22.11.2024
Փաշինյանը, նախագահն ու ԱՄՆ դեսպանը Սյունիքում... շուտով նաև Լիսկան. ի՞նչ է կատարվում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ըստ իշխանության՝ ՀՀԿ-ն է սյունեցիներին սովորեցրել "ջերմ" դիմավորել Փաշինյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սյունեցիների երեկվա ինքնաբուխ պահվածքը, ըստ իշխանությունների, ուղղորդված էր ՀՀԿ-ականների եւ իրենց մյուս «թշնամիների»՝ Սյունիքի համայնքապետերի եւ մասնավորապես՝ Մեղրիի քաղաքապետի կողմից, ով նախկին ՀՀԿ-ական է, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ։ Ըստ իշխանական տրամաբանության, քաղաքապետ Մխիթար Զաքարյանը գիշերը հայհոյանքների ու վիրավորանքների ցանկը նախ իր նախկին կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ է համաձայնեցրել, ապա՝ նոր կուսակցության հետ եւ վաղ առավոտյան բաժանել է սյունեցիներին, որ նրանք նախշեն գաղտագողի Սյունիք ժամանած Նիկոլ Փաշինյանին»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը իշխանական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը երկար ժամանակ ծրագրված էր, եւ այս ընթացքում նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում, պարզապես որոշված չէր, թե կոնկրետ որ օրն է այն լինելու: Իր այցից առաջ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ էր ուղարկել կառավարության ներկայացուցիչներին, տարածքային կառավարման եւ ենթարկառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Նրան հանձարարված է եղել գնալ եւ իմանալ, թե ինչ իրավիճակ է այնտեղ, ինչպիսի տրամադրություններ են Սյունիքի մարզում: Հունիսի 20-ին պլանավորված արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը խնդիր է դրել ցույց տալ, թե ինչքան բարի եւ ներողամիտ լիդեր է, ինչքան ագրեսիվ են իր դեմ պայքարողները: Նա ցանկանում է հալածյալի կերպարով հանդես գալ հանրության մոտ, որպեսզի նախկինների նկատմամբ դիվիդենտներ հավաքելով՝ ձայներ հավաքի: Կոնկրետ Սյունիքի մարզում նա խնդիր է դրել ի ցույց դնել խուլիգանական տրամադրությունները, դրանք վերագրել նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ որպես բերված անձինք: Եվ որպեսզի այս ամենը տեղի չունենար նախընտրական քարոզչության շրջանում, սկանդալ լիներ, նա որոշեց նոյեմբերի 9-ի կառավարության եւ առանձնատան ջարդուփշուրի, թիկնազորին քաշքշելու սցենարով հիմա կազմակերպել ագրեսիայի բացթողումը, հասցնել պատժել ագրեսիվ սյունեցիներին, որպեսզի ընտրությունները ավելի կանխատեսելի միջավայրում անցկացվեն: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզը մշտապես խնդիրներ է առաջացրել Փաշինյանի համար, քանի որ այնտեղ համայնքապետերը երբեք էլ չեն ենթարկվել իշխանություններին: Նրանք բոլորը խմբվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ նախկին տնօրեն Վահե Հակոբյանի շուրջ, որը ստեղծել է նոր կուսակցություն: Երեկ կասկածներ էին հնչում, որ սյունեցիների ագրեսիան ուղղորդվում էր հենց Հակոբյանի կողմից: Եւ չնայած Նիկոլ Փաշինյանն ամբողջ ընթացքում շրջում էր հայհոյանքների ներքո, այնուամենայնիվ, երեկ ԱԺ-ում իմքայլականները համոզմունք էին հայտնում, թե իրենք հաղթանակել են, քանի որ Փաշինյանը էլի ընկալվեց որպես նախկինների կողմից հալածվող»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին Սյունիքում դարձյալ «սվիններով» ընդունեցին. Քաջարանում, Ագարակում և Մեղրիում, շատ մեղմ ասած, կոշտ արտահայտություններով ակցիաներ իրականացվեցին՝ ստիպելով հապճեպ փախչել այդ համայնքներից: Ճիշտ է, հարյուրավոր թիկնապահներով, ոստիկաններով Սյունիք մեկնած, քաղաքացիների հետ «արա»-ով ու «սրանց»-ով խոսացող Փաշինյանն իր հետ տարել էր «Նիկոլ վարչապետ» գոռացող մի քանի հոգի, ինչպես նաև կարողացել էր «քայլողների» մի երկու բարեկամ-ծանոթի միջոցով կամ այլ ճանապարհով իբր ջերմ ընդունելություն բեմականացնել, սակայն ակնհայտ է, որ սյունեցիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ արժանապատիվ քաղաքացիներ են, երկրի, պետության ու Հայրենիքի նվիրյալներ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Փաշինյանն իրականում մի բանի համար էր Սյունիք գնացել: «Նպատակն էր Ալիևին ցույց տալ, որ ինքն այստեղ վերահսկողություն ունի: Դրա համար եկել էին կադրեր հավաքելու ու աշխարհին ցույց տալու, թե իբր Նիկոլը Սյունիքում վերահսկողություն ունի և կարողանալու է սպասարկել այն պահանջները, որոնք դրված են իր առջև թշնամու կողմից: Բայց մենք տեսնում ենք, որ ժողովուրդը թշնամու այդ օրակարգը ի չիք է դարձնում: Ժողովուրդն այս պահին թելադրում է իր քաղաքականությունը և՛ թշնամուն, և՛ դավաճան իշխանությանը», «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Ի դեպ, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նախօրեին նախատեսված է եղել Փաշինյանի այցը Կոտայքի մարզ և հանրության հետ հանդիպում մասնավորաբար Հրազդանում: Սակայն վերջին պահին բոլորի համար անակնկալ փոխել է ծրագրերն ու գաղտագողի մեկնել Սյունիք: Թե կոնկրետ որն է եղել նման արագ որոշման պատճառը, դեռևս հայտնի չէ: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը նպատակ է ունեցել «ձեռքի հետ» նաև բախումներ հրահրել, որպեսզի կարողանա գործեր կարել տալ, անհնազանդ սյունեցիների շրջանում ձերբակալություններ իրականացնել և ուժայինների տեռորի միջոցով կոտրել ընդդիմացողներին, ինչն, ի դեպ, արեց հրապարակային հանձնարա-րությամբ: Այսինքն, ըստ իշխանական սցենարի, իրականացվում է Նիկոլ Փաշինյանի՝ «Սյունիքի առումը» օպերացիան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»: ՌԴ հատուկ ծառայություններն անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել»։ Մեզ ասացին, որ նրան պաշտոնապես չեն կարող ընդունել, քանի որ նա չճանաչված հանրապետության ղեկավար է, բայց մասնավոր այցով Մոսկվայում գտնվող Արցախի նախագահը հանդիպումներ կունենա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, եւ նրան կհասկացնեն, որ Փաշինյանի ամեն մի ցանկություն-հրահանգը կատարելը չի բխում Արցախի շահերից: Մեր աղբյուրներն ասացին, որ Ա․ Հարությունյանը կաշկանդված է, քանի որ ֆինանսական կախվածության մեջ է ՀՀ իշխանություններից։ Խոսքը հատկապես բնակարանաշինության համար տրամադրվող գումարների մասին է: ԱՀ նախագահի՝ Մոսկվա մեկնելու լուրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նրա մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից։ Նա նշեց․ «Այս պահին ասելիք չունեմ»։ Փորձեցինք հստակեցնել՝ հերքո՞ւմ է, որ մեկնել է, թե՞ հաստատում։ Ասաց․ «Մեկնաբանելու կարիք չկա», ըստ էության հաստատելով