Ոչ պաշտոնական շփումներ Թուրքմենստանում. Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ զրույցների մասին
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, որտեղ թեև նախապես համաձայնեցված երկկողմ օրակարգ չկա, սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ակնկալվում են ակտիվ կուլուարային քննարկումներ:
Հոկտեմբերի 8-ին կայացած կառավարության նիստին հաջորդած ավանդական ճեպազրույցի ժամանակ կառավարության ղեկավարը մանրամասներ է հայտնել առաջիկա միջազգային համաժողովի դիվանագիտական սպասումներից։ Չնայած պաշտոնական բանակցություններ նախատեսված չեն, Փաշինյանը վստահեցրել է, որ միջոցառման ձևաչափն ինքնին ենթադրում է անմիջական երկխոսություն գործընկերների հետ։
«Թուրքմենստանում վստահաբար շփումներ կլինեն և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ։ Այսօր և վաղը նույն տարածքում ենք լինելու, և այդ ձևաչափերում շփումներ լինում են միանշանակ։ Բայց պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ։ Եթե հընթացս պարզվի, որ անհրաժեշտություն կա, գուցե դա էլ հնարավոր կլինի»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ անմիջական զրույցներն անխուսափելի են լինելու:
Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ դիվանագիտական նման պրակտիկան նորություն չէ. նախկինում ևս եղել են դեպքեր, երբ կողմերը տեղում են պայմանավորվել և հանդիպել, երբ արձանագրվել է փոխադարձ կամ կոնկրետ հարցի քննարկման հրատապ անհրաժեշտություն։