Մամուլում տարածված տեղեկությունները, թե Իրանում հայտնված Fly Armenia Airways ընկերության Boeing 737-300 օդանավն ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ասվում է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի հայտարարության մեջ։
«Fly Armenia Airways ավիաընկերության ինքնաթիռի տեխնիկական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են իրանական կողմի հետ համագործակցությամբ: Հաշվի առնելով նաև, որ քրեական գործ է հարուցվել եւ ընթանում է հետաքննություն, մենք չենք կարող մանրամասներ հայտնել մինչեւ դրանց ավարտը։ Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել և մամուլում տարածված այն տեղեկությունները, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը», - ասվում է ՔՊԾ-ի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:
Հարցի գինը
Ս. թ. փետրվարի 22-ին տեղեկատվություն հայտնվեց Թեհրան հայկական հանրանավի «առեւանգման» մասին։ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հերքել է այդ տեղեկությունը։
Չնայած օդանավի առեւանգման լուրի հերքմանը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը մարտի 16-ին հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով (օդանավի, նավի կամ երկաթուղային շարժակազմի առեւանգում կամ զավթում):
«Որքան ինձ հայտնի է, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական կողմի հետ», — տեղեկացրել է նա։
Լրագրողի այն հարցին, թե ինչու է ինքնաթիռը շարունակում մնալ Իրանում, փոխնախարարը նշել է, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել։
Սակայն ինքնաթիռը մինչ այժմ չի վերադարձել Երևան, չնայած Հանրապետության պաշտոնատար անձանց բազմաթիվ հավաստիացումներին, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս: Դեռ մարտի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ օդանավը կվերադարձվի Հայաստան։ «Այս պահին ընթանում են բանակցություններ, որոնց նպատակն է ապահովել ինքնաթիռի վերադարձը Հայաստան արդեն այսօր», - նշեց նա:
Պարզաբանելով «ավիապատահարի» պատճառները՝ Ավինյանը խորհրդարանականներին տեղեկացրել է, որ նշված ընկերությունը դիմել է Հայաստանի քաղաքացիական ավիացիային և Էստոնիայից Ուկրաինա առանց բեռների եւ ուղեւորների մեկ չվերթ իրականացնելու թույլտվություն է ստացել:
Սակայն «Բոինգի» անձնակազմը, խախտելով տրված թույլտվության մեջ նշված ուղղությունը, նախ վայրէջք է կատարել բուլղարական Վառնայի օդանավակայանում, ապա ուղղություն վերցրել դեպի Շարժա Արաբական Միացյալ Էմիրություններում։ Արդյունքում, չպարզված հանգամանքներում ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Բոինգի» անձնակազմը վկայակոչել է թռիչքի ժամանակ հայտնաբերված տեխնիկական անսարքությունները, ինչպես նաեւ վառելիքի հետ կապված խնդիրները, ինչն էլ հանգեցրել Է Թեհրանում չնախատեսված վայրէջքի որոշման:
Ինքնաթիռը գտնվում էր Էստոնիայի մայրաքաղաքում տեխնիկական աշխատանքների իրականացման պատճառով, որից հետո փետրվարի 12-22-ը նա պետք է մեկներ Ուկրաինա՝ տեխնիկական սպասարկումը շարունակելու համար: Նախնական վարկածներից մեկի համաձայն՝ «Բոինգը» «առեւանգվել է» Իրան։