8.12.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Թբիլիսին զրոյացրել է Բաքվից Երևան նավթի տարանցման սակագինը

Լուսանկարը` Սպուտնիկի
Լուսանկարը` Սպուտնիկի

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել չգանձել տարանցիկ վճարներ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին խմբաքանակի փոխադրման համար։ Երկրի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 5-ին ստացված հայտին ի պատասխան՝ Թբիլիսին ցուցաբերել է գործընկերային աջակցություն՝ նպաստելով տարածաշրջանային կապերի ակտիվացմանը։


Գերատեսչության հաղորդմամբ՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երկաթուղուն» հանձնարարել է անհապաղ կազմակերպել բեռնափոխադրումը՝ միանվագ կարգով այն իրականացնելով լիովին անվճար։ Պաշտոնական Թբիլիսին այս քայլով վերահաստատել է իր հանձնառությունը՝ լինելու հուսալի ռազմավարական գործընկեր թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար՝ աջակցելով Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։


Հիշեցնենք, որ տրանսպորտային շրջափակման վերացմանն ուղղված քայլերը նկատելի են դարձել վերջին շրջանում։ Նոյեմբերի սկզբին վերջին 35 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղով Ռուսաստանից և Ղազախստանից ցորեն էր ներկրվել Հայաստան։ Իսկ օրերս Դոհայում կայացած քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հաստատել էր, որ կողմերը քննարկում են ադրբեջանական նավթն ու նավթամթերքը Հայաստան արտահանելու հնարավորությունը։