22.11.2024
Մամուլ. Ռոբերտ Քոչարյանի բծախնդրությունը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը չունի կարմիր գծեր և ընդունակ է շատ անբարոյական քայլերի. «5165»-ի համահիմնադիր

Մեծ է հավանականությունը, որ այս ընտրությունները ևս չեն օգնի հաղթահարել քաղաքական ճգնաժամը, և կարճ ժամանակ հետո, եթե որևէ հրաշք տեղի չունենա, նորից արտահերթ ընտրություններ անցկացնելու խնդրի առաջ ենք կանգնելու: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց «Իրավական պետություն» կուսակցության նախագահ, «5165» համահիմնադիր Վարդան Քալանթարյանը:


Խնդիրը նրանում է, շարունակեց նա, որ հանրությանը տրված չէ ընտրություն կատարել լավի և լավագույնի միջև, այլ պարտադրվել է ընտրել վատի և վատագույնի միջև, ինչը նշանակում է, որ քաղաքացիները զրկված են  ճիշտ ընտրություն կատարելու հնարավորությունից:


"Շատ ուժեր կան, ի դեմս «5165» շարժման, որ նոր են հայտ ներկայացրել, և մեր ասելիքը դեռ մարդկանց համար հասանելի չէ: Ժամանակ է հարկավոր, որ մեր ծրագրային դրույթները և գաղափարախոսությունները ներկայացնենք, ինչն էլ, համոզված եմ, հնարավորություն կտար ճիշտ ընտրություն կատարելու: Իսկ նման պայմաններում քաղաքացիների համար դժվար է լինելու ընտրություն կատարելը",- ասաց նա:


Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե որևէ մեկը հույս չունենա, որ իշխանություն է վերցնելու, Քալանթարյանն ասաց, որ նման հայտարարությունը որևէ արժեհամակարգում չի տեղավորվում, թեև ինքը լավ գիտի, որ "այդ անձը չունի կարմիր գծեր և ընդունակ է շատ անբարոյական քայլերի":


"Այն, որ պետական ռեսուրսները և հնարավոր բոլոր միջոցները նա կգործադրի, որպեսզի նորից վերարտադրվի՝ դրանում ես կասկած չունեմ, բայց միևնույն ժամանակ ես չեմ ուզում կասկածել իմ ազգի սթափությանը: Նիկոլ Փաշինյանն ընտրական կեղծարարությունից մինչև կաշառքներ, որի մասին միշտ ինքն է թմբկահարել, օգտագործելու է: Եթե Փաշինյանը գոնե մի քիչ հայրենասեր լիներ, ապա հրաժարական կտար պատերազմից հետո, իսկ քանի որ դա չի արվում, ապա ազգը ղեկավարի հետ մտնում է պարտվածի բարդույթի մեջ, ու նրան այլևս դեպի հաղթանակ տանելու գաղափարներ չեն լինում: Միայն նոր ղեկավար ընտրելով հնարավոր է մոտիվացվել նոր հաղթանակների ու պայքարի համար",- հավելեց նա: