8.12.2025
Լուսանկարը` Արմենպրես
prev Նախորդ նորություն

Մայր Աթոռը դատապարտում է իշխանության կազմակերպած «ապօրինի» պատարագները

Լուսանկարը` Info Service Dept of the Mother See
Լուսանկարը` Info Service Dept of the Mother See

Հայ Առաքելական Եկեղեցու և գործադիր իշխանության հարաբերություններում լարվածությունը նոր դրսևորում է ստացել․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստագույնս դատապարտել է վարչապետի գլխավորությամբ և իրավապահների միջամտությամբ եկեղեցիներում արարողությունների կազմակերպման պրակտիկան։


Հոգևոր կենտրոնի տարածած հայտարարության մեջ իշխանությունների գործողությունները որակվում են որպես Սահմանադրության և եկեղեցական կարգի կոպիտ խախտում, որը վիրավորում է հավատացյալների զգացմունքներն ու պառակտում սերմանում։ Մայր Աթոռը հատկապես անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, որտեղ եպիսկոպոսը, շրջանցելով թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանությունը, մասնակցել է «պատարագի»։ Ըստ Սուրբ Էջմիածնի՝ նման գործելաոճը կանոնական կոպտագույն խախտում է և անընդունելի ոտնձգություն եկեղեցու ներքին կանոնակարգի դեմ։


Մայր Աթոռը, առայժմ զերծ մնալով խիստ պատժամիջոցներից, վերջնագիր է ներկայացրել կանոնախախտ եպիսկոպոսներին՝ հորդորելով դադարեցնել խոտոր ընթացքը և կեղծ բովանդակությամբ հրապարակային ելույթները։ Եկեղեցին պահանջում է վերադառնալ կանոնական դաշտ, գործել բացառապես հոգևոր ասպարեզում և հավատարիմ մնալ դարերով նվիրագործված ավանդույթներին ու միասնականությանը, ինչը յուրաքանչյուր հոգևոր սպասավորի սրբազան պարտականությունն է։


Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իշխանության և հոգևոր դասի միջև շարունակվող լարվածության ֆոնին, հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեփոխման իր տեսլականը։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է գործողությունների ծրագիր, որի մեկնարկային կետը գործող Կաթողիկոս Գարեգին Բ-ի (տեքստում նշված է աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան) հեռացումն է և Կաթողիկոսական տեղապահի ընտրությունը։


Փաշինյանը նաև հանդես է եկել եկեղեցական կյանքին առնչվող այլ նախաձեռնություններով ևս։ Մասնավորապես, նա առաջարկել էր քննարկել եկեղեցիների տարածքում կամ ներսում ՀՀ պետական դրոշի տեղադրման հարցը՝ դա որակելով որպես միջազգային պրակտիկա, ինչպես նաև հորդորել էր պատարագներից առաջ հնչեցնել պետական օրհներգը։


ՀՀ կառավարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև հարաբերությունները վերջին ամիսներին զգալիորեն սրվել են, ինչը հանգեցրել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի ակցիաներին։ Առճակատումն ուղեկցվում է մեդիադաշտում «կոմպրոմատների պատերազմով» և մի շարք հոգևորականների կալանավորմամբ։ Թեև հասարակության մի հատված նրանց համարում է քաղբանտարկյալներ, իշխանությունները կտրականապես հերքում են այդ պնդումները՝ բացառելով գործընթացներում քաղաքական դրդապատճառների առկայությունը։