Սարգսյան. Ժամանակակից մարտահրավերների պատասխանն ինտեգրումն է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մայիսի 24-ին Աստանայում, ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային խորհրդաժողովում, խոսել է արդի մակրոտնտեսական մարտահրավերների մասին:
ԵՏՀ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ վերջին 10-15 տարում աշխարհում տեղի են ունեցել մի շարք էական փոփոխություններ, որոնք ազդել են մակրոտնտեսական իրադրության վրա:
«Նախ, մեծացել է փոփոխությունների արագությունն ու անկանխատեսելիությունը: Շատ արագ է փոխվում ղեկավարների օրակարգը, հայտնվում են նոր մարտահրավերներ ու ռիսկեր, միաժամանակ նոր հնարավորություններ»,-ասել է ԵՏՀ-ի կոլեգիայի նախագահը: «Երկրորդ՝ աշխարհն էլ ավելի է փոքրացել, և խորացել է երկրների տնտեսությունների փոխկախվածությունը: Բացի այդ, ՀՆԱ-ի աճի տեմպերը դարձյալ առաջ են անցել արտաքին առևտրի աճի տեմպերից, իսկ հավելադիր արժեքն առավելագույնի է հասնում մտավոր աշխատանքի առավել մեծ բաժնով և բարձրորակավորման ծառայությունների նոր ճյուղերում, որտեղ զարգացող երկրները զիջում են զարգացած երկրներին: Մակրոտնտեսական կարգավորման ոլորտում իրագործվող ծրագրերն ու քաղաքականությունները բավարար չեն: Հարկ է հիշել մեր տարածաշրջանի երկրներում հումքային ապրանքների գների անկման կապակցությամբ ազգային արժույթների փոխարժեքների տատանումների հետ կապված վիճակը, որն էականորեն ազդեց մակրոտնտեսական իրադրության վրա: Այն իրենց վրա առանձնապես զգացին փոքր տնտեսությունները՝ բախվելով արտահանական ներուժը կորցնելու սպառնալիքին, ինչը և ստիպեց բոլոր պետություններին՝ կայունացման արտակարգ միջոցներ ձեռնարկել»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Սարգսյանի կարծիքով՝ տարածաշրջանի երկրների համար ժամանակակից մարտահրավերների պատասխանը տարածաշրջանային ինտեգրացման խորացումն է: «Մասնավորապես, այսօր դրանով են զբաղվում Եվրասիական տնտեսական միությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը»,-ասել է ԵՏՀ-ի նախագահը՝ հավելելով. «Մեր գործունեությունը նպատակամղված է մեր երկրների մակրոտնտեսական քաղաքականության կոորդինացման հարցերում երկխոսության կարգավորմանը, որպեսզի ապահովենք փոխգործակցությունը, կանխատեսելիությունը և զարգացման կայունությունը գնաճի նպատակային ցուցանիշներին հասնելու պայմաններում, ինչպես նաև համատեղ պատասխանենք արդի մարտահրավերներին»:
«Երբեմն թվում Է, թե առանձնաբար կարելի Է ավելի արագ մեծացնել ներքին համախառն արդյունքի աճի ներուժը, բայց նման աճը անկայուն կլինի, եւ տնտեսությունն ավելի մեծ չափով ենթակա կլինի անբարենպաստ արտաքին գործոնների ազդեցությանը: Այսպիսով՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման խորացումը կարող Է դառնալ մակրոտնտեսական կայունության եւ կայուն տնտեսական աճի ապահովման հիմնական գործոնը»,-ընդգծել Է Տիգրան Սարգսյանը: