23.11.2024
Մամեդյարով. Վիեննայի բանակցությունները հակամարտության կարգավորման հնարավորություններ են ստեղծում
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահը քիչ հավանական է համարում Ալիևի խաղաղարար հավաստիացումները (տեսանյութ)

«Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ ինքն անձամբ ու իր երկիրը նպատակ չունեն պատերազմական գործողությունների գնով հասնել ինչ-որ մի խնդրի լուծման: Դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում», - ասել Վիեննայից վերադարձող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ինքնաթիռում լրագրողների ներկայացնելով Վիեննայում միջնորդ երկրների, ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման ձևաչափով իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

«Բայց դուք շատ լավ հասկանում եք, կարծում եմ, նույնիսկ կանխատեսում եք իմ արձագանքը, որը հետևյալն է, դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում, որովհետև նման խոսակցություններ եղել են բազմիցս, բայց իրականության մեջ արդեն մի քանի տարի է, որ պայմանավորվածությունը չի պահպանվում: Բայց մենք իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետև պատերազմը լավագույն լուծումը չէ: Ուստի, կտեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»,- նշեց ՀՀ Նախագահը, հայտնում է Թերթը:

Նա հավելեց, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած ելքի, բայց «մեր ցանկությունն է, որպեսզի այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով»:

Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, նշեց. «Ընդհանուր առմամբ ես և իմ գործընկերները բավարարված ենք հանդիպման արդյունքներով»: Սակայն արդյուքները պետք է տեսանելի լինեն կյանքում, հավելել է նա:

«Յուրաքանչյուր կողմ, ով գնում է հանդիպման, իր նպատակն է հետապնդում: Ակնհայտ է, որ համանախագահներն ունեին իրենց նպատակը, ադրբեջանականն` իր, մենք` մեր նպատակը: Մեր նպատակն էր պարզել, թե արդյո՞ք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի և այլ ելք չկա, քան պատերազմելը, թե, այնուամենայնիվ, կարող ենք խնդիրը լուծել քիչ կորուստներով»,- մանրամասնեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ առաջարկներին, որ որոշ ժամանակ անց ճիշտ կլիներ նորից հանդիպելը, Երևանը կառուցողական առաջարկ է արել հենց քննարկվող` հրադադարի ռեժիմը պահպանելու հարցի և համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատման մասին քննարկումների ժամանակ` առաջարկելով, որ այս մոնիտորինգը հաստատվի մինչ երկու երկրների նախագահների հանդիպումը:

«Խոսակցություն գնաց այն մասին, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել: Եվ մենք մի կառուցողական առաջարկություն արեցինք. քանի որ խոսքը գնում էր հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատման մասին, մենք առաջարկեցինք, որպեսզի այդ մոնիտորինգը հաստատվի մինչ մեր հանդիպումը: Սա կլինի կողմերի կողմից կառուցողական մոտեցում»,- տեղեկացրել է հանրապետության ղեկավարը:

Նշենք, որ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն էին ընդունել, որտեղ ասված է. «Հետագա բռնությունների հավանականությունը նվազեցնելու համար նրանք պայմանավորվեցին հնարավորինս կարճ ժամկետում ԵԱՀԿ կողմից հետաքննությունների մեխանիզմի ներդրման շուրջ: Նախագահները նաև համաձայնեցին ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները»: Միաժամանակ համանախագահները տեղեկացրել էին, որ հունիս ամսին կողմերը կհամաձայենցնեն հաջորդ հանդիպման տեղն ու ժամկետները, հայտնում է panorama.am-ը:

Խոսելով առաջարկի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ «մոնիտորինգի ռեժիմը հաստատելու հարցում խնդրողի վիճակում չէինք»:

«Ուղղակի ես զարգացրեցի համանախագահների առաջարկությունը` մոնիտորինգի համակարգ ձևավորելու համար: Այնպես որ, եթե Ադրբեջանը համաձայն չլիներ, նրանք կառարկեին»,- ասել է երկրի ղեկավարն ու արձագանքելով հարցին, թե ինչպիսին էր Ադրբեջանի ղեկավարի դիրքորոշումը, երբ տեղի մամուլն անվտանգության միջոցառումների իրականացման համար նախապայմաններ էր առաջ քաշում, հավելել է. «Մոնիտորինգի հաստատման որևէ նախապայման չի եղել: Եվ չգիտեմ` ո՞ր ադրբեջանցիներն են պնդում զորքերի դուրսբերման, դրանից հետո մոնիտորինգ հաստատելու մասին, բայց ես գործ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, որն այդպիսի բան չհայտարարեց այնտեղ»:

Ինչ վերաբերում է մեխանիզմների ներդրման ժամկետների մասին հարցին, ապա նախագահ Սարգսյանն ասել է. «Համանախագահներն ասում էին` օր առաջ պետք է հաստատվի մոնիտորինգի ռեժիմը: Կարծում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում, որովհետև այդպիսի որոշում իրենք ունեն, և մենք էլ դեմ չենք: Կավելանան ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի կարողությունները, նրա անձնակազմը, և ինչքան շուտ հաստատվի` այնքան լավ: Որովհետև, նորից եմ ասում, փոխադարձ մեղադրանքները գործին չեն օգնում: Եվ անհրաժեշտ է հստակ ապացույց: Այս պարագայում, ես կարծում եմ, որ մենք շահեկան դիրքում կլինենք, որովհետև ակնհայտ է` երբեք մենք առաջինը չենք խախտում, որովհետև դա մեզ ուղղակի պետք չէ»: