Բաքուն առաջարկում է «3+3»-ի հաջորդ նիստն անցկացնել Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում
Լուսանկարը` russiancouncil.ru
Ադրբեջանը հանդես է եկել «3+3» տարածաշրջանային հարթակի հաջորդ հանդիպումը սեփական տարածքում անցկացնելու նախաձեռնությամբ՝ պայմանով, որ դրան հաջորդող նիստը կկայանա Հայաստանում։ Այս մասին Բաքվում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ շեշտելով, որ առաջարկն ուժի մեջ է։
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ նման հերթականությամբ հանդիպումներ անցկացնելու գաղափարը քննարկվել էր դեռևս 2024-ին Թուրքիայում կայացած հավաքից հետո, սակայն հայկական կողմն այն ժամանակ մերժել էր առաջարկը։ Բայրամովի պնդմամբ՝ այժմ իրավիճակը փոխվել է, և քանի որ կողմերի պատվիրակություններն արդեն այցելում են միմյանց մայրաքաղաքներ, Երևանի կողմից առաջարկը մերժելու տրամաբանական հիմքեր Բաքուն չի տեսնում։ Իրանի արտգործնախարարը ևս աջակցություն է հայտնել այս սխեմային՝ նշելով, որ Թեհրանը կողմ է նիստերը նախ Ադրբեջանում, ապա Հայաստանում անցկացնելու գաղափարին։
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափի շուրջ քննարկումները մեկնարկել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Հարթակի նպատակն է մեկ սեղանի շուրջ հավաքել Հարավային Կովկասի երեք երկրներին ու նրանց հարևաններին՝ Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին՝ տարածաշրջանային խնդիրները առանց արտաքին միջամտության լուծելու տրամաբանությամբ։ Մինչ օրս կայացել է երեք հանդիպում՝ 2021-ին՝ Մոսկվայում, 2023-ին՝ Թեհրանում և 2024-ին՝ Ստամբուլում։