այցի փաստը։ Գաղտնի՞ այց է, որ չեք մեկնաբանում, կրկնեց՝ այս պահին որեւէ բան չեմ մեկնաբանում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները որոշել են, որ այս նախընտրական ժամանակահատվածում իրենց թիմի ոչ բոլոր անդամները պետք է խոսեն, հարցազրույցներ տան, մեկնաբանություններ անեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն օրվա մեջ 4-5 հաղորդագրություն է ուղարկում իր թիմակիցներին, որտեղ նշվում է, թե տարբեր թեմաների հետ կապված ով ինչ պետք է խոսի, ինչ բովանդակությամբ: Մենք տեղեկացանք, որ որոշում կա նաեւ, որ ներքաղաքական տարբեր հարցերի մեկնաբանությունները դրված է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ուսերին, հիմնական խոսողներից է լինելու խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, իսկ արտաքին հարաբերությունների վերաբերյալ՝ ՔՊ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Մենք տեղեկացանք, որ իշխանական խմբակցությունում այժմ շատ լուռ վիճակ է, հիմնականում միմյանց հետ շփվում են «sms»-ներով, հանդիպումներ չկան, ասել են՝ դեռեւս պետք չէ ակտիվ լինել: Ստացվում է՝ Լիլիթ Մակունցը, մի կողմ թողնելով խմբակցության ղեկավարի իր բուն պարտականությունները, զբաղված է խմբակցության պատգամավորներին «sms» գրելով, որպեսզի խուսափեն հնարավոր սայթաքումներից»:


«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին իշխանական թիմը առավել մեծ թափով է մոնիթորինգի ենթարկում վիրտուալ տիրույթը, փորձում ուսումնասիրել, թե առավելապես ովքեր են ակտիվ սոցցանցերում ու լրատվականներում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանական տարբեր շրջանակներ ցայտնոտի մեջ փորձում են անձնական ու անհատական մոտեցում ցուցաբերել առավել ակտիվ հանրային դեմքերի հետ և հնարավոր միջոցներով «վերբովկա» անել տվյալ անհատներին։ Թերթին նախօրեին տեղեկություններ են փոխանցվել, որ որոշ անկախ փորձագետներ ու ոչ մի շրջանակի հետ չասոցացվող ակտիվ վերլուծաբաններ հեռախոսազանգեր ու նամակներ են ստացել, որով նրանց հրավիրել են «մի բաժակ սուրճ» խմելու և մտքեր փոխանակելու երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունների փորձերը մեծամասամբ անհաջողության են մատնվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հարսը հարցաքննվել է, իսկ պատճառն էլ հարուցված քրեական գործն է, որով անցնում է Հասմիկ Պողոսյանը: Ինչպես հայտնի է, Հասմիկ Պողոսյանը եւ Իսրայելում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը հայտնվել են պատմության կիզակետում, եւ նրանց մեղադրանք է առաջադրվել Երեւանի կենտրոնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման հետ կապված։ Ըստ Քննչական կոմիտեի՝ շենքը դարձել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության սեփականությունը, ապա պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը եւ դրա զբաղեցրած հողամասը, Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձեւական գործարքի արդյունքում 550 000 ԱՄՆ դոլարով վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հասմիկ Պողոսյանի հարսին պատկանող ընկերությանը` օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ խեղաթյուրելով գույքի իրական բնույթն ու ծագման աղբյուրը: Եվ հենց դա է պատճառը, որ հարցաքննվել է նաեւ նախկին նախարարի հարսը: Ավելին, նշված քրեական գործով ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 20-ին կադրային փոփոխություններ տեղի ունեցան Սյունիքի ոստիկանությունում։ Աշխատանքից ազատվեցին Սյունիքի ոստիկանության մարզային վարչության պետը, տեղակալը, Գորիսի, Սիսիանի, Կապանի բաժինների պետերը։ Նույն օրը նշանակումներ եղան։ Ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվեց Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից եւ ուղարկվեց կադրերի ռեզերվ։ Երեկ Հակոբյանին հարցրինք՝ կապ տեսնո՞ւմ է իր ազատման եւ մարզում ծավալված դեպքերի միջեւ, գուցե ինքը լավ չէ՞ր կատարում իր պարտականությունները կամ ժողովրդի նկատմամբ ճնշում չէր գործադրում, ուստի ազատեցին։ Նա նախ ասաց, որ Սյունիքի իրադարձություններից տեղյակ չէ, ապա նշեց, որ կապ չի տեսնում, իսկ իր պաշտոնանկությունը պետք է դիտարկել ոստիկանությունում պարբերաբար ընթացող փոփոխությունների համատեքստում։ «Բայց Դուք չտեղափոխվեցիք այլ պաշտոնի, ռեզերվում հայտնվեցիք»։ Հակոբյանն ասաց, որ կարծում է՝ շուտով նոր պաշտոնի կնշանակվի, բայց չի ասի, թե ինչ պաշտոնի։ Պաշտոնական առաջա՞րկ է եղել, թե՞ Ձեր ենթադրությունների հիման վրա եք ասում։ «Կներեք, բայց ես 10 ամսից ավել ընտանիքիս չեմ տեսել, այսօր վերադարձել եմ Երեւան, առավոտից իրենց հետ եմ եւ ոչ մի բանից տեղյակ չեմ»։ Հետաքրքրվեցինք՝ պատերազմից հետո Սյունիքում ոստիկանությունն էլի՞ է բախվել նման իրավիճակների, երբ շարքային քաղաքացիները դիմադրություն են ցույց տալիս իշխանություններին, ամիսներ առաջ խոչընդոտվեց Փաշինյանի այցը, գուցե դրանո՞վ էր պայմանավորված իր պաշտոնանկությունը։  «Քաղաքականության, քաղաքացիների կարծիքների հետ կապված ես ոչ մի կարծիք չունեմ, ինչ վերաբերում է իմ ազատմանը, կրկնում եմ․ հուսով եմ՝ կրկին կնշանակվեմ։ Ես աշխատել եմ օրենքով սահմանված կարգով, կներեք, այլ հարցերի չեմ պատասխանի»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պաշտոնաթող փոխնախարար Բորիս Ավագյանը հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում, ինչո՞ւ էին նրան հրավիրել ԱԱԾ․ երեկ մեր հարցին ի պատասխան՝ Ավագյանն ասաց, որ իրեն հայտնի չէ։ Նա պատմեց, որ գերիների հարցով հայտնի քննարկումից եւ իրեն պաշտոնանկ անելուց հետո ԱԱԾ աշխատակիցը հեռախոսով կապ է հաստատել եւ երեկոյան 8-ի կողմերն իրեն հրավիրել ԱԱԾ, բայց ինքը փոքր-ինչ ուշացումով է ներկայացել, եւ ԱԱԾ-ում ասել են, որ հիմա հարմար չէ՝ չեն կարող ընդունել։ Իր փաստաբանները հայտարարել են, որ կներկայանա ծանուցագիր ստանալուց հետո։ Սակայն մինչ օրս նա ո՛չ ծանուցագիր է ստացել, ո՛չ էլ նոր հրավեր։ «Հավանաբար, ես այլեւս պետք չեմ իրենց ու չգիտեմ էլ, թե ինչու էին կանչել»,- ասաց նա։ Նշենք, որ գերիների մասին քննարկման ընթացքում Հայաստանի իշխանություններին քննադատելուց հետո տեղեկություններ տարածվեցին, որ գնդապետ Ավագյանին ուղղորդում են ընդդիմադիր որոշ շրջանակներ, կամ էլ նա քաղաքականություն մտնելու ցանկություն ունի, այդ պատճառով էլ փորձում է քննադատելով փիառվել։ Սակայն Ավագյանը հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ ինքը հիմա եւ առաջիկա ամիսներին քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի, եւ որեւէ ուժի հետ իրեն չենք տեսնի»: