VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս մարտի 11-ին նորընծա ընդդիմադիր գործիչ՝ «Երրորդ ուժ» կուսակցության ղեկավար Արտակ Թովմասյանը (Դվինի Արտակ) բառացիորեն հայտարարեց․ «44 օրվա ընթացքում մենք կհասնենք իշխանության հրաժարականին»։ Թովմասյանի խոստացած ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 24-ին, իսկ իշխանությունը կարծես թե մտադիր չէ մինչ այդ հրաժարական ներկայացնել։ Իսկ ինքը՝ Արտակ Թովմասյանը, արդեն հայտնվել է պրոիշխանական դաշտում։ Իշխանական մեր աղբյուրները նաեւ հավաստիացնում են, որ Նիկոլ Փաշինյանի ձեւական հրաժարականն էլ կլինի, ամենայն հավանականությամբ, ապրիլի 24-ից հետո։ Ավելին, երեկ մեզ անգամ լուրեր հասան, որ Սյունիքից վերադառնալուց հետո Փաշինյանը մտքափոխ է եղել եւ բանակցում է ԲՀԿ-ի հետ, ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմի եւ չեղարկի ընտրությունները։ Ավելի ու ավելի ակնառու է դառնում այն փաստը, որ ո՛չ քարոզարշավն է կարողանալու լիարժեք անցկացնել, ո՛չ էլ այնքան ձայն ունի, որքան փորձում են ներշնչել հանրությանը։ Իսկ Սյունիքի դեպքերից հետո հատկապես՝ ունեցած հեղինակությունը կորցնելու շեմին է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ քննարկել են ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված տարբեր հարցեր, հերթը հասել է նաեւ հաջորդ ԱԺ նախագահի անձին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից ՔՊ-ում դժգոհությունը մեծ է: Նրան համարում են պասիվ դիտորդ, որն այլեւս իրենց կողքին չէ, չի աջակցում թիմին, քաղաքական հակառակորդներին չի հակադարձում, այլ սպասում է, անհասկանալի է՝ ինչի կամ ում: Եւ այս ֆոնին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ըստ մեր տեղեկությունների, ՔՊ վարչության քննարկման ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանում փաստացի ինքն է ԱԺ նախագահի լիազորությունները կատարում, քաղաքական հակառակորդներին չեզոքացնում, ուստի ինքը պետք է լինի հաջորդ ԱԺ նախագահը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որեւէ ձեւով չի արձագանքել, ու շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Սիմոնյանի խոսքերը վարչապետի սրտով են եղել, քանի որ վերջին ժամանակահատվածում Փաշինյանը գրեթե բոլոր հանդիպումները Սիմոնյանի հետ է իրականացնում: Արարատ Միրզոյանն էլ անհաղորդ է մնացել ու որեւէ ձեւով չի արձագանքել իր հասցեին հնչող փաստացի մեղադրանքներին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԱԺ փոխնախագահ Ա. Սիմոնյանից, որը հայտարարեց. «Նման հարց չի քննարկվել, ավելին՝ նման հարցերը մենք քննարկում ենք ընտրություններից հետո»:
«Իրավունք» թերթը գրում է. «ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սահմանադրագետ Վարդան Այվազյանի գնահատմամբ՝ երեկ Սյունիքի համայնքի ղեկավարները ձերբակալվել են անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի հրահանգով: «Հրապարակավ տալիս եմ հաղորդում հանցագործության վերաբերյալ՝ առ այն, որ հանրապետության վարչապետ հորջորջվող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվել է պաշտոնեական դիրքի չարաշահում, իր լիազորությունների սահմանազանցում: Իրավապահ մարմինների ուշադրությունն եք հրավիրում այս հանգամանքին և հորդորում ենք այս փաստի առթիվ հարուցել քրեական գործ և կատարել համապատասխան քննություն: Համայնքի ղեկավարների վարքագիծը լիովին եղել է օրինաչափ՝ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակում: Սա հերթական քաղաքական հետապնդումն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երկու օր է՝ հասարակության ներսում բուռն քննարկվում են Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցն ու դրան հաջորդած իրադարձությունները: Չեն դադարում տարատեսակ տեղեկատվական հոսքերը. Ընդդիմությունը եւ սոցցանցերի որոշ հատված սկսել է ներկայացնել կատարվածն այնպես, իբրեւ թե ողջ Սյունիքն է ոտքի կանգնել: Իսկ, ահա, իշխանական ճամբարում պնդում են, որ դրանք ընդամենը մարդկանց փոքր խմբեր են, որոնք կատարում էին նախկին օլիգարխիկ շրջանակների հանձնարարականները: Փորձեցինք տարբեր աղբյուրներից մոտավոր տվյալներ ստանալ, թե որքան էր Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա անողների մոտավոր թիվը. մեզ փոխանցեցին, որ Ագարակում եղել են շուրջ 50 հոգի (որոնցից ակտիվ են եղել 20-25-ը)՝ ներառյալ համայնքի ղեկավարը, տեղակալը եւ վարչական այլ աշխատակիցներ, իսկ Շուռնուխում այդ թիվը եղել է 25-ին մոտ, այդ թվում՝ համայնքի ղեկավարն ու իր եղբայրը: Եթե այս թվերին էլ գումարեք վարչապետին ուղեկցող հարյուրավոր մարդկանց թիվը, ապա իրադարձություններն իսկապես բազմամարդ կթվան, չնայած տեսագրություններց եւս պարզ է, որ ակցիայի մասնակիցներն իրականում սակավաթիվ էին։ Ի դեպ, Սյունիքի մարզում բնակվող քաղաքացիների հետ զրուցեցինք, մարդկանց մի մասն իսկապես դժգոհ է, կոտրված, բայց նաեւ վիրավորվում են, երբ ասում են՝ ամբողջ Սյունիքն այսպես, ամբողջ Սյունիքը դեմ է այսօրվա իշխանությունը։ Սյունիքն էլ մարզերից մեկն է, որտեղ կան ընդդիմադիրներ ու իշխանության կողմի ներկայացուցիչներ. այնպես, ինչպես բոլորը փաշինյանական չեն, այդպես էլ բոլորը ընդդիմադիր չեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ակնհայտորեն սկսել է ապաշխարել։ Պատճառն իր «հոգեզավակն» է՝ Նիկոլ Փաշինյանը, ում նա ամեն կերպ աջակցում էր 2018-ից հետո, իսկ վերջերս սկսել է քննադատել՝ համոզվելով, որ վերջինս «երկիրը տանում է կործանման»։ Երեկ Տեր-Պետրոսյանը հերթական ռեպլիկն էր հրապարակել, այս անգամ՝ Փաշինյանի «Սյունյաց արշավանքների» մասին, որը վերնագրել է այսպես․ «Սադիզմի լպիրշագույն դրսեւորում»։ Առաջին նախագահը, սակայն, սադիզմ է համարում ոչ թե շուռնուխցի Աշխարհապետին 39 աստիճան տաքության մեջ քարշ տալով բերման ենթարկելը կամ Մեղրիի փոխքաղաքապետին ոտքերով հարվածներ հասցնելը, այլ կեսգիշերին մոտ Փաշինյանի ներխուժելը շուռնուխցի բնակչի տուն, որն անվանել է ճորտատիրոջ պահվածք՝ ճորտի հանդեպ։ Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանը զղջում է եւ իր ափսոսանքն է հայտնում այս «պատուհասին» աճեցնելու եւ կյանքի ուղեգիր տալու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը մի քանի օր է՝ ՌԴ-ում է, պարգեւատրել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով (За заслуги перед отечеством)։ Շուտով կլրանա վեցամսյա ժամկետը, ինչ Մուրադովն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գնդի հրամանատարն է։ Համաձայն պայմանագրի՝ վեց ամիսը լրանալուն պես ՌԴ իշխանությունները կարող են փոխել հրամանատարին, սակայն դա իմպերատիվ պահանջ չէ։ Դատելով փաստից, որ նրան մեդալ են շնորհում, ՌԴ իշխանությունները գոհ են Մուրադովի ծառայությունից, եւ չի բացառվում, որ հրամանատարի փոփոխություն տեղի չունենա։ Թեեւ Արցախում խոսում են, որ Մուրադովի փոխարեն հնարավոր է Արցախ գործուղեն մի ռուս ծովակալ գեներալի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կնոջ հետ մասնավոր այցով գտնվում է Մոսկվայում: Նախօրեին մենք գրել էինք, թե տեղեկություն ունենք, որ նրան շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»: ՌԴ հատուկ ծառայություններն անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ ենթարկվելու վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել»։ Երեկ տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանը որոշել է «հաճելին օգտակարի հետ զուգակցել»․ մեր աղբյուրները հաղորդում են, որ Արցախի նախագահը Մոսկվայում պատրաստվում է տուն գնել: ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին հարց ուղղեցինք, նա ասաց․ «Արցախի նախագահականը նման ինֆորմացիայի չի տիրապետում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Մերժի՛ր Սերժին», իսկ երեք տարի անց՝ «Նիկոլ դավաճա՛ն». ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից անցել է երեք տարի: Թերեւս երեք տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ հենց այս օրերին Հայաստանում կրկին բողոքի ակցիաներ են լինելու, եւ արդեն պահանջելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Իսկ ի՞նչ ունենք թավշյա հեղափոխությունից եւ Սերժ Սարգսյանի հրաժարականից երեք տարի անց: Սկսենք այն դրական քայլերից, որոնք իրականացրել է այս կառավարությունը: Աշխատավարձերի բարձրացում. ուսուցիչների նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար սահմանվել է առնվազն 108 հազար դրամ, 2020-ի հունվարի 1-ից Երեւանի շտապ բժշկական օգնության շուրջ 950 աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 10%-ով, իսկ, առհասարակ, 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացել է մինչեւ 68 հազար դրամ, ինչի արդյունքում միջինը 20%-ով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձ: 2019 թվականին կառուցվել եւ հիմնանորոգվել է 350 կմ որակյալ ավտոճանապարհ, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է եւս 110 կմ ճանապարհ, այսինքն` կառուցվել է շուրջ 460 կմ ճանապարհ: Այս կառավարության կողմից փորձ է եղել խթանելու ծնելիությունը՝ երեխայի ծնվելու համար նախատեսված գումարի չափն ավելացնելով:
Մասնավորապես, առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը դարձել է 300 հազար դրամ, խնամքի նպաստը կրկնապատկվել է: Սրանք այն դրական քայլերն են, որոնք արձանագրվել են կառավարության աշխատանքի արդյունքում: Սակայն այս ֆոնին ունենք նաեւ լուրջ ձախողումներ՝ ժողովրդավարությունից նահանջ, ագրեսիվ հարձակում իրավապահ համակարգի՝ մասնավորապես՝ դատական իշխանության նկատմամբ, պրոֆեսիոնալների դուրս թողում պետական համակարգից եւ այլն: Բայց այն կորուստների ֆոնին, որ արձանագրել ենք՝ որպես երկիր, վերը նշված դրական քայլերն արդեն կարեւորություն չեն ներկայացնում: Այսօր ունենք Արցախի 75 տոկոսի կորուստ, մոտ 4 հազար զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ, Հայաստանի անվտանգության սպառնալիք, արտաքին դաշնակիցների բացակայություն կամ պակաս, երկրի ներսում՝ ատելության մթնոլորտ, սեւի ու սպիտակի բաժանում.. Իհարկե, սա այս կառավարության երեք տարվա աշխատանքի արդյունքի խիստ համառոտ պատկերն է, բայց կորուստներն անչափելի են՝ ի հակակշիռ ձեռքբերումների»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նոր սցենար ունեն դատական համակարգն իրենց ենթարկեցնելու համար: Մասնավորապես, նրանք այս օրերին քննարկում են Վճռաբեկ դատարանի վարչական ու քաղաքացիական պալատների միացման հարցը: Բանն այն է, որ իշխանությունները խնդրի առջեւ են կանգնում ամեն անգամ, երբ վարչական եւ քաղաքացիական դատարաններում կարեւոր գործեր են քննվում: Եվ այժմ Ջհանգիրյանը եւ Թադեւոսյանը անկախ դատարաններ ունենալու անվան տակ ցանկանում են միավորել այս երկու պալատները, որպեսզի ընդհանուր պալատի ղեկավար նշանակվի իրենց ներսից մեկը, ում կկարողանան 100 տոկոսով ղեկավարել եւ հրահանգներ տալ: Հիշեցնենք, որ Թադեւոսյանի՝ քրեական պալատի նախագահ նշանակվելով՝ այս ոլորտի հարցը լուծված է, եւ այստեղ իշխանությունները խնդիրներ չունեն, այնինչ խնդիրների են հանդիպում հենց վարչական դիմումների պարագայում: Նկատենք՝ վերջին շրջանում ավելացել է քաղաքական հնչերանգներ ունեցող վարչական դիմումների քանակը, քանի որ նախկին պաշտոնյաները, օրինակ՝ Օնիկ Գասպարյանը, Տիրան Խաչատրյանը, հենց այնտեղ վիճարկում են իրենց մասով որոշումները: Եվ որպեսզի հետագայում խնդիրներ չունենան, իշխանությունները ցանկանում են այսպիսի փոփոխություններ անել»:
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Սարյան փողոցի վրա գտնվող «Հայփոստի» բարձրահարկ շենքը մասնավորեցվում է որպես բնակֆոնդ: Ըստ նույն լուրերի, այդ ամենի թիկունքում կանգնած է սուսիկ-փուսիկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աղբյուրը տեղեկացնում է, որ այս ամենը արվում է պարոն Գրիգորյանին հնարավորինս հաճոյանալու համար, քանի որ վերջինս ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ բանակցություններում ամեն ինչ անում է այնպես, ինչպես հրամայում է իր ղեկավարի սիրտը: Ու սա դրա «բոնուսն» է»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը բանակցում է իրավաբանական հանրույթի մի շարք ներկայացուցիչների հետ՝ իր ցուցակով ընտրություններին մասնակցելու առաջարկով, բնականաբար՝ պրոիշխանական շրջանակներից։ Խոսվում է նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի, նրա կնոջ՝ Լուսինե Հակոբյանի, փաստաբան Սեդա Սաֆարյանի, Կարեն Զադոյանի եւ այլոց մասին։ Բաբաջանյանը կարծում է, որ հնչեղ քրեական գործերով զբաղվող այս իրավաբանները լավագույնս կարող են իրականացնել իր պլանները՝ թիրախավորելով նախկիններին։ Բաբաջանյանը կարծում է, որ ինքն իշխանության եւ նախկինների այլընտրանքն է եւ կարող է երրորդ բեւեռ դառնալ ու տանել հանրության այն շերտերի ձայները, ովքեր ո՛չ Նիկոլ Փաշինյանին են ուզում, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։