25.11.2024
Այս տարվա ընթացքում հնարավոր է ունենանք 100-150 հազար արտագաղթած. սոցիոլոգ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ռոբերտ Քոչարյանը հակված է մասնակցել ընտրություններին իր դեմքով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին՝ գուցե հենց շաբաթ օրը, ընդդիմության լիդերները երկար դադարից հետո հանդիպում կունենան: Ըստ մեր տեղեկությունների՝ կհանդիպեն ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների առաջնորդները, եւ ներկա կլինի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ լիդերները պատրաստվում են միմյանց տեղեկացնել, որ այլեւս չեն ցանկանում շարունակել լինել «Հայրենիքի փրկության շարժման» թեւում, ու պայքարը պետք է այլ ձեւաչափ տեղափոխել: Բոլորը միմյանց մեղադրում են ոչ վճռական լինելու մեջ: Ըստ մեր տեղեկությունների՝ ընդդիմության առաջնորդների մի հատվածը կարծում է, որ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ մի հատվածն էլ այն կարծիքին է, որ չպետք է ներկայիս իշխանությունների հետ գնալ նման համաձայնության: Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների՝ Ռոբերտ Քոչարյանի մասով մարզերում եւ Երեւանում գաղտնի հարցումներ են իրականացվել այդ թվում եւ մի քանի դեսպանատների, պետական կառույցների կողմից, ու պարզվել է, որ նրա վարկանիշը բարձրանում է: Շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե հայաստանյան ընդդիմությունն ինչ ճանապարհ է ընտրում: Այն, որ նշված միավորման քաղաքական լիդերներն արդեն իսկ մերժել են իրենց առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, դա ակնհայտ է, բայց չի բացառվում, որ Մանուկյանը եւս ներկա լինի լիդերների հավաքին՝ հետագա իր անելիքները հստակեցնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ՝ պարզելու՝ կմասնակցի հավաքին Ռ. Քոչարյանը, թե ոչ, բայց չհաջողվեց որեւէ պատասխան ստանալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահը կամաց հակվում է այն մտքին, որ պետք է մասնակցի ընտրություններին եւ իր դեմքով։ Թիմակիցները 24/7 ռեժիմով մտնում են մոտն ու համոզում, որ իր ռեյտինգն ամենաբարձրն է՝ միայն ինքը կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Նախօրեին տելեգրամյան ալիքներից մեկի հարցումն էլ ուղղված էր դրան, ըստ որի՝ 46 տոկոս՝ ամենաբարձրն այսօր քաղաքական դաշտում ունի Ռոբերտ Քոչարյանը, իսկ Նիկոլ Փաշինյանն ունի ընդամենը 19 տոկոս, այն էլ՝ ադրբեջանցիների քվեարկության շնորհիվ։ Ոմանք կարծում են, որ թիմն արջի ծառայություն է մատուցում Քոչարյանին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանական Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հեռացնելուց հետո այժմ աշխատանքներ է սկսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ար­ման Թաթոյանի դեմ: Հաճախ իշխանական խմբակցության պատգամավորները գրառումներ են անում կամ խոսում Թաթոյանի կողմնակալության մասին, փորձում նրան մեղադրել Հայաստանի շահերի դեմ գործելու մեջ: Բանն այն է, որ հատկապես նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո Արման Թաթոյանը միակ պետական պաշտոնյան է, որը հաճախ է խոսում իշխանությունների սխալներից, եւ այդ հանգամանքը թերեւս վերջիններիս դուր չի գալիս: Իշխանական խմբակցությունը Արդարադատության նախարարության հետ համատեղ փորձում է հասնել նրան, որ վերջինս ինքնակամ հրաժարական տա, հեռանա: Ի՞նչ է մտածում այս առնչությամբ Թաթոյանը: ՄԻՊ-ից հայտնեցին. «Նման խոսակցություններ չենք մեկնաբանում»: Նշենք, որ Թաթոյանը օմբուդսմեն էր ընտրվել 2016 թ. փետրվա­րին՝ ՀՀ Սահմանադրությամբ 6 տարի ժամկետով, այսինքն՝ դեռ մեկ տարի կա մինչեւ ՄԻՊ-ի պաշտնավարման ժամկետի ավարտը: Իսկ, ըստ Սահմանադրության 193-րդ հոդվածի, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, ՀՀ քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգոր­ծունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» անակնկալի են եկել Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրից։ Նրանք մամուլից են իմացել այդ մասին, Մակունցը պատերազմից հետո տեւական ժամանակ չի երեւացել, չի շփվել խմբակցության հետ։ Մեզ ասացին, որ նա անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից՝ պայմանավորված հետպատերազմյան իրավիճակով։ Փաշինյանն էլ նրա համար անշառ ու տաքուկ պաշտոն է մտածել՝ ներքաղաքական թեժ իրադարձություններից հեռու։ Թե ով կփոխարինի նրան խմբակցության ղեկավարի պաշտոնում, «Իմ քայլում» դեռ չի քննարկվել։ Առնվազն դեռ մեկ ամիս «Մակունցն իրենց մեջ է լինելու»։ Իսկ առհասարակ՝ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն մի քանի ամիս է՝ զրկվել է որոշումներ կայացնելու, անգամ ժամանակին տեղեկացված լինելու իրավունքից, վերեւից ինչպես թելադրում են, դա ընդունում են ի գիտություն։ Նույնիսկ Հանրապետականի ժամանակ ԱԺ մեծամասնությունն այսքան կոճակ սեղմող, իրենց լեզվով՝ ուսապարկ չէր, ինչքան հիմա»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում կուսակցությունների պակաս չկա, այնուամենայնիվ, դեռ հայտնվում են մարդիկ՝ հատկապես ֆինանսական ռեսուրսներին տիրապետող, որոնք ջանում են մասնակից դառնալ հայրենի ներքաղաքական գործընթացներին: 2020 թվականի դեկտեմբերի 7-ին Երեւանի «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը հայտնեց Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին: Մարդ, որը իր կյանքի մեծ մասն ապրել է Ղրիմում, որոշել է, որ Հայաստանում ընդդիմադիր ուժ կդառնա, քանի որ իրեն դուր չի գալիս ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը: Նշենք, որ նա եղել է Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոսը, Ուկրաինայի տրանսպորտի նախարարի խորհրդականը: «Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքրում է, թե ովքեր են Թովմասյանին խորհուրդ տվել մտնել ՀՀ քաղաքական դաշտ. Ռուսաստանի Դաշնության հայտնի շրջանակնե՞րը, թե՞ ՀՀ ԱԱԾ-ում աշխատող նրա որդին: Մենք փորձեցինք այս հարցերի պատասխանները ստանալ հենց Արտակ Թովմասյանից: Օրվա ընթացքում զանգահարեցինք, բայց նորընծա քաղաքական գործիչը չպատասխանեց, հետո մեզ հետ կապվեց նրա մամուլի հարցերով պատասխանատուն, խոստացավ օրվա ընթացքում պատասխանել մեր մի քանի հարցերին, իսկ արդեն աշխատանքային օրվա ավարտին պարզ դարձավ, որ նորելուկ կուսակցապետը որոշել է մամուլի ասուլիսով հանդես գալ: Փաստորեն, եթե հարցերը չուղարկեինք, ոչ էլ մամուլի ասուլիս կհրավիրվեր: Ամեն դեպքում, ընդգծենք, որ Արտակ Թովմասյանը մեծ կապեր ունի ՀՀ նախկին իշխանությունների հետ: 2015 թվականի ապրիլին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան Համագործակցության ամրապնդման համար մեդալով է պարգեւատրել, իսկ 2016 թվականի սեպտեմբերին Արտակ Թովմասյանի 50-ամյակին ներկա է եղել նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ, ի թիվս այլ թեմաների, փակ դռների հետեւում քննարկել է հարցը՝ ինչպես փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, որ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տրվի: Այսինքն՝ իշխող խմբակցությունը ուզում է իրավիճակի այնպիսի հանգուցալուծման հասնել, որի հետեւանքով ԱԺ-ն լուծարվի, բայց Նիկոլ Փաշինյանը պահպանի վարչապետի լիազորությունները: Այս մտադրությունը ծագել է այն անհրաժեշտությունից, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա վարչապետի պաշտոնում մնալ եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սա առաջին տպավորությունն է: Իսկ իրականում, երբ վերլուծում ենք տեղի ունեցողը, մեկ եզրահանգման կարելի է գալ. «Իմ քայլը» խայծ է գցել դաշտ, որպեսզի ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ հասարակությունը խոսեն ԱԺ լուծարման մասին, եւ ժամանակ ձգվի: Ինչո՞ւ ենք այսպես մտածում. նախ՝ ՀՀ ԱԺ-ում Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ է 88 ձայն: Ինչպես հայտնի է, նախկինում «Իմ քայլ»-ը ուներ 88 պատգամավոր, սակայն սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո 5 պատգամավոր լքեց իշխող խմբացությունը, եւ իշխանությունն այժմ ունի 83 պատգամավոր: Հետեւաբար Սահմանադրության փոփոխությունը ԱԺ-ում պրակտիկորեն անհնար է միայն իշխանության նախաձեռնությամբ, ընդդիմությունն էլ չի միանա այդ նախաձեռնությանը, քանի որ ե՛ւ ԼՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա վարչապետի պաշտոնից: Ու մնում է միայն մեկ տարբերակ՝ նախագծով շեղել հասարակության, քաղաքական ուժերի ուշադրությունը, ժամանակ շահել, մինչեւ նոր իդեաներ ծնվեն՝ իշխանությունը երկարաձգելու համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլի» հրատապ նիստին աննախադեպ քիչ պատգամավորներ են մասնակցել։ Հրավիրել էին, որ քննարկեին Վահագն Հովակիմյանի նախագիծը՝ առանց վարչապետի հրաժարականի խորհրդարանի ինքնալուծարման մասին։ Իսկ մինչ այդ հարկավոր է Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնել։ Նիստին չի մասնակցել անգամ Արարատ Միրզոյանը։ Պատգամավորների բոյկոտը փաշինյանականներն ընկալել են որպես վերաբերմունք ինքնալուծարման գաղափարին, ուստի հարցը քննարկվել է հպանցիկ, եւ հնչել են կարծիքներ, որ նախ պետք է ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնության գալ, ապա նոր մտածել ԱԺ լուծարման մասին։ Քանի որ եթե արտահերթ ընտրությունները քաղաքական ուժերը բոյկոտեն, ճգնաժամն ավելի կխորանա։ Իմքայլականները սահուն անցում են կատարել Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխություններին։ Մեզ պատմեցին, որ իմքայլականների տրամադրություններում էական փոփոխություններ կան․ ժամանակին մեծ մասը կարծում էր, որ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը պարտադիր է, այսօր կարծում են, որ դա իրենց շահերից այնքան էլ չի բխում՝ Փաշինյանը չունի նախկին հեղինակությունը, որ կարողանա իր ուսերին 88 հոգու տանել ԱԺ, ընտրական ցուցակը ձեւավորելիս էլ կարող են այլ չափորոշիչներ գործել։ Ուստի «Իմ քայլում» առաջարկ կա՝ օրենսդրորեն ամրագրել ընտրական ցուցակները ձեւավորելու ընթացակարգը՝ բոլոր ուժերի համար։ Որպեսզի ցուցակները չձեւավորվեն մեկ մարդու կողմից եւ նրա քմահաճույքով, այլ գոնե վարչության կողմից, ներկուսակցական պրայմերիզների, քվեարկությունների միջոցով, որ ինչ-որ մեկի առաջին հատվածում հայտնվելն անարդար չլինի, եւ բոլորը «վիզ դնեն» ընտրությունների համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած մի քանի քաղաքական ուժեր և գործիչներ հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել իշխանությունների կողմից կազմակերպվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն քաղաքական ուժերի հիմնական մասը ակտիվորեն զբաղված է նախընտրական