզ չէր, թե այս դեպքը երբ է բացահայտվել, զինվորականը երբ է ինֆորմացիան փոխանցել, ինչը բավականին կասկածներ է առաջացնում: Եվ «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ այս դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին, ավելին՝ զինվորականը նախկին թոշակառու է եւ ԱԱԾ-ում իր ցուցմունքում էլ ասել է, որ իր կողմից հայտնած տեղեկությունով այնպիսի վիճակ է ստեղծել, որ կարողանային գնալ Վրաստան, հանդիպել Ադրբեջանի հյուպատոսի հետ եւ նրան որեւէ վնաս պատճառել: Եվ այսօր տարակուսելի է, թե ինչու է ԱԱԾ-ն 2011 թ. դեպքի մասին հիմա հայտնում, երբ այդ անձն արդեն երկու տարուց ավելի է՝ կալանավորված է։ Պարզվում է՝ ԱԱԾ-ի այս նոր ոճը որդեգրել է կառույցի ներկայիս ղեկավարի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ փորձելով ցույց տալ, թե իր նշանակվելուց հետո խոշոր լրտեսության բացահայտումներ են լինում։ Բայց, պարզվում է, կեղծ էր նաեւ այս ինֆորմացիան, թեեւ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հովանավորյալ պաշտոնյայից դժվար էր այլ լրջության քայլ սպասել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հետպատերազմյան Հայաստանում քաղաքական կյանքը շատ բուռն է, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից սկսած՝ մայրաքաղաքում հանրահավաքների ու մասսայական երթերի պակաս չի եղել: Ամեն հանրահավաքից հետո կազմակերպիչների, ՀՀ ոստիկանության ու ՀԿ-ների` հավաքների մասնակցության թվերի մասին տվյալները, սովորության համաձայն, տարբերվել են, ինչը մեր երկրում կարծես թե բնական է դարձել: Օրինակ` 2021թ.-ի մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ (մեկնարկը 18:00), ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, 18:54-ին ներկա է եղել շուրջ 26հզ մարդ, այդ օրվա հանրահավաքի մասնակիցների մասին իշխանությունները այլ կարծիք ունեն եւ խոսում են 40-50 հազարից ավելի մարդու մասին: Մյուս հանրահավաքը մայիսի 9-ին Օպերայի հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքն էր (մեկնարկը 16:00), որին, ըստ նույն աղբյուրի, 16:42-ի դրությամբ մասնակցել է շուրջ 8000 մարդ, կազմակերպիչները խոսում են 2-3 անգամ ավել թվի մասին: Բազմաթիվ են այլ հավաքներն ու բողոքի ակցիաները, որոնք առավել սակավամարդ են եղել, օրինակ` ս/թ ապրիլի 22-ին Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ ժամը 18։30-ից մեկնարկել էր ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքը, որի մասնակիցների թիվը, ըստ նույն աղբյուրի, 18:53-ի դրությամբ եղել է շուրջ 800 հոգի, կազմակերպիչները, բնականաբար, այլ թիվ են տվել։ Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Փաշինյանի հրավիրած հավաքն առնվազն 3 անգամ ամենաբազմամարդն է եղել պատերազմից հետո հրավիրված բոլոր հավաքներից, թեեւ խոսվում է նաեւ, որ վարչական ռեսուրսների հաշվին է եղել։ Բայց նույնիսկ այս թվերը խոսում են ոչ թե քաղաքական որեւէ ուժի ազդեցության, այլ բոլորի քաղաքական պարտության մասին: Արցախի մի մասը կորցրած, 20 տարի կոռուպցիայի ու գրեթե չդադարած արտագաղթի պայմաններում մեր քաղաքացիներն այդպես էլ չգտան այն քաղաքական ուժին կամ գաղափարախոսություն, որի հետեւից կգնան, հոգնել են մարդիկ ու հանգիստ են ուզում: Այո, թե՛ սոցհարցումները, թե՛ հավաքների մասնակցությունը, թե՛ անզեն աչքով դիտարկումները խոսում են Փաշինյանի հնարավոր հաղթանակի մասին, սակայն ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ մյուսների հնարավոր հաղթանակը, կարծես թե, երկրի զարգացման հույս դեռ չի ներշնչում։ Ամեն ինչ ավելի քան լուրջ է»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը (Ֆիզիոթերապիայի ինստիտուտ) ներառված էր պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում, սակայն միայն այս տարվա հունվարին հայտարարվեց ինստիտուտի 100 տոկոս պետական բաժնետոմսերը վաճառելու մասին։ «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ այն գնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Նույն աղբյուրները փոխանցում են, որ ցանկություն կա այն վերապրոֆիլավորել և ստեղծել ախտորոշիչ կլինիկա: Մենք գրավոր հարցմամբ դիմել էինք վարչապետի աշխատակազմ՝ ճշտելու տեղեկությունը: Ստացել ենք այսպիսի պատասխան. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի հետ որևէ առնչություն չունի»: Ի դեպ, ուշագրավ է, որ հենց այս օրերին որոշվեց աշխատանքից ազատել ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրենի ԺՊ Տիգրան Վահրամյանին: «Շատ անսպասելի ստացել եմ բանավոր առաջարկ՝ գրել դիմում զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ կամ կհեռացվեմ աշխատանքից, որպես վատ կառավարիչ վերադասի հրամանով՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանից»,- գրել է Վահրամյանը, ապա հավելել, որ դիմել է և դիմելու է օրինականությունը վերականգնելու և իրականությունը պարզելու համար բոլոր հնարավոր օրինական քայլերին: Թե որքանով է ինստիտուտի վաճառքի գործընթացը կապված այս որոշման հետ, ցույց կտա ժամանակը: