22.11.2024
Մամուլ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
prev Նախորդ նորություն

Լրացուցիչ խաղաքարտեր են պետք. ինչո՞ւ Զոհրաբ Մնացականյանն այցելեց Եգիպտոս

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ

Արդյոք Հայաստանն ակտիվացնո՞ւմ է արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքի երկրների ուղղությամբ, ի՞նչ կարելի է սպասել Եգիպտոս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացանյանի այցից, ինչպե՞ս պետք է արձագանքի Հայաստանը Մերձավոր Արևելքի երկրներում ապրող հայ համայնքների խորացող խնդիրներին և ինչո՞ւ Երևանի հետ դիվանադիտական հարաբերություններ չունեցող Սաուդյան Արաբիան շնորհավորեց Հայաստանի անկախության տոնը: Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականության խնդիրների ու նպատակների մասին VERELQ-ը զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ:


արաբագետ Արաքս Փաշայան


Օրերս տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Եգիպտոս։ Լրատվամիջոցները սկսել են գրել Հայաստանի «մերձավորարևելյան քաղաքականության ակտիվացման» մասին։ Համաձա՞յն եք նման գնահատականի հետ։ Ի՞նչ շահեր ունի Հայաստանը Մերձավոր Արևելքում մեծ հաշվով և մասնավորապես Եգիպտոսում։


Այս մասին առաջին անգամ հայտարարվեց և մենք իմացանք ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանի հարցազրույցից, որտեղ նշվում էր, որ Հայաստանը պետք է վերաձևակերպի իր շահերն ու հետաքրքրությունները տարածաշրջանում: Սրա անհրաժեշտությունը կար: Դեռ շատ շոշափելի քայլեր չկան, բացառությամբ ԱԳ նախարարի ղեկավարած պատվիրակության այցը Եգիպտոս, որը, կարելի է ասել, շատ հաջողված էր: Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն է, Հայաստանը ՄԱ անվտանգության համակարգի մի մասն է: Հայերը չընդհատվող ներկայություն են ունեցել տարածաշրջանում միջնադարից մինչ օրս, այնպես որ Հայաստանը պետք է ինքնավստահ զգա իրեն այս տարածաշրջանում: Ինչո՞ւ Եգիպտոսը, որովհետև Եգիպտոսը ՄԱ և հյուիսաֆրիկյան տարածաշրջանի ամենակարևոր ազդեցիկ երկրներից է, որը ներկայումս բավական տարաձայնություններ ունի Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի հետ, սերտորեն համագործակցում է Հունաստանի, Կիպրոսի, ԱՄԷ, Սաուդյան Արաբիայի հետ: Երկու ժողովուրդները ճանաչում են միմյանց վաղ շրջանից, և քաղաքակրթական թելերով կապված են միմյանց հետ: Հենց երկկողմ հանդիպումների ժամանակ էլ նշվել է, որ ՄԱ, Արևելյան Միջերկրածովյանում և Հարավային Կովկասում գոյություն ունեն նույնանման անվտանգային խնդիրներ, որոնք նույն ծագումն ունեն: Հետևաբար, երկու պետությունների՝ բացի ամենատարբեր ոլորտներում համագործակցության խորացումից, մի հարթակի շուրջ միավորում են անվտանգային խնդիրները: Միանշանակ է, որ Հայաստանը պետք է ընդլայնի իր աշխարհաքաղաքականությունը: Մեզ լրացուցիչ խաղաքարտեր են պետք, քանի որ Հայաստանն այսօր էլ բախվում է հարևանության երկրների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի թշնամական վերաբերմունքին: Ունենք Արցախի հարցով պայմանավորված անվտանգային խնդիրներ և այլն:


Մերձավոր Արևելքում բավական բուռն գործընթացներ են տեղի ունենում։ Սիրիայում ճգնաժամը շարունակվում է, Լիբանանն ընկղմվում է քաղաքական ճգնաժամի մեջ, փոխվում է տվյալ պետության համայնքային կառուցվածքը, փլուզվում են համակարգեր, առաջանում են նոր կազմավորումներ։ Այս ֆոնին ի՞նչ ռիսկեր են առաջանում տվյալ տարածաշրջանի երկրներում առկա հայկական համայնքների համար եւ ինչպե՞ս է Հայաստանը արձագանքում է դրանց:


Ընդհանրապես, Մերձավոր Արևելքը գտնվում է վերափոխման լուրջ գործընթացի մեջ: Ամենաառանցքայինը Իսրայելի նկատմամբ նոր մոտեցումներ են, որոնք փոխելու են ՄԱ անվտագային համակարգը ամբողջովին: Հայ համայքները դեռ մինչև «արաբական գարունը» արդեն նոսրանում էին, իսկ հիմա՝ էլ ավելի: Ամեն դեպքում, Հայաստանը դեռ օգտագործում է հայ համայնքների կապիտալը: Հայ համայնքները կարևորագույն գործոն են եղել Հայաստան-արաբական աշխարհ հարաբերությունների կայացման հարցում: Իր հերթին, Հայաստանը ձգտում է հնարավարության շրջանակներում հոգ տանել տեղի հայ համայնքներին, որոնց մեջ կան Հայաստանի քաղաքացիություն ունեցող մարդիկ: ՀՀ անձնագիրը կենսական նշնակություն ունի նրանց համար: Բացի այդ, Հայաստանը պատրաստ է աջակցել ՄԱ–ից Հայաստան հայրենադարձվածներին:


Ի՞նչ ազդեցություն ունի Թուրքիայի գործոնը մերձավորարեւելյան ուղղությամբ Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացման գործում: Արդյոք Հայաստանը դիտարկո՞ւմ է նշված երկրները Թուրքիայից բխող սպառնալիքների նվազեցման համատեքստում:


Բնականաբար, Հայաստանի ակտիվացումը որոշ չափով կապված է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի մոտեցումների հետ: Սակայն հակաթուրքականությունը չի կարող և պետք էլ չէ, որ ընկած լինի Հայաստան-արաբական աշխարհ հարաբերությունների հիմքում: Դա սխալ է: Եվ այս մասին խոսեց նաև ԱԳ նախարարի խորհրդական Ռ.Կարապետյանը: Այս վեկտորն այսօր աշխատում է, բայց վաղը շատ բան կարող է փոխվել: Մյուս կողմից, քանի դեռ Էրդողանը չի փոխում իր մոտեցումները Երևանի նկատմամբ, Երևանը չի կարող ձեռքները ծալած նստել: Հայաստանին պետք է ընդլայնված ներկայացվածություն ՄԱ և Հյուսիային Աֆրիկայում: Դա շահեկան կլինի Հայաստանի համար նաև տնտեսությանը նոր թափ տալու համար:


Մերձավոր Արևելքում ակտիվ խաղացող է հանդիսանում Հայաստանի դաշնակից Ռուսաստանը։ Որքանո՞վ են Հայաստանի գործողություններն այս տարածաշրջանում ձեռնտու Ռուսաստանին, կա՞ն արդյոք ընդհանուր շահեր այդ առումով։


Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական համագործակցությունը արաբական որոշ երկրների աչքին կարող է մեծացնել Հայաստանի կշիռը: Հայաստանը ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ է, ինչը որոշակի հնարավորություններ է նաև արաբական երկրների համար: Հայաստանի հետ հարաբերությունները կմոտեցնի նրանց Հարավային Կովկասին: Ներկայումս Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցում է մերձավորարևելյան հարցերում, որի ապացույցը Հայաստանի հումանիտար առաքելությունների կենտրոնի գործունեությունն է Հալեպում: Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է գոհ լինի ՄԱ –ում Հայաստանի ակտիվացումից: Ռուսաստան –Թուրքիա հարաբերություններում Թուրքիայի գլխին մահակ բանեցնելու համար հայկական գործոնը Ռուսաստանի պետք է: Հայաստանը Ռուսաստանի մրցակիցը չէ ՄԱ-ում, հետևաբար Ռուսատանն էլ չպետք է խանդով վերաբերվի Հայաստանի առաջխաղացմանը: Չեմ կարող չընկատել, որ այս թեմայով ռուսական մամուլում մի քանի անորակ վերլուծություններ աչքովս ընկան: Հայաստանը չպետք է իրեն կաշկանդված զգա արտաքին քաղաքականությունը վարելիս, միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ համագործակցությունը շահեկան է Հայաստանի համար ՄԱ –ի հարցերում՝ հաշվի առնելով Ռուսաստանի պրոաակտիվ քաղաքականությունը տարածաշրջանում:


Վերջին շրջանում հոդվածներ են հրապարակվում միջազգային մամուլում, որտեղ քննադատվում է Մերձավոր Արևելքում Հայաստանի քաղաքականությունը։ Ինչպե՞ս են արձագանքում Մերձավոր Արևելքում Հայաստանի գործողություններին Ադրբեջանն ու Թուրքիան։ Արդյոք այդ հոդվածների հետ կապվա՞ծ են ադրբեջանական և թուրքական շրջանակները։


Հիմնականում հիստերիկ տրամադրություններ են, բայց դա նշանակում է, որ մտահոգություններ գուցե ունեն, ավել ոչինչ չեմ կարող ասել: Ամեն դեպքում, Հայաստանի համար ամեն ինչ առջևում է, առավել ևս՝ ամբիցիոզ ռազմավարություն կյանքի կոչելը այնքան էլ հեշտ չէ:


Օրերս Սաուդյան Արաբիան շնորհավորեց Հայաստանին Անկախության օրվա առթիվ։ Սա երկրորդ դեպքն է, երբ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող թագավորությունը շնորհավորում է Երեւանին ազգային տոնի կապակցությամբ: Ինչո՞ւ է Սաուդյան Արաբիան փոխել իր դիրքորոշումը, կարելի՞ է ակնկալել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում:


Մենք լուրջ խնդիրներ Սաուդյան Արաբիայի հետ չունենք: Հիմա բավական նպաստավոր իրավիճակ է երկկողմ հարաբերություններ հաստատելու առումով՝ հաշվի առնելով նաև Էրդողանի նկատմամբ Ռիյադի մոտեցումները, վերջին տարիներին Ռիյադից եկող ազդակները և այլն: Երկկողմ հարաբերությունները շահեկան կլինեն Հայաստանի համար: Հույս ունեմ, որ երկկողմ համագործակցություն առաջիկայում կհաստատվի:


Զրուցել է Արշալույս Մղդեսյանը