Զբոսաշրջային աճ․ նոյեմբերին Հայաստան է այցելել ավելի քան 176 հազար հյուր
Լուսանկարը` alphanews.am
Հայաստանի զբոսաշրջային ոլորտը տարեվերջին ակտիվության զգալի աճ է գրանցում՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները։ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի նոյեմբերին երկիրը հյուրընկալել է 176 571 զբոսաշրջիկի, ինչը մոտ 15,4 տոկոսով ավելի է 2024 թվականի նոյեմբերի համեմատ, երբ արձանագրվել էր 152 976 այցելություն։
Դրական դինամիկան պահպանվում է նաև տարեկան կտրվածքով։ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել ընդհանուր առմամբ 2 123 709 զբոսաշրջիկ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 078 031 ցուցանիշը։ Փաստացի, չնայած տարեսկզբի տատանումներին, 11 ամիսների արդյունքներով այցելությունների թիվն աճել է ավելի քան 45 հազարով։
Զբոսաշրջային հոսքի կառուցվածքն ըստ երկրների մնում է անփոփոխ։ Դեպի Հայաստան այցելությունների առյուծի բաժինը շարունակում է պատկանել Ռուսաստանին՝ ապահովելով ընդհանուր թվի 41 տոկոսը։ Առաջատար եռյակում են նաև հարևան պետությունները՝ Վրաստանը՝ 13 տոկոս և Իրանը՝ 8 տոկոս մասնաբաժիններով։