VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատելով այն փաստից, որ գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով հլուհնազանդորեն տալիս է բոլորի կալանքի սանկցիաները, կարող ենք կանխատեսել, որ գուցե իրականություն դառնան մեր տեղեկություններն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն։ Մարտիրոսյանը քաղաքական հնչեղ գործերով իշխանության պատվերները կատարողի համբավ ունի: Նա հանրությանն ավելի հայտնի դարձավ Մարտի 1-ից հետո «7-ի գործի» քննությամբ, ապա նաեւ Նիկոլ Փաշինյանի, ՀԱԿ ակտիվիստների գործերով․ բոլոր գործերով արձակել է մեղադրական դատավճիռներ: Մարտիրոսյանն է կայացրել նաեւ Մանվել Գրիգորյանի կալանքի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկին դատապարտել երեք տարվա ազատազրկման։ Իսկ ժամանակին Քոչարյանի թիկնապահին՝ Կուկուին, ազատել է պատժի կրումից՝ սիմվոլիկ պայմանական ազատազրկման դատապարտելով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության գործով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 3-ին տեղի է ունենալու Գագիկ Ծառուկյանի կրտսեր որդու հարսանիքը: Ի տարբերություն ավագ որդու հարսանիքի, այս անգամ գործող իշխանական վերնախավի ներկայացուցիչները հրավիրված չեն, դրա պատճառն այն է, որ Ծառուկյանը պահանջում է կառավարության հրաժարականը»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ լուրջ հակասություններ են ի հայտ եկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Մասնավորաբար, որ ՏերՊետրոսյանը փորձել է ՀԱԿ-ը ամբողջությամբ տարանջատել Փաշինյանից եւ հայտարարել է, որ եթե երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե լինի, ՀԱԿ-ը գլխավորելու է «Ոչ»-ի շտաբը... Ի դեպ, այս մասին օրերս մի հեռուստահաղորդման ժամանակ խոսեց նաեւ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը՝ փաստացի, կարելի է ասել, սկանդալային մանրամասներ գաղտնազերծելով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումից: Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Արման Վարդանյանը օրերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ հանդիպումներ է ունեցել ռուսական իշխանական քաղաքական շրջանակների հետ: Արդյո՞ք հենց այդ հանդիպումների ժամանակ է նրան փոխանցվել վերոնշյալ տեղեկությունը: «Փաստը» փորձեց հարցի հետ կապված մանրամասներ ճշտել անձամբ Վարդանյանից, որն ասաց, որ այս պահին այլ մեկնաբանություն չի պատրաստվում տալ»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունից որոշ պատգամավորների հնարավոր դուրս գալու խոսակցությունների ֆոնին կրկին ակտիվացել են խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին լուրերի տարածումը: Դրանով իշխանությունը փորձում է սաստել անհնազանդ պատգամավորներին՝ հասկացնելով, որ եթե նրանք շարունակեն ընդվզել և ընդդիմանալ վերևից իջեցվող հրահանգներին, ապա կարող են ընդհանրապես զրկվել պատգամավորական մանդատից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանություններն ամեն գնով փորձում են հոկտեմբերի սկզբին Մնացականյան-Պոմպեո հանդիպում կազմակերպել: Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը եւ հանձնարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ ամեն ինչ անել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյին հանդիպելու համար: ԱԳՆ-ի, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության, ԱՄՆ-ում հայկական լոբբիստների եւ համայնքի ուժերը մոբիլիզացվել են, որ այդ հանդիպումը դասավորեն: Ավելին, Հայաստանի դեսպանությունն ամերիկացի լոբբիստներ է վարձել՝ պետքարտուղարի հետ հանդիպումը գլուխ բերելու համար, եւ նրանց բարձր գումարներ են վճարում պետբյուջեից: Մեկը նախկին սենատոր 97-ամյա Բոբ Դոուլն է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքների կազմակերպման եւ համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգեւատրել է «Մխիթար Հերացի» մեդալով: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ պարգեւատրվողների մեջ չկա գեթ մեկ բուժաշխատող առաջին իսկ օրից կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական բեռը կրող «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնից: «Փաստ» թերթի տեղեկություններով, սա առաջին հերթին խիստ անձնական դրդապատճառներ ունի: Բանն այն է, որ բուժաշխատողներին պարգեւատրելու առաջարկը վարչապետին ներկայացնում է առողջապահության նախարարությունը, իսկ նախարար Արսեն Թորոսյանի վերաբերմունքը այս կլինիկայի հանդեպ, մեղմ ասած, դրական չէ: Հենց միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի՝ մեծ աղմուկ բարձրացրած միացման գործընթացի եւ «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հրաժարականի պատմությունն ու վերջինիս պարզաբանումները բավականին խոսուն են»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունենալու աշխատանքային նիստ, որի ընթացքում էլ ընտրվելու են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովը որպես Սահմանադրական դատարանի անդամ ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին: Եվ, ահա, երեք դատավորների՝ խորհրդարանում երդվելուց հետո նրանց լիազորությունները մտել են ուժի մեջ, եւ այսօր դատավորներն իրենց միջից պետք է ընտրեն ՍԴ նախագահ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ը ասում է, որ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եվ, ահա, այսօր իսկապես բուռն եւ հետաքրքիր օր է սպասվում, քանի որ Սահմանադրական դատարանի անդամներից ոչ բոլորն են կողմ, որ Երվանդ Խունդկարյանը դառնա ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանում կան դատավորներ, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը եւ Վահե Գրիգորյանը, որոնք այնքան էլ դրական չեն տրամադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, եւ չի բացառվում՝ դեմ քվեարկեն: Ավելին՝ երեկվա դրությամբ դեռ պարզ չէր, թե ինչ քայլերի է դիմելու Սահմանադրական դատարանի անդամ Արմեն Դիլանյանը, որը, Վահե Գրիգորյանի սցենարով, պետք է առաջադրվեր։ Արդյոք կինքնաառաջադրվի նա՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու, թե ոչ, կպարզվի այսօր»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ, որի օրակարգում է նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցը: ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է ե՛ւ ինքնառաջադրվել, ե՛ւ առաջադրել այլ թեկնածուի: Այս պահին դեռեւս անորոշ է, թե ով կընտրվի ՍԴ նախագահ։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով: Հնարավոր է, որ անսպասելի իրավիճակ առաջանա, որովհետեւ որեւէ թեկնածու կարծես թե չի ձգում վեց կամ հինգ ձայնի, քանի որ հին կազմից Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը հնարավոր է ոչ մեկին ձայն չտան եւ, առհասարակ, չմասնակցեն ընտրությանը՝ գործընթացը համարելով ոչ լեգիտիմ։ Իսկ Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան զույգը հաշտ չէ նորընտիր 3 դատավորների հետ։ Մյուս կողմից՝ Երվանդ Խունդկարյանն էլ նախագահ դառնալու նախապայմանով է գործուղվել ՍԴ։ Չի բացառվում, որ առաջին փուլով ընտրությունը չավարտվի, թույլ տան առաջադրվել եւ Խունդկարյանին ու Դիլանյանին։ Այդպիսով նաեւ դեմոկրատական ընտրության պատրանք կստեղծվի, իսկ երկրորդ փուլում թեկնածուներից քիչ ձայն ստացածը դուրս կգա մրցակցությունից, մնացողն արդեն կընտրվի 5 ձայնով։ Իսկ եթե երկրորդ փուլում էլ չհաջողվի նախագահ ընտրել, ապա, ըստ օրենքի, 10 օր անց նոր ընտրություն կկայանա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հերոս, ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մի քանի շաբաթ է՝ Հայաստանում է։ Չնայած նա Արցախի խորհրդարանի պատգամավոր է, սակայն մեզ ասացին, որ գրեթե ոչ մեկի հետ չի շփվում, հույսը կտրել է, որ Արցախում ինչ-որ բան կարող է շտկվել, եկել է Հայաստան ու փորձում է ցնցել, ոտքի հանել հայաստանյան ընդդիմադիր դաշտը։ Բալասանյանն ակտիվ հանդիպումներ է նախաձեռնում տարբեր ընդդիմադիր ուժերի եւ քաղաքական գործիչների հետ։ Հանդիպել է նախկին նախագահներին, պաշտպանության նախկին նախարարներին, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին, տարբեր անձանց՝ փորձելով համոզել, որ մեկտեղվեն բոլոր ուժերը, բոլորը մի կողմ դնեն տարաձայնություններն ու ամբիցիաները, քանզի թշնամին ռազմական ռեւանշի ծրագրեր ունի, իսկ Փաշինյանի իշխանությունն ի վիճակի չէ հետ շպրտել նրան։ Բալասանյանը կարծում է, որ Փաշինյանը «հակահայ» պրոյեկտ է, եւ միայն նրա հեռանալը կուժեղացնի երկիրն ու կկանխի արտաքին վտանգները, ինչի մասին բազմիցս հայտնել է իր հարցազրույցներում։ Նա անկախության տոնին Եռաբլուրում էր, որտեղ պատասխանեց մեր հարցերին, սակայն փորձերը՝ հեռախոսով կապվել եւ ծավալուն հարցազրույց անել նրա հետ, չհաջողվեց․ նա զանգերին ու հաղորդագրություններին չի պատասխանում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա: Բանն այն է, որ երեկ կառավարության դիմաց էին հավաքվել համալսարանի դասախոսական կազմի անդամները, նաև ուսանողներ, որոնց պահանջներից մեկն էլ համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի հաստատումն է: Սակայն, մեր տեղեկություններով, դասախոսական անձնակազմը որոշել է՝ եթե Գալոյանի ընտրությունը հաստատվի, ապա իրենք կդադարեցնեն գործադուլները: Հաստատումը, սակայն, դժվար թե շուտ լինի։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ չնայած հուլիսի 17-ին համալսարանի խորհուրդը ընտրել էր Դիանա Գալոյանին, սակայն մինչև այժմ այդ որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված չէ, իսկ ինչպես հայտնի է, Գալոյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի թեկնածուն է եղել: Ավելին՝ տարբեր տեղեկությունների համաձայն՝ նախարարը կողմ է այս բողոքի ակցիաներին և օրեր առաջ հանդիպել էր համալսարանի դասախոսական անձնակազմի հետ և ասել՝ չի առարկի, եթե ցույց կազմակերպվի: Միևնույն ժամանակ դասախոսները երեկ շեշտում էին, որ իրենց պահանջը քաղաքական չէ: Պարզապես ցանկանում են հասկանալ, թե երբ կստանան կառավարության հաստատումը և կանցնեն բնականոն աշխատանքի, քանի որ համալսարանում շատ աշխատանքներ կիսատ են մնում ռեկտոր չունենալու պատճառով»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի պետական համալսարանը մարտ ամսից սկսած անվճար համակարգում սովորող ուսանողների կրթաթոշակները չի վճարում։ Մեզ են դիմել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները, ովքեր նշեցին, որ այս տարի ստացել են միայն հունվար-փետրվար ամիսների կրթաթոշակները։ Պատճառը հետևյալն է՝ ուսանողներին դեկանատից տեղեկացրել են, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով քանի որ դասապրոցեսը տեղի է ունեցել հեռավար, հետևաբար ուսանողները կրթաթոշակ չեն ստանալու։ Ի դեպ, նշենք, որ միայն կենսաբանության ֆակուլտետի ուսանողները չեն, որ զրկվել են կրթաթոշակից, այլ բուհի բոլոր անվճար սովորող ուսանողները»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին՝ ՀՀ անկախության 29 ամյակի առիթով կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ, բեմում մրցանակ է հանձնել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ թե՛ իշխանության ներկայացուցիչները, թե՛ լուսավորականները անակնկալի են եկել, երբ բեմ է բարձրացել Թանդիլյանը: Բանն այն է, որ գրեթե բոլորը տեղեկություններ ունեն, թե Թանդիլյանը առողջական խնդիրների պատճառով Ավստրալիայում է, բուժում է ստանում, ու հանկարծակիի են եկել, երբ տեսել են իշխանության կազմակերպած միջոցառմանը: Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 14-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու համանուն կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, ինչպես նաև դադարեցնում է գործունեությունը՝ որպես կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ «Տևական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ»,-նշել էր պատգամավորը: Դրանից հետո լուսավորականներն էլ ներքին քննարկումների ժամանակ հայտարարում էին, թե Թանդիլյանը գնացել է արտասահման բուժում ստանալու, բայց, կարծես թե, դա այդքան էլ իրական չէ: Մենք փորձեցինք զրուցել Մանե Թանդիլյանի հետ, սակայն ապարդյուն. նա սոցիալական ցանցերում ապակտիվացրել է իր էջերը ու չի արձագանքում մեր ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ նամակներին»։
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Evocabank-ը Հայաստանում առաջին անգամ կազմակերպված լուսային դրոն շոուի համար ծախսել է ավելի քան 50.000 դոլար՝ իր 3 եւ բանկի հիմնադրման 30-ամյակի առթիվ: Դրոնների շոուն Հայաստանում, իհարկե, նորություն էր, թեպետ այն համաշխարհային շուկայի թրենդներից է, որն իր շքեղության հետ մեկտեղ նաեւ անվտանգ է, ինչը չես կարող ասել հրավառության մասին: Լուսային շոուի ավարտից հետո Evocabank-ը նաեւ հրավառություն էր կազմակերպել եւ, ցավոք սրտի, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, այն դարձել էր խոտածածկ տարածքում մեծ հրդեհի պատճառ, ինչի արդյունքում այրվել է ավելի քան 2,5 հա տարածք: Մեզ հետ զրույցում ոլորտի փորձագետներից մեկը նշում էր, որ այստեղ առկա է վերահսկողության լուրջ խնդիր: «Իհարկե, հիմա հետաքննություն է ընթանում, բոլոր հանգամանքները կպարզվեն: Սակայն երեւույթն ինքնին խոսում է այն մասին, որ պետք է պետական վերահսկողություն իրականացվի եւ թույլ չտրվի մասնավորին հրավառություններ կազմակերպել, այն էլ այդքան անփույթ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի դեմ պայքարող գլխավոր հիվանդանոցներից մեկում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում վերջին երեք օրերի ընթացքում արդեն 54 հոգի ենթադրաբար թունավորվել է սննդից: Ընդ որում, նրանցից 8-ը կորոնավիրուսով վարակակիրներն են, մնացածը՝ բուժանձնակազմի ներկայացուցիչներ: Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վարակակիրներից երկուսը հղի են, մնացյալը տարբեր բաժանմունքներում գտնվող հիվանդներ են, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքի: Նրա խոսքով, երկու օր առաջ հիվանդանոցի սննդից օգտվելուց հետո հիվանդների ու բուժանձնակազմի մոտ սննդային թունավորման ախտանշաններ են նկատվել: Քաղաքացիները կերել են բանջարեղենով փլավ, միս և աղցան: Իսկ թե ինչ իրավիճակում են այժմ գտնվում ենթադրյալ թունավորվածները, փորձել ենք պարզել հերթապահ բժիշկ Կարեն Տոնոյանից: ArmLur.am-ի հետ զրույցում հենց հերթապահ բժիշկը, որը եւս այդ օրն օգտվել է «Արտ լանչ»-ի սննդից, հայտնեց, որ իրեն տարօրինակ է թվացել հատկապես այդ օրը մատուցված միսը:
Նկատենք, որ կորոնավիրոսով վարակված ամենամեծ թվով ծանր և առանձնապես ծանր վիճակում գտնվող անձինք գտնվում են հենց Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այստեղ սննդի սպասարկումը մինչև երեկ իրականացնում էր «Արտ լանչ» ընկերությունը: Սակայն այս դեպքից հետո բժշկական կենտրոնը փոխել է սնունդ մատակարարող ընկերությանը: Եվ չնայածայժմ փորձաքննություն է ընթանում, և արդյունքերը դեռ հայտնի չեն, սակայն «Արտ լանչ» ընկերության համահիմնադիր Բակուր Մելքոնյանը հայտնեց, որ մի քանի պրոֆեսիոնալ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո հասկացել են, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում։ Ընդ որում նա ընդգծում է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե պարզվի, որ օրենքի խախտում է թույլ տվել կամ «մախինացիա» իրականացրել: Արդյոք սննդի թունավորում է եղել, թե ոչ, դեռևս հստակ չէ: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ուսումնասիրություն են իրականացնում: Եվ չնայած ուսումնասիրության արդյունքները դեռ պարզ չեն, սակայն նկատենք, որ «Արտ լանչ» ընկերությունը կարծես թե մենաշնորհային գործունեություն է սկսել ծավալել սնունդ մատակարարող ընկերությունների շրջանում: Վերջին ժամանակահատվածում այս ընկերության ծառայություններից են սկսել օգտվել ոչ միայն պետական գերատեսչությունները, այլ նաեւ զորամասերը, այդ թվում՝ ոչ միայն Հայաստանում, նաեւ Արցախում»: