8.12.2025
Լուսանկարը` 1lurer.am
prev Նախորդ նորություն

Ատելության խոսքի գործերով ռեկորդ․ 5 տարում 300 վարույթ և 56 մեղադրյալ

Լուսանկարը` Քաղաքացիական հարթակ
Լուսանկարը` Քաղաքացիական հարթակ

Հայաստանի քրեական արդարադատության պատմության մեջ գրանցվել է ատելության խոսքի և բռնության կոչերի համար քրեական հետապնդումների աննախադեպ աճ։ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ՆԳՆ ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարիների ընթացքում նախաձեռնվել է շուրջ 300 քրեական վարույթ, իսկ քրեական հետապնդման է ենթարկվել 56 անձ։


Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործերի մեծ մասը՝ 241 վարույթ, հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերի և բռնությունը արդարացնելու հատկանիշներով (ՀՀ ՔՕ 330 հոդված), ընդ որում՝ միայն 2025 թվականի 10 ամիսներին արձանագրվել է նման 68 դեպք։ Ատելություն և խտրականություն հրահրելու հոդվածով (ՀՀ ՔՕ 329 հոդված) հարուցվել է 49 վարույթ։ Այս հոդվածներով թիրախում են հայտնվել հիմնականում հանրային գործիչներն ու ակտիվիստները, այդ թվում՝ Վահրամ Սահակյանը, Նարեկ Մալյանը և պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը մահացավ դատարանի դահլիճում։


Իրավապաշտպաններն ու Մարդու իրավունքների պաշտպանը ահազանգում են օրենքի կամայական և ընտրովի կիրառման մասին։ Մասնագետները մատնանշում են երկակի ստանդարտների առկայությունը․ մինչ ընդդիմադիր հայացքներ ունեցողները ենթարկվում են հետապնդումների, իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ենթադրյալ ատելության խոսքի վերաբերյալ իրավապաշտպանների հաղորդումները մնում են անպատասխան։


Ստեղծված պրակտիկան հիմք է տալիս պնդելու, որ իրավապահ համակարգը, ըստ էության, «խոցելի խումբ» է դիտարկում ոչ թե հասարակ քաղաքացիներին, այլ իշխանության ներկայացուցիչներին՝ նրանց պահելով հատուկ պաշտպանության ներքո։