23.11.2024
Մենք շահագրգռված ենք խթանել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Միջազգային կառույցների լռությունը պատերազմում հանգեցրել է մարդու իրավունքների խախտումների

Միջազգային կառույցների լռությունը հանգեցրել է մարդու իրավունքների նման լայնածավալ խախտումների Արցախի դեմ վերջին պատերազմի ընթացքում։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, խորհրդարանում հայտարարել է բանակի օմբուդսմեն Արման Թաթոյանը։


Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տասնյակ արտահերթ զեկույցներ է պատրաստել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Բոլոր զեկույցներն ուղարկվել են միջազգային կազմակերպություններ, տեղեկացրել է Թաթոյանը։


«Մենք ոչ միայն զեկույցներ ենք ուղարկել միջազգային կառույցներին և մի կողմ ենք քաշվել։ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ առանձին քննարկումներ են անցկացվել։ Այս հարցում մենք ակտիվ համագործակցել ենք այն դեսպանների հետ, ովքեր նման պատրաստակամություն են հայտնել, Հայ Դատի գրասենյակների, ինչպես նաև ԱԺ պատգամավորների, հատկապես միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների կազմում», - հայտարարել է ՄԻՊ-ը։


Նա վստահ է, որ միջազգային կառույցների լռությունը հանգեցրել է այդ պատերազմի ընթացքում Մարդու իրավունքների խախտումների նման ծավալների։


«Ադրբեջանը միշտ վարել է Արցախի մեկուսացման քաղաքականությունը։ Եվ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իմ հանդիպումներում ես միշտ ասել եմ, որ ներկա իրավիճակի պատճառը նրանց լռությունն է։ Ես խոսել եմ այն մասին, որ իրենց լռությամբ նրանք վնասեցին մարդու իրավունքների պաշտպանության համակարգին, փաստորեն քանդեցին մարդու իրավունքների պաշտպանի հեղինակությունը։ Մեր հասարակությունը հասկացավ, որ զինված հարձակումը կանգնեցվել է ոչ թե միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ջանքերի շնորհիվ, այլ քաղաքական որոշումների շնորհիվ», - հայտարարել է օմբուդսմենը։


Նա վրդովվել է այն հանգամանքից, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները մինչ օրս չեն այցելել Արցախ։