նախապատրաստություններով: Կուսակցությունները տեղական կառույցներ են ստեղծում, վստահված անձանց են հավաքագրում, խորհրդարանական կուսակցությունները հանձնաժողովի անդամների ընտրություն և ուսուցանում են նախաձեռնում: Հնարավոր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպվեն մայիս-հունիս ամիսներին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հաճախ է խոսվում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին, որ նրանք չեն շփվում, նաեւ դա է պատճառր, որ Հայկ Մարությանը տարին կլոր արձակուրդում է, չի ցանկանում աշխատանքի գնալ: Երկու օր առաջ, սակայն, Մարությանը հայտնվել է քաղաքապետարանում՝ վերադառնալով հերթական արձակուրդից, եւ անգամ գործակարգավարականի նիստ է անցկացրել: Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել էր, թե դիսպետչերականի ժամանակ Մարությանն իր եւ Փաշինյանի լարված հարաբերությունների թեմայով այսպիսի արտահայտություն է թույլ տվել, որ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»: Ավագանու «Լույս» խմբակ­ցության անդամ Թեհմինա Վարդանյանը երեկ «Հրապարակի» տաղավարում, անդրադառնալով այս թեմային, նախ ասաց, որ այդ խոսակցությունները շատ վաղուց են պտտվում, եւ տարբեր միջավայրերում Մարությանը բա­վականին կոշտ է արտահայտվում Փաշինյանի հասցեին, բացի այդ, լարված են նաեւ Մարությանի ու ավագանու «Իմ քայլը» խմբակ­ցության անդամների հարաբերություները, եւ երբ ռազմական դրությունն ավարտվի, հնարավոր է՝ խմբակցությունը նաեւ անվստա­հություն հայտնի Մարությանին եւ նրան փոխարինի Արմեն Կոտոլյա­նով:


Եվ այն, ինչ այսօր կատարվում է Երեւանի ավագանու իշխանական խմբակցությունում Մարությանի դեմ, ըստ Վարդանյանի, հենց Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ ու հրահրմամբ է: Թեհմինա Վարդանյանը մեկ այլ տեղեկություն էլ հայտնեց, որը մեզ համար նորություն էր: Խոսքը վերա­բերում է բաղաքապետարանի կող­մից ռուսական «Գազել» մակնիշի քաղաքային միկրոավտոբուսների գնման գործարքին: «Կա խոսակցություն, մաս­նավորապես, վերջին գնման հետ կապված, որ այդ հարյուր՝ իրենց մեկնաբանմամբ, միկրոավտոբուսները, որ, իրականում, բառի բուն իմաստով «գազելներ» են՝ թե՛ նստատեղերի քանակով, թե՛ մակնիշով, այդ «գա­զելների» գնման մեջ առերեւույթ կա լրջագույն հանցագործություն, եւ պտտվում է խոսակցություն, որ շուրջ 50 տոկոս ատկատ կա, որից եւ օգտվել է Մարությանը»,- ասաց Թեհմինա Վարդանյանը: Նույն խոսակցությունը, հի­շեցնենք, կար նաեւ հայտնի «Կամազ»-ների գնման հետ կապված, որտեղ, սակայն, իրավապահ մարմինները չցանկացան կոռուպցիոն դրսեւորումներ հայտնաբե­րել: Թեհմինա Վարդանյանի կարծի­քով՝ այն ժամանակ Մարությանի եւ Փաշինյանի հարաբերությունները լարված չէին, եւ գործ չհարուցվեց, իսկ հիմա Փաշինյանը, իմանալով «Գագել»-ների գործարքի մասին, ասում են՝ զայրացել է: «Նույնիսկ արդեն քրեական գործ է նախապատրաստվում, որ Մարությանի չհեռանալու դեպքում այդ քրեական գործով վախեցնեն»,- ասաց ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «վստահության աստիճանի կասկածներ ունի», որ Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, ԱԱԾ-ն ոչ մի մեղադրանք էլ չի առաջադրել։ Ավելին, ըստ Սիրունյանի, Դավիթ Գալստյանը ազատ շրջում է, և նրա ղեկավարած ընկերությունները բարեհաջող շարունակում են մասնակցել ՊՆ գնումներին, հայտեր քննարկել ու մի բան էլ ռուսական փամփուշտից էժան գին առաջակել փամփուշտի համար։ Ըստ Սիրունյանի՝ եթե Գալստյանին մեղադրանք առաջադրված լիներ, ապա նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրված լիներ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին տոնական մեծ հանդիսություններ չեն լինելու։ Հայտնի չէ նաեւ՝ հունվարի 28-ին բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։ Վարչապետի խոսնակը շատ դժվար է կապի դուրս գալիս լրագրողների հետ։ Իշխանական մեր աղբյուրները, սակայն, չբացառեցին, որ Փաշինյանը փոքր խմբով կայցելի Եռաբլուր, թեեւ ավանդական, ամենամյա համերգ-տոնախմբություն այս տարի չի լինի: Տոնական միջոցառումների փոխարեն հունվարի 28-ին ըմբոստության ալիք է նախապատրաստվում․ ընդդիմությունը, շարքային քաղաքացիները եւ պատերազմի մի խումբ մասնակիցներ ծրագրում են կտրուկ գործողություններ անել կառավարության շենքի մոտ եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի իշխանական շրջանակները կանխել են Ռուսաստանի հայ համայնքի որոշ գործիչների կողմից Հայաստանը Ռուսաստանի կազմում ներառելու քարոզչության իրականացումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը և այլ շրջանակներ ակտիվորեն փորձում են առաջ տանել Հայաստանը Ռուսաստանի հետ ֆեդերատիվ կամ կոնֆեդերատիվ միության կազմում ներառելու գաղափարը: Սակայն Ռուսաստանի իշխանությունը այս գաղափարը այնքան էլ գրավիչ չի համարում՝ համոզված, որ որոշ միջազգային հարթակներում դաշնակից Հայաստանի գոյությունը ավելի ձեռնտու է, մանավանդ՝ երբ հարցը վերաբերում է միջազգային պատժամիջոցները շրջանցելուն»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխող կուսակցության և դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարկա­նիշն օրեցօր նվազում է: Դրան ոչ այնքան ընդդիմությունն է նպաստում՝ Փաշինյանին ուղղված մի շարք մեղադրանքներով ու բացահայտումնե­րով, որքան իմքայլականները՝ իրենց պառակտիչ ու հակահայ գործունեությամբ և անհոդաբաշխ խոսքով: Հասկանալու համար, թե մարզերում ինչպիսի տրամադրություններ են «Իմ քայլի» ու Նիկոլ Փաշինյանի նկատ­մամբ, վարչապետն իր թիմակիցներին գցել է դռնեդուռ՝ այս կամ այն միջո­ցառման անվան տակ մարզաբնակնե­րի «բերնի գոլը» հասկանալու համար: Տարածքային կառավարման և ենթա­կառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, օրինակ, Գյումրիում էր՝ նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին ներկայացնելու նպատակով, ինչն իր հերթին հարմար առիթ էր՝ հանդիպելու Շիրակի մարզի համայնքապետերի ու 6 գերիների հարազատների հետ: Վերջիններիս հետ հանդիպումը փակ էր, մասնա­վորապես՝ մամուլի համար: Նման մի փակ հանդիպում էլ տեղի է ունեցել Արմավիրի մարզի Խորոնք գյուղում: Այստեղ էլ մարզպետն ու մարզից ընտրված 3 պատգամավորներն են հանդիպել պատերազմում զոհվածնե­րի հարազատների հետ: Նրանցից մե­կի փոխանցմամբ՝ իրենց նախապես տեղեկացրել էին, որ մարզպետն ու պատգամավորներն այցելելու են զոհվածների ընտանիքներին, բայց հետո, չգիտես ինչու, պլաններն ու հանդիպման ձևաչափը փոխել են: «Մեզ ասացին՝ գնանք գերեզմանոց, որտեղ կլինեն նաև մարզի ղեկա­վարներն ու պատգամավորները: Գյուղում յոթ զոհ ունենք, մտածե­ցինք՝ որպեսզի յոթի տուն մեկառմեկ չմտնեն, երևի ճիշտ որոշում են կա­յացրել՝ բոլորի հետ գերեզմանատանը հանդիպել: Բայց շատ զարմացանք, երբ գերեզմանատանն ամբողջ գյուղին տեսանք: Տպավորություն ստացա, որ նախընտրական հավաք են կազմա­կերպել՝ հասկանալու համար, թե ինչքան մարդ կարող են իրար գլխի հավաքել: Ճիշտ է՝ զոհվածների շի­րիմներին խոնարհում ու խնկարկում եղավ, բայց մի տեսակ չհավատացի, որ այցի նպատակը հենց դա էր: Ինչ-որ ծպտված բան կար դրա տակ»,- ասաց նա»: