22.11.2024
Մամուլ. Ովքեր կլինեն Քոչարյանի դաշինքի ցանկում
prev Նախորդ նորություն

Փաշինյանը, նախագահն ու ԱՄՆ դեսպանը Սյունիքում... շուտով նաև Լիսկան. ի՞նչ է կատարվում

Արցախյան վերջին պատերազմից հետո ակտիվ գործողությունների թատերաբեմը տեղափոխվել է Սյունիք: Վերջինս այսօր, ընտրությունների նախաշեմին, Նիկոլ Փաշինյանի համար ամենակարևոր բաստիոնն է, որ նա պետք է ամեն գնով փորձի վերցնել: Բացի այս, Սյունիքը նաև Իլհամ Ալիևի երազանքն ու նպատակն է, որը, գուցե, նույն Փաշինյանը խոստացել է կյանքի կոչել ու հենց այս նպատակով էլ վերջին զարգացումները ևս կենտրոնացել են այստեղ:

Նախ, սկսենք բավականին ուշագրավ նորությունից. VERELQ-ի տեղեկություններով, հասկանալով, որ իշխանությունները Սյունիքում գրեթե որևէ շանս չունեն առաջիկա ընտրություններին, Փաշինյանը դիմել է մի հնարքի: Մասնավորապես, նրա մտերիմներից մեկը կապ է հաստատել Սյունիքի նախկին ՀՀԿ-կան մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ (Լիսկա) և գործարք առաջարկել վերջինիս: Այն է՝ Սուրիկ Խաչատրյանը համաձայնություն է տալիս աշխատել Փաշինյանի թիմի օգտին այս ընտրություններին, ինչպես ժամանակին ու տարիներ շարունակ հաջողված աշխատել է Հանրապետական կուսակցության համար, իսկ դրա դիմաց նրա նկատմամբ քրեական բոլոր հետապնդումները դադարեցվում են, քրգործերը «ջրվում», հետախուզումը վերացվում:


Մեր աղբյուրը պնդում է, որ Սուրիկ Խաչատրյանը տվել է իր համաձայնությունը և առաջիկա օրերին կժամանի Հայաստան Օդեսայից, որտեղ վերջին ամիսներին բնակվում էր գեներալ Սեյրան Սարոյանի տանը:

Այն, որ կողմերը համաձայնության են եկել, վկայում է նաև այն հանգամանքը, որ նախօրեին «թաքուն» Սյունիք մեկնած Նիկոլ Փաշինյանը միայն Գորիսի Deluxe սրճարանում կանգ առավ, որը պատկանում է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին: Ավելին՝ մինչ հայրը կժամանի Հայաստան, Խաչատրյանի որդիները՝ Տիգրանն ու Տրդատը արդեն լծվել են գործի ու ակտիվ հանդիպումներ անցկացնում մարզում: Օրերս կայացել է նրանց հանդիպումը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ով, ըստ շրջանառվող լուրերի, ղեկավարելու է Փաշինյանի նախընտրական շտաբը և ստացել բոլոր անհրաժեշտ կարգավորումները:


Զավեշտալին այն է, որ մարզում հանդիպումների ժամանակ Տիգրան Խաչատրյանը հայտարարում է, որ «պետք է միասին աշխատենք, բա հո նախկինները չենք թողնելու հետ գա՞ն, դրանցից ինչ տեսանք ո՞ր»: Իսկ ծառայությունների դիմաց նրանք, բացի իրենց հոր քրեական անցյալը «նոր Հայաստանում» սրբագրելը, առաջադրելու են իրենց թեկնածուին՝ Աշոտ Համլետի Գևորգյանին: Վերջինս Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրենն է, Համլետ Գևորգյանի որդին է, ով Սուրիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն է:

Ըստ մեր աղբյուրի, իշխանությունների հույսը իսկապես միայն Սուրիկ Խաչատրյանն է, քանի որ, ասում են նրանք, միայն նա կարող է ձայն բերել Սյունիքում, որը նույն այդ իշխանությունները պատրաստվում են սկուտեղի վրա հանձնել թշնամուն:

Ի դեպ, գանք կարևորին՝ երեկվա իրադարձությունների շղթային, որը նույն այս ամբողջականության մեջ է պետք դիտարկել: Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրած պաշտոններից ազատել է Սյունիքի ոստիկանապետին, նաև Գորիսի ոստիկանապետին և իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների: Մոտիվացիան թերևս հասկանալի է՝ Սյունիքը ոսկոր է, որը կանգնած է այս իշխանությունների կոկորդին և հնարավորինս պետք է մեղմացնել ընդդիմադիրներին այդտեղ: Այնուհետ հայտնի դարձավ, որ Փաշինյանը գաղտնի ուղևորվել է Սյունիքի մարզ, ընդ որում՝ ոչ թե ուղղաթիռով, այլ ավտոմեքենայով: Ասում են, Փաշինյանը չի վստահում «օդին», ինչպես նաև նախկիններին, ներկաներին և այլն, ուստիև գերադասել է ավտոշաարասյունով մեկնել, քաջ գիտակցելով, որ իր այցելությունը շատ կարճ ժամանակ է գաղտնի մնալու: Այդպես էլ եղավ: Բացի արդեն գրեթե յուրային դարձած Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող սրճարանը՝ նա այլ ուշագրավ կանգառներ չի կատարել ճանապարհին, թեև ավելի ուշ նրան ուղեկցող Ալեն Սիմոնյանը լուսանկարներ հրապարակեց Շուռնուխից՝ ընդդիմախոսներին լռեցնելու ցանկությամբ:

Ուշագրավը նույն այդ ժամանակահատվածում տեղի էր ունենում հարևան Ադրբեջանում, որի նախագահը հայտարարեց, թե՝ «եթե Հայաստանը չցանկանա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով»: Նա նաև ավելացրել է, թե՝ «նրանք պիտի կամովին հեռանան մեր հողերից, ադրբեջանցիները 101 տարի անց վերջապես կվերադառնան...»: Շարունակությունը մեջբերելու կարիք չկա՝ ամեն ինչ պարզ է: Եվ ահա Փաշինյանը մեկնում է Սյունիք, որտեղ (զուգադիպությո՞ւն) արդեն մեկ օր է այցով գտնվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՄԻՊ Արման Թաթոյանը:

Վերջիններիս այցից կարելի է առանձնացնել հատկապես այն հատվածը, որ, համաձայն նախագահի աշխատակազմի հրապարակած լուսանկարներից, Սարգսյանը եղել է դիրքերում, որտեղ ընդամենը մի քանի մետրի վրա երևում է թշնամու դրոշը: Գուցե սա մեսիջ է, թե այս հարևանությունից պետք չէ վախենա՞լ և որ անդամ երկրի ղեկավարությունը հանգիստ է իրեն զգում...

Ավելին՝ այն նույն պահին, ինչ Փաշինյանը շտապում րէ Սյունիք, որտեղ իր հանդեպ, մեղմ ասած, ոչ բարյացկամ վերաբերմունք է, VERELQ-ի աղբյուրի հաղորդմամբ Սյունիքում, մասնավորապես՝ Մեղրիում էր գտնվում նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Հետաքրքիր զուգադիպություն ու հետաքրքիր զարգացումներով լի մի օր, որն, անշուշտ, պատահականություն չէ: Ավելի ճիշտ՝ հաստատ պատահականություն չէ:


Բայց ի՞նչ է այն նշանակում: Արդյոք Կազանում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպում, որի ընթացքում իսկապե՞ս կքննարկվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, կամ գուցե կկնքվի այն: Այն, որ Ադրբեջանը մասնակցելու է ԵԱՏՄ Միջկառավարական նիստին, քանի որ Հայաստանը դրան չի առարկելու, պարզ էր դեռ մի քանի օր առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքերից, թե ընթանում են գործընթացներ, Հայաստանը չի կարող վետո դնել, բայց կարող է չհամաձայնել... մի խոսքով՝ բլա-բլա-բլա:

Կկայանա հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, թե՞ բախտորոշ հարցերի քննարկումը դարձյալ կթողնվի վերելակային ձևաչափին, որի հետևանքները 6 ամիս է Հայաստանը չի կարողանում մարսել ու դժվար էլ մարսի առաջիկա տարիներ-տասնամյակներին: Գուցե Ալիևի երեկվա հայտարարությունը դրա նախերգանքն էր, որ այլ բան Փաշինյանին չէր մնում, քան ստորագրել Կազանում խաղաղության պայմանագիրը, այլապես «ուժով կվերադարձնեն իրենց հողերը»: Մեկ էլ հիշեցնենք, որ թուրք նախարարը երեկ արդեն ազդարարել էր, որ մեկնարկել է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի շինարարությունը, և ամենը գալիս ընկնում է տեղը, թե ինչու Փաշինյանը վերջին օրերին իր ողջ ռեսուրսն ուղղեց դեպի Սյունիք՝ աշխատանքից իր յուրային ոստիկանապետի ձեռամբ ազատելով անհնազանդ ոստիկանապետերին, գաղտագողի մեկնեց Սյունիք, որտեղ այդ պահին էին նաև այլ ոչ պակաս ակտորներ՝ ԱՄՆ նախագահը, արևմտասեր երկրի նախագահ Արմեն Սարգսյանը, անգամ չխորշեց իր կողմից տարիներ շարունակ ատելի Լիսկային ներգրավել գործընթացներին, միայն թե հնարավորություն ստանա ավարտին հասցնել թուրք-ադրբեջանական տանդեմին խոստացածը.... հիրավի՝ տհաճ ու լարված իրադարձություններ են սպավում:

Լիա Խոջոյան