ՌԴ-ի տարածքում աշխատանքի դանդաղեցման միջոցառումները կարող են հաջորդ անգամ կիրառվել Facebook-ի նկատմամբ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի հարցերով պրոֆիլային կոմիտեի անդամ Անտոն Գորելկինը:
Չորեքշաբթի «Ռոսկոմնադզորը» հայտնել է, որ Twitter միկրոբլոգների ծառայության աշխատանքի արագությունը Ռուսաստանում մարտի 10-ից դանդաղեցվել է բոլոր շարժական եւ ստացիոնար սարքերի կեսի վրա, քանի որ ընկերությունը պարբերաբար չի կատարում ՌԴ-ում արգելված կոնտենտի հեռացման պահանջները:
Գորելկինը նշել է, որ Facebook-ը, ի տարբերություն Twitter-ի, որին առաջինը դանդաղեցրել են աշխատանքը, «գոնե երբեմն փորձում է ինչ-որ բան բացատրել» «Ռոսկոմնադզորից» հավակնություններ առաջադրելու դեպքում, սակայն ռեսուրսում նույնպես կան հակաիրավական տեղեկություններ:
Նրա խոսքով՝ «Twitter»-ն ընդհանրապես ոչինչ չի հեռացնում, եւ այստեղ խոսքը ոչ միայն ինչ-որ քաղաքական պատմությունների, այլ առաջին հերթին նարկոմաֆիայի, ինքնասպանության հետ կապված հաշիվների մասին է, բայց այդ ռեսուրսի ներկայացուցիչների հետ բանակցություններ չկան եւ անհասկանալի է, թե այդ հարցերում ինչով է առաջնորդվում «Twitter»-ը:
Պատգամավորը հավելել է, որ «չնչին տուգանքները, որոնք իրենց դուրս են գրում, իրենք ցուցադրական կերպով անտեսում են»:
Նա ճիշտ է համարում, որ «պետությունը կարողացել է փաստարկված և կոշտ կերպով մատնանշել իր դիրքորոշումը»։ «Մեր իշխանություններն օբյեկտիվ են։ Իրավական մեխանիզմի տեսանկյունից նման միջոցառումները կարգավորված են», - հավելել է նա։
Թրաֆիքի դանդաղումը, Գորելկինի կարծիքով, կազդի Ռուսաստանում Twitter-ի գովազդային գործունեության վրա, եւ նրա հաճախորդների գովազդային բյուջեները կարող են վերաբաշխվել այլ հարթակների վրա: ««Twitter»-ը, վստահ եմ, մեծ գումարներ կկորցնի։ Գովազդի մեր ռուսական հատվածը մրցակցային է», - նշել է Գորելկինը։ Նրա խոսքով՝ խոսքը կարող է վերաբերել տարեկան մի քանի միլիարդ ռուբլուն։
Գորելկինը ափսոսանք է հայտնել, որ «Twitter»-ի նման քաղաքականության պատանդ են դառնում ռուս օգտատերերը: