VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստի ժամանակ ՔՊ-ականները, կարելի է ասել, հարձակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վրա: Բանն այն է, որ ՔՊ-ականները փակ հանդիպմանը Հարությունյանին ներկայացրել են այն իրավիճակը, որն առկա է իր անձի հետ կապված, նշել, թե ինչ դժգոհություն է հասունանում թիմի ներսում իր նկատմամբ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ շատ կոշտ խոսել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ովքեր, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով խորհրդարանում լսում են այն բողոքները, որոնք Հարությունյանի հետ համագործակցելու, նրա հետ լեզու գտնելու վերաբերյալ են: Մակունցն ու Սիմիդյանը շեշտել են, որ այդ դժգոհությունները իրենք ստանում են հենց իրենց թիմի անդամներից ու հորդորել են «ուշքի գալ», փոխել աշխատելու ոճը, համագործակցել խորհրդարանի հետ, այլապես գնալով ներսում իրավիճակը լարվում է: Այս ամենից հետո, կարծես թե, Արայիկ Հարությունյանը փորձում է իր թիմի հետ կարգավորել հարաբերությունները, ավելին՝ ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս միմյանց հետ փորձում են շփվել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու Արայիկ Հարությունյանը: Վերջիններս կարծես թե հանդիպում, քննարկումներ են ունենում ու, ըստ իրենց թիմի, կարելի է ասել՝ հաշտության եզրեր են փնտրում: Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ Հայրապետյանն ու Հարությունյանը թեժ մարտերի մեջ էին, ինչի պատճառով անգամ Հայրապետյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրեն գործադիր տեղափոխելու համար, քանի որ նույն ոլորտում չէին կարողանում աշխատել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս պատգամավորական մանդատը վայր դրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, որը նշել էր. «Իմ ցանկությամբ եւ քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում»: Այս օրերին շրջանառվում են մի քանի այլ անուններ եւս. նրանք էլ պետք է դադարեցնեն օրենսդրական գործունեությունը եւ տեղափոխվեն կառավարություն: Եթե հիշենք, որ մոտ մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, ապա հստակ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է առավել ամրացնել նախարարությունները: «Փաստ» թերթի տեղեկություններով, այսպիսով Փաշինյանն «առաջին գիծ» է ուղարկում, այսպես ասած, հին գվարդիային՝ իր հավատարիմ «զինակիցներին»: Ըստ շրջանառվող խոսակցությունների, այսպիսով վարչապետը ոչ միայն ուժեղացնում է վերահսկողությունը պետական կառավարման համակարգի նկատմամբ, որից ժամանակ առ ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, այլեւ, ըստ ամենայնի, նախապատրաստվում է առաջիկա հնարավոր քաղաքական, տնտեսական եւ ոլորտային մարտահրավերներին»:
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը՝ դրա համար ընտրելով Հայաստանի Անկախության հռչակման 29-րդ տարեդարձի խորհրդանշական օրը։ Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը, թերևս, ենթագիտակցորեն ցանկացել է ցույց տալ, որ այդ ռազմավարությամբ ինքը որոշակի նվեր է մատուցում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Նվերը ստացվե՞լ է, թե՞ ոչ, կդատի հասարակությունը։ Ինքնին փաստը, որ հայհոյախառն սոցցանցային գրառումների փոխարեն՝ Հայաստանի ղեկավարը ներկայացնում է թեկուզ մակերեսային, թեկուզ խոցելի, տեղ-տեղ ծիծաղելի ու անհիմն ռազմավարություն, արդեն իսկ դրական է ու ողջունելի։ Ինչպես հույսը, որ բավական ծավալուն այդ փաստաթղթի դրույթները կարող են քննարկման ու բանավեճի առարկա դառնալ առաջիկայում՝ գոնե մի որոշ շրջան հանրային-քաղաքական միտքն ազատելով մաղձից ու հայհոյախոսությունից։ Ծավալուն այդ տեսլականն իրականում ռազմավարություն կարելի է անվանել շատ հարաբերականորեն, քանի որ այն գրեթե զուրկ է որոշակիությունից, դրանում չափելի ցուցանիշները շատ քիչ են և փոխառնված են արդեն իսկ հայտնի՝ Փաշինյանի՝ անցած տարի Ստեփանակերտում ունեցած ելույթից․ 5 միլիոն բնակչություն մինչև 2050 թվականը, ՀՆԱ-ի քսանապատկում մինչև նույն ժամանակահատվածը, և այլն։ Այսինքն՝ երեկ Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, ներկայացնում էր իր ստեփանակերտյան ուտոպիզմի ավելի բացված տարբերակը։ Ողջ խնդիրն այն է, սակայն, որ ցանկացած տեսլական կամ ռազմավարություն կարող է կիրառելի լինել միայն այն դեպքում, երբ դրա հեղինակը ներկայացնում է նաև այդ տեսլականին հասնելու ճանապարհային քարտեզը, այն կոնկրետ ծրագրերը, որոնց միջոցով ապահովվելու է այս, այս, այս ցուցանիշը կամ նպատակադրումը։
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն երկուսուկես տարի։ Այդ ընթացքում նրա ղեկավարած կառավարությունը չի մշակել որևէ իրական ռազմավարական ծրագիր, որևէ կենսունակ հայեցակարգ, որից կարող են բխեցվել 2050 թվականի նպատակադրումները։ Փաշինյանի կառավարությունն անցած երկուսուկես տարիներին զբաղված է եղել սոսկ օպերատիվ կառավարմամբ՝ չստեղծելով ռազմավարական զարգացման որևէ հիմք ու նախադրյալ։ Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ հեղափոխությունից հետո տարփողվող տնտեսական հեղափոխությունը, ներդրումների աննախադեպ հոսքը Հայաստան