ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել վերջին պատանդներին, Թրամփը հայտարարել է Գազայի պատերազմի ավարտը
Լուսանկարը` IDF
2023 թվականի հոկտեմբերի ողբերգական դեպքերից երկու տարի անց Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը պաշտոնապես ավարտված է։ Ինչպես հաղորդում է «Բի-բի-սի»-ն, խաղաղության հաստատման առանցքային քայլ է դարձել Գազայի հատվածում գերության մեջ գտնվող իսրայելցի վերջին պատանդների ազատ արձակումը։
ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված լայնածավալ խաղաղության համաձայնագրի շրջանակում ազատության մեջ է հայտնվել 20 իսրայելցի, իսկ իսրայելական բանտերից ազատ է արձակվել շուրջ երկու հազար պաղեստինցի։ Ռազմական գործողությունների ավարտն ազդարարվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայել կատարած անձնական այցով։
Պատանդների ազատ արձակումն իրականացվել է երկու փուլով՝ Կարմիր խաչի ներկայացուցիչների դիտորդությամբ։ Հոկտեմբերի 13-ի առավոտյան Գազա քաղաքում հանձնվել են առաջին յոթ պատանդները՝ Գալի և Զիվ Բերմանները, Մատան Անգրեստը, Ալոն Օհելը, Օմրի Միրանը, Էյթան Մորը և Գայ Գիլբոա-Դալալը։ Թել Ավիվի Պատանդների հրապարակում նրանց անունների հրապարակումն առաջացրել է բուռն ցնծություն․ հազարավոր մարդիկ արցունքն աչքերին են ողջունել լուրը։ Ավելի ուշ ազատ է արձակվել 13 հոգուց բաղկացած երկրորդ խումբը։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է, որ բոլոր ազատ արձակվածներին դիմավորել են զինծառայողներն ու «ՇԱԲԱԿ»-ի անվտանգության աշխատակիցները, որից հետո նրանց տեղափոխել են Իսրայելի տարածք՝ բժշկական զննություն անցնելու համար։
Հրադադարի մասին համաձայնագիրը ԱՄՆ-ի կողմից առաջարկված համապարփակ ծրագրի մի մասն է։ Դրա պայմանների համաձայն՝ Իսրայելը ոչ միայն ազատ է արձակել շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալների, այլև ամբողջությամբ դադարեցրել է կրակը Գազայի հատվածում՝ սկսելով զորքերի դուրսբերումը դեպի նոր դիրքեր։ Գործընթացի գագաթնակետը դարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը, որը հոկտեմբերի 13-ին ժամանեց Իսրայել և պաշտոնապես հայտարարեց տարածաշրջանի նորագույն պատմության ամենաարյունալի հակամարտություններից մեկի ավարտի մասին։