ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Բաքվում իր դեսպանի Արցախի մասին հայտարարություններին
Բաքվում ԱՄՆ դեսպանի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի միջև հանդիպման շուրջ տարածված հաղորդումների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարությունը հղում է անում ամերիկյան կողմի պաշտոնական թվիթերյան գրառմանը:
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է Ամերիկայի ձայնի հարցմանը՝ կապված ադրբեջանական պատկան մարմինների կողմից հրապարակված մի հաղորդագրության, համաձայն որի՝ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առնչությամբ և հայտնել ամերիկյան ընկերությունների պատրաստակամության մասին՝ մասնակցելու պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցմանը:
ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում, մասնավորապես, ասված է.
«Մենք շարունակում ենք մնալ խորապես մտահոգված անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված հակամարտության ազդեցությամբ և հստակ գիտակցում ենք, որ տարածաշրջանում առկա են մարդասիրական կարիքներ: ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության վերջնական կարգավորմանը՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:
Պետքարտուղարությունը նաև հավելել է. «ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները վստահորեն ներկայացնում են մեր դիրքորոշումները որոշակի հարցերի շուրջ: Օտար կողմերի և աղբյուրներիբնութագրումները՝ ոչ: Հետևաբար, մենք հղում ենք անում դեսպան Լիցենբերգերի թվիթերյան գրառմանն այս հանդիպման մասին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Հիշեցնենք, որ Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հունվարի 30-ին թվիթերյան գրառում է կատարել ԱՄՆ դեսպանի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի միջև հանդիպման մասին, որտեղ մասնավորպես ասված է.
«Չորեքշաբթի օրը դեսպան Լիցենբերգերը հանդիպել է էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական համագործակցությունը: Նա նշել է, որ տնտեսական վերակառուցումն ու հաշտեցումը, որը կաջակցի ԼՂ-ում խաղաղ բանակցային կարգավորմանը, օգուտ կտա տարածաշրջանի բոլոր երկրներին»: