25.11.2024
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ Հայաստանում չեն լինի
prev Նախորդ նորություն

Դիլիջանի միջազգային դպրոցին մաքսային արտոնություններ չեն տրամադրվի

Խորհրդարանը սկսեց քննարկել «Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Օրինագիծը կքննարկվի արագացված 24-ժամյա ռեժիմով։


ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հիշեցրեց, որ նախագծով Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրն իրականացնող կազմակերպությունները շահութահարկից ազատման արտոնություններից օգտվել կարողանալու համար մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը զուտ շահույթը պետք է ներդնեն ծրագրի շրջանակում որպես վերաներդրում: Շահութահարկով հարկումից ազատված կլինի այդ ներդրված մասը: Փոխնախարարը պարզաբանեց, որ օրենքում օգտագործվող եզրույթներն ավելի հատուկ են ոչ թե հարկային, այլ ֆինանսական (հաշվապահական) հաշվառմանը: Գործնականում լինում են դեպքեր, երբ ընկերությունը ֆինանսական համ հաշվապահական հաշվառման առումով ոչ թե ունի շահույթ, այլ ունի վնաս: Սակայն հարկային հաշվառման արդյունքով ունի հարկվող շահույթ:


«Քանի դեռ ընկերությունը չունի շահույթ, չի կարող որեւէ գումար ներդնել ծրագրի շրջանակում որպես վերաներդրում, հետեւաբար արտոնության կիրառության նախապայմանը չի ապահովի: Մինչդեռ դա անարդար իրավիճակ է՝ պայմանավորված ֆինանսական եւ հարկային հաշվառման մեթոդաբանական տարբերություններով»,-ասաց Պողոսյանը:


Նախագծով ծրագրի հետ կապված եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվելու: Ծախսերն էլ շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվելու:


Նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում կազմակերպությունների ստացվող եկամուտները, ինչպես նաեւ ծախս չեն համարվում ծրագրի իրականացման շրջանակներում կազմակերպությունների կողմից կատարվող ծախսերը՝ վերացնելով ծրագիրն իրականացնող կազմակերպությունների զուտ շահույթը ծրագրի շրջանակներում օգտագործած լինելու նախապայմանը, քանի որ այդ նախապայմանի առկայությունը գործնականում ուղեկցվում է բարդություններով: Նախագծով առաջարկվում է կարգավորել նաեւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում հարկերի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:


Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 43-րդ հոդվածի եւ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածի 41-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնությունները կիրառվում են «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման շրջանակներում՝ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, հեծանիվների, ջրային եւ օդային տրանսպորտի՝ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաեւ մաքսատուրքերի վճարման արտոնություններ նախատեսող դրույթները: