22.11.2024
Միջազգային որևէ կառույց չի կարող հիմնավորել ադրբեջանցիների ներկայությունը Սյունիքում. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ովքեր կլինեն Քոչարյանի դաշինքի ցանկում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է։ Ճիշտ է, դեռ չեն շտապում հրապարակել՝ վստահ չլինելով, որ ընտրությունները կկայանան, բայց արդեն հստակ է, որ դաշինքում ընդգրկվելու է 2 քաղաքական ուժ՝ ՀՅԴ եւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։ Կլինեն նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, բայց դրանք դաշինքի մաս չեն կազմի։ Օրինակ՝ Արթուր Ղազինյանի գլխավորած «Մեկ Հայաստան» կուսակցությունից մի քանի հոգի կլինի։ Մասնավորապես, ինքը՝ Ղազինյանը, Վլադիմիր Մարտիրոսյանը, Հասմիկ Ենգոյանը, Վահե Դավթյանը եւ լրագրող Նաիրի Հոխիկյանը, որը կուսակցական չէ, բայց «Մեկ Հայաստանի» քվոտայով կարող է մտնել ցուցակ։ Ղազինյանը չցանկացավ որեւէ բան մեկնաբանել՝ կրկնելով այն միտքը, որ մեկ մարդու ֆեյսբուքյան գրառումը դեռ ընտրության գնալու հիմք չէ։ Քոչարյանականները վստահեցնում են, որ ուժեղ ցուցակ են ներկայացնելու։ Ի դեպ, հնարավոր է ցուցակում ընդգրկվի նաեւ Հովիկ Արգամիչի որդին՝ Գ․ Ծառուկյանի փեսա Արգամը։ Բանակցում են նաեւ մյուս փեսայի՝ Դավիթի հետ, որի հայրը՝ Անդրանիկ Մանուկյանը, քոչարյանական ժամանակներում նախարար էր»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՅԴ-ն երեկ քաղաքական որոշում է կայացրել՝ մասնակցել հավանաբար հունիսի 20-ին կայանալիք խոհրդարանական ընտրություններին։ Մինչ այս նրանք բավականին ռադիկալ էին տրամադրված։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ գերագույն ժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 17-18-ին, շատ երկար քննարկել են հունիսի 20-ին կայանալիք հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցը: Բանն այն է, որ ՀՅԴ-ականները, երբ նախկինում քննարկել էին հարցը, թե ինչ ձեւաչափով պետք է մասնակցեն ընտրություններին, այն եզրակացության էին հանգել, որ պետք է գնալ միայնակ, առանց որեւէ դաշինքի: Սակայն նախօրեին՝ երկար ու թեժ քննարկումներից հետո, եկել են այն եզրակացության, որ պետք է ընտրությունների գնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով՝ նրան վերապահելով ընտրացուցակը գլխավորելու պատիվը։ Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ ՀՅԴ-ն պահանջ ունի՝ եթե Ռոբերտ «Քոչարյան» դաշինքով գնան, ապա պետք է ցուցակի լավագույն տասնյակի յուրաքանչյուր 3-րդը լինեն ՀՅԴ ներկայացուցիչներ, այսինքն՝ մեծ թվով ներկայացվածություն ունենան: Ավելին՝ ՀՅԴ-ում արդեն որոշված է, որ ցուցակում առաջինը կլինի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հաջորդ եռյակում՝ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը, այնուհետեւ՝ Արծվիկ Մինասյանը: Մենք փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի հետ, որը հայտարարեց, թե այս պահին կարող է հստակ ասել, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա ՀՅԴ-ն մասնակցելու է, թե ինչ ձեւաչափով կամ ցուցակի ինչ դասավորվածությամբ, դեռ որոշում չունեն»:


«Ժամանակ» թերթը գրում է․ "Գագիկ Ծառուկյանի հրահանգով հանրապետության տարբեր քաղաքներում բացվել են նախընտրական շտաբներ, որոնք առայժմ գործում են կուսակցական գրասենյակների անվան տակ: Սակայն այդ գրասենյակներին ֆինանսավորում չի հատկացվում. Ծառուկյանը խոստանում է փող տալ միայն Փաշինյանի հրաժարականից և խորհրդարանի լուծարումից հետո: Սրանից կարելի է ենթադրել, որ Ծառուկյանն էլ մինչև վերջ չի հավատում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը կամ ուղղակի փող է խնայում":


«Ժամանակ» թերթը գրում է․"ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեծ ցանկություն է ունեցել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջակցել Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծվող նախընտրական դաշինքին: Սակայն Գյումրու մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ղուկասյանը հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքում եկել է այն եզրահանգման, որ հնարավոր չէ Քոչարյանի համար քվեներ ապահովել, քանի որ անգամ Ղուկասյանի հարազատ Սլաբոդկա թաղամասի բնակիչները ոչ մի կերպ չեն ուզում լսել Քոչարյանի վերադարձի մասին և ոչ մի դեպքում չեն քվեարկի նրա օգտին: Այդ պատճառով Ղուկասյանը ավելի ճիշտ է գտել հայտարարել ընտրություններին չմասնակցելու մասին":


«Փաստ» օրաթերթը գրում է. "Հայկական լրատվական դաշտը օրեր առաջ ալեկոծվեց «Հայոց Արծիվների» առաջնորդի՝ Խաչիկ Ասրյանի հայտարարությունից: «Արծիվների» ղեկավարը հայտարարել էր, որ վերահաս պատերազմի դեպքում պատրաստվում է իր ջոկատով ՌԴ զինված ուժերի կազմում մասնակցել ռազմական գործողությունների Ղրիմում, Լուգանսկում և Դոնբասում: Մամուլում անգամ տեղեկություններ հայտնվեցին, որ Խաչիկ Ասրյանի կոչին բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել՝ պատրաստակամություն հայտնելով անդամագրվել նրա ջոկատին: Եվ ահա, «Փաստի» տեղեկություններով, այս հայտարարությանը անտարբեր չեն գտնվել նաև Ռուսաստանում. նախ՝ ռուսական մամուլը լայնորեն լուսաբանեց Ասրյանի հայտարարությունը, այժմ էլ խոսակցություններ կան, որ առաջիկայում նա ներկայացվելու է Ռուսաստանի պետական պարգևի՝ մեդալի":


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ամենշաբաթյա ռեժիմով մարզային այցեր իրականացնում, որն իրականում փաստացի նախընտրական քարոզարշավ է, թեպետ պաշտոնապես ընտրություններ չեն հայտարարված։ Ի դեպ, ուշագրավ է, որ Փաշինյանը խուսափում է խոշոր համայնքներից: Մեր տեղեկություններով, Փաշինյանի այցերը կազմակերպելուց առաջ տքնաջան աշխատանք է կատարվում, դժվարությամբ ընտրվում են փոքր համայնքներ, որտեղ հնարավոր կլինի գոնե մի քիչ «պատկառելի»՝ ասենք՝ մի քանի տասնյակ հոգու մասնակցություն ապահովել, միևնույն ժամանակ երաշխավորել իրավիճակի վերահսկելիություն։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը բավականին նյարդային է վերադարձել հատկապես վերջին մարզային այցից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա կշտամբել է այցի կազմակերպիչներին ու որոշ համայնքապետների՝ նեղսրտելով, թե «մի հատ մարզային նորմալ այց չեք կարողանում կազմակերպել, դուք ընտրություն ո՞նց եք անցկացնելու»։ Փաշինյանին հատկապես նյարդայնացրել է, որ մարդաքանակ է ապահովվում մեծ թվով երեխաների ընդգրկվածությամբ, որոնք հանդիպումների ժամանակ առաջին պլանում էին։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ առաջիկա շաբաթվա մարզային այցը, որ նախատեսված էր կատարել Տավուշ, հնարավոր է հետաձգվի։ Ավելին, այս շրջանում նա այցերի ցուցակից հանել է Շիրակի, Լոռու, Սյունիքի և Արարատի մարզեր այցերը։ Բանն այն է, որ տվյալ մարզերում բավականին մեծ է հանրության դժգոհ հատվածը, և մարզային ներկայացուցիչները հորդորել են այս փուլում ուղղակի այց չանել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե հանրապետության նախագահը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» աղմկահարույց նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարան չդիմի, ապա դա կնախաձեռնի խորհրդարանական ընդդիմությունը։ «Այո, մենք ասել ենք, որ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- երեկ մեզ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ Հիշեցնենք, որ 2 օր ուշացումով՝ ապրիլի 2-ից նախագիծը նախագահականում է, ըստ իրավական կարգի՝ ուշացման դեպքում նախագահը պետք է այն ետ ուղարկեր խորհրդարան, բայց մինչ այս պահը Արմեն Սարգսյանը ո՛չ ետ է ուղարկել, ո՛չ էլ ստորագրել է կամ դիմել ՍԴ։ Նա 21 օր ժամանակ ունի։ Մեր տեղեկություններով՝ նախագահը հակված է չստորագրել օրենքը, բայց չի բացառվում, որ նաեւ ՍԴ չդիմի, նրա իրավաբանները սահմանադրականության հետ կապված խնդիրներ չտեսնեն։ Նշենք, որ ՍԴ դիմելու լիազորություն ունեն նաեւ ԱԺ պատգամավորները՝ 27 պատգամավորի ստորագրությամբ, եւ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասին, առանց «Իմ քայլի», կարող են նման քայլի դիմել։ Ինչ վերաբերում է նախագիծը 2 օր ուշացումով ուղարկելուն, ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Իմ քայլում» այնքան փնթի եւ անուշադիր են նախագիծը կազմել, որ տեխնիկական շտկումների անհրաժեշտություն է առաջացել, եւ մինչեւ հաստափոր նախագիծը նորմալ տեսքի են բերել, ժամկետի ուշացում է եղել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին Սյունիքի մարզ էր այցելել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետի եւ ԵԿՄ տարածքային բաժանմունքների ղեկավարների հետ, ապա մեդալներ հանձնել մի շարք սյունեցի երկրապահների՝ հայրենիքին մատուցած ծառայության համար վերջին պատերազմին մասնակցելու կապակցությամբ։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգեւատրվել նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որի՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ կասկածներ կան։ Մեզ ասացին, որ պատերազմին մասնակցած որոշ սյունեցիներ, որոնք ներկայացված են եղել պարգեւի, հրաժարվել են գալ եւ Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ՝ դրանով իրենց վերաբերմունքն արտահայտելով «Արցախը հանձնած» իշխանություններին։ Մեր տեղեկությունը հաստատեցին Սյունիքից, այդ թվում՝ մեդալից հրաժարված անձանցից մեկը՝ խնդրելով անունը չհրապարակել։ Ասաց, որ իր պես մի քանի հոգի էլ կան, որ հրաժարվել են մեդալներից՝ չեն ներկայացել հանդիպմանը»:


«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է հարեւանների նկատմամբ թշնամական վերաբերմունքի փոփոխության, խաղաղության մասին։ Առաջին հայացքից անմեղ ու անվտանգ այս հայտարարությունների տակ թաքնված են այլ նպատակներ, որոնք բացահայտվում են իշխանության զանազան խոսնակների ու Նիկոլ Փաշինյանի այլ հայտարարությունների արդյունքում։ Արդեն առանց ձեւականությունների հայտարարվում է, որ Հայաստանը բանակ չի ունեցել, բանակը հեղինակազրկվում ու վարկաբեկվում է բոլոր հնարավոր մեթոդներով։ Եվ դրանից հետո հնչում է Նիկոլ Փաշինյանի «հարեւանցի» հայտարարությունն այն մասին, որ կա գաղափար՝ բանակում ծառայությունը դարձնել 5 տարին մեկ անգամ, ընդամենը երեք ամսով։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա նախընտրական կաշառք է՝ ընտրություններից առաջ հայտարարվում է, որ իրենց ընտրելու դեպքում ձեր երեխաներն այլեւս բանակում չեն ծառայելու կամ գրեթե չեն ծառայելու։ Սակայն, եթե անգամ այս խայծն օգտագործվելու է նախընտրական նպատակներով, իսկ այն օգտագործվելու է, իրականում այդ հայտարարությունն ունի ավելի հեռահար նպատակ՝ վերջնականապես կազմաքանդել բանակը։ Այսինքն՝ մի կողմից՝ հայտարարվում է, որ մենք բանակ չենք ունեցել, մյուս կողմից՝ հռչակվում է բարեփոխումների անվան տակ բանակը վերացնելու մտադրություն։ Ահա այստեղ է երեւակվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների տրամաբանությունն ու պատճառահետեւանքային կապը․ նա ասում է, թե պետք է փոխել թշնամիների նկատմամբ վերաբերմունքն այնպես ու այնքան, որ թշնամի այլեւս չունենանք։ Իսկ եթե չկան թշնամիներ, չկա նաեւ բանակ ունենալու անհրաժեշտություն։


Սա, իհարկե, պարզունակ, մակերեսային եւ պետական մտածողության հետ որեւէ աղերս չունեցող տրամաբանություն է, բայց բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանը երբեք էլ աչքի չի ընկել խորիմաստությամբ ու շրջահայացությամբ։ Տարածաշրջանում, որում գտնվում է Հայաստանը, լայն իմաստով կա գոյության երկու մոդել՝ ստեղծել հզոր անվտանգային համակարգ՝ ժամանակակից ու մարտունակ զինված ուժերով, եւ դրանով խաղաղություն պարտադրել թշնամական տրամադրվածություն ունեցող հարեւաններին, եւ երկրորդը՝ հանձնվել, հայտարարել, որ մենք այլեւս թշնամիներ չունենք, եւ հրաժարվել սեփական բանակ ունենալու գաղափարից՝ անվտանգության ապահովումը այնքանով, որքանով՝ վերապահելով երրորդ որեւէ երկրի, այս պահին՝ Ռուսաստանին։ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է երկրորդ մոդելը, որն իրականում ոչ միայն բանակ, այլ նաեւ պետություն չունենալու մոդել է, քանի որ առանց զինված ուժերի կամ Նիկոլ Փաշինյանի առաջարկած զինված ուժերով պետությունը լինելու է բուտաֆորիա, ձեւականություն, եթե լինելու է ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանն այսպիսով առաջարկում է գեղեցիկ ձեւակերպումների անվան տակ իրականում վերացնել հայկական բանակը։ Ի դեպ, հայկական բանակի դեմ ձեւակերպումների տարբերությամբ, բայց նույն բովանդակությամբ ամեն առիթով խոսում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Հայկական բանակի գոյության, ավելի ճիշտ՝ չգոյության մասին նրա եւ Նիկոլ Փաշինյանի տեսլականները համընկնում են»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, այդ հանդիպումը կազմակերպվել է վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի միջոցով, որը, մամուլի հրապարակումների համաձայն, հրահանգներ է տալիս դատավորներին, քննիչներին ու դատախազներին:  Այստեղ ուշագրավ է, որ երբ նախորդ տարի` դեկտեմբերին, Փաշինյանն իր մոտ էր հրավիրել դատարանների նախագահներին, Վազգեն Ռշտունին հանդիպմանը չէր մասնակցել՝ որպես պատճառաբանություն բերելով առողջական խնդիրները: Այսինքն՝ ստացվում է՝ նախորդ տարի հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը, սակայն արդեն այժմ անհատական հանդիպում է ունենում Փաշինյանի հետ: Դժվար է կանխատեսել, թե ինչու հենց այժմ նման հանդիպում տեղի ունեցավ: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ հենց Վազգեն Ռշտունուց, սակայն տեղեկացանք, որ նա արձակուրդում է, եւ չկարողացանք կապ հաստատել ու ստանալ մեր հարցերի պատասխանները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունները նպատակ ունեն այս տարի՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, համայնքների միավորման ծրագրեր իրականացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միավորման ծրագրերում ներգրավված է լինելու թվով 186 համայնք, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 11 համայնք: Ընդ որում, այդ համայնքների գերակշռող մասի ՏԻՄ-երի լիազորությունները լրանում են 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, եւ հենց դա է պատճառը, որ իշխանությունները որոշել են նոր օրենսդրական փոփոխությամբ հանդես գալ: Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության «հայտնի իրավաբան» Վահագն Հովակիմյանը, որը ավարտել է ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետը, հանդես է եկել ««Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով եւ ցանկանում է ամրագրել, որ այդ համայնքներում կարող են համայնքների խոշորացումից առաջ իրականացվել տեղական հանրաքվեներ: Նկատենք, որ այդ համայնքներում հանրաքվեի իրազեկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ արտահերթ ընտրություններից հետո՝ հունիս ամսվա վերջին, իսկ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով ներկայումս սահմանված ժամկետները խնդիրներ կառաջացնեն ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը 2021 թվականի աշնանը ԱԺ կողմից ընդունելու եւ ՏԻՄ-եր ձեւավորելու տեսանկյունից: Այսինքն՝ ստացվում է՝ արտահերթ ընտրություններից հետո իշխանությունները նպատակ ունեն նաեւ համայնքների խոշորացում, ապա եւ ՏԻՄ ընտրություններ իրականացնել եւ արդեն նոր նախագծեր են ներկայացնում այդ մասով: Նաեւ Երեւանում կլինեն քաղաքապետի ընտրություններ»։


«Ժամանակ» թերթը գրում է․ "Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, որի ընդունման արդյունքում մեքենա վաճառողը կարող է իր կողմից վաճառվող մեքենայի հետ նոր սեփականատիրոջը փոխանցել մեքենայի պետհամարանիշները: Այդ դեպքում գնորդը կազատվի նոր պետհամարանիշի համար 12 հազար դրամ պետական տուրք վճարելու պարտականությունից: Տրամաբանական և օգտակար նախաձեռնություն է":


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա երկու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մսի արտադրության ծավալները 0.7 տոկոսով նվազել են: Փոխարենը խոզի և ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-փետրվարին խոզի մսի արտադրության ծավալներն ավելացել են 0.2 տոկոսով, ոչխարինը՝ նույնպես 0.2 տոկոսով: Փոխարենը պակասել են թռչնամսի արտադրության ծավալները 1.8 տոկոսով: Հայաստանում այս տարվա երկու ամիսներին արտադրվել է 1 մլն 857 հազար 500 տոննա թռչնամիս: Թռչնաբույծների խոսքերով՝ արցախյան պատերազմով պայմանավորված՝ 2020-ի սեպտեմբերին Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթացը, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա: Բացի այս, այս տարվա երկու ամիսներին հավի մսի գինն է զգալի բարձրացել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս շուկայում գրանցվել է 8.4 տոկոս գնաճ: Ընդ որում, բարձրացել է և՛ ներկրված, և՛ արտադրված հավի մսի գինը: Ըստ մասնագետների՝ ներկրված թռչնամսի թանկացումը պայմանավորված է դոլարի փոխարժեքի բարձրացմամբ, իսկ տեղական հավի միսը թանկացել է, որովհետև միաժամանակ բարձրացել են և՛ ներմուծվող կերի գինը, և՛ գազի, էլեկտրաէներգիայի սակագները»: