15.11.2024
Մամուլ. Փաշինյանն ամեն ինչ արեց, որ մայիսի 9-ին վարչապետ չլինի
prev Նախորդ նորություն

Միջազգային որևէ կառույց չի կարող հիմնավորել ադրբեջանցիների ներկայությունը Սյունիքում. ՄԻՊ

Սահմանային բնակիչների իրավունքների հետ կապված խնդիրներ կան երկրում, մեր բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ են արձանագրվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


Նա նշեց, որ այս խնդիրը ևս ներառված է ՄԻՊ տարեկան զեկույցում, որն արդեն հրապարակվել է և շուտով կներկայացվի ԱԺ-ում:


"Սյունիքում պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերի հայտնվելը ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների սկզբունքներին և ապալեգիտիմ է",- ընդգծեց նա:


Արդյունքում, շարունակեց նա, կոպտորեն խախտված է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներ, սեփականության, ձեռնարկատիրական գործունության և այլ իրավունքներ, լրջորեն վտանգված է կյանքի առողջության, ֆիզիկական և հոգեկան անձեռմխելության և ազատ տեղաշարժի մի շարք իրավունքներ: Թաթոյանը պնդեց իր առաջարկը՝ պետք է ստեղծվի անվտանգության գոտի, իսկ ադրբեջանական ԶՈՒ-ն այդտեղից պետք է հեռանա: Իսկ սահմանի հետ կապված որևէ գործընթաց չպետք է բերի մարդկանց բնականոն կյանքի խաթարման, ինչն այսօր մենք ունենք Սյունիքում:


"Խախտումները ես պարբերաբար ներկայացնում եմ նաև միջազգային կառույցներին, իսկ անվտանգության գոտու հետ կապված մենք հիմա լրացուցիչ հայեցակարգի կարևոր դետալներ ենք մշակում և դրանք նույնպես ներկայացնելու ենք միջազգային կառույցներին: Ավելին, այդ հայեցակարգում ևս ցույց տված և հիմնավորված են մարդու իրավունքների խախտումները",- ասաց նա:

VERELQ-ի դիտարկմանը, որ ՀՀ իշխանություններն էլ հայտարարում են, որ Սյունիքում խնդիր չունենք, ինչպես են ընկալում սա միջազգային կառույցները, Արման Թաթոյանն ասաց, որ ներկայացնում է իր գնահատականը, համոզված է դրանցում և այդ գնահատականների հիմնավորվածության հարցում և շարունակելու է բրձրաձայնել դրանք:


"Ադրբեջանի իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ նորմալ է, իրենց ներկայությամբ իրավունքներ չեն խախտվել, ինչն իրականությանը որևէ կերպ չի համապատասխանում: Ավելին՝ նրանց այդտեղ ներկայության համար որևէ իրավական հիմնավորում չկա, իսկ այն պնդումները, թե դա իրենց տարածքն է և այլն ընդհանրապես ընդունելի չէ, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև որպես երկու ինքնիշխան պետություններ որևէ անգամ չի եղել դեմարկացիա կամ դելիմիտացիա, ինչի մասին հայտարարել է նաև ՀՀ ԱԳ նախարարը: Սահմանների անորոշության մասին հայտարարել է նաև Հայաստանի նախագահը: Իսկ ինձ ՄԻՊ տեսանկյունից մնում է հստակ արձանագրում անել, որ եթե մենք հիմքում դնում ենք մարդու իրավունքներն ու սահմանային բնակչի իրավունքը խախտված է, ապա նրանք այդտեղից պետք է հեռանան և սա միանշանակ է: Չի կարող ինձ որևէ միջազգային կազմակերպություն բացատրել, հիմնավորել, որ այդ աստիճան միլիտարիզացված իրենց մոտ ներկայությունը մեր գյուղերին ու ճանապարհներին նորմալ է խաղաղ ու բնականոն կյանքի համար",- հավելեց Արման Թաթոյանը:


 


 


 


 

Մամուլ. Ովքեր կլինեն Քոչարյանի դաշինքի ցանկում
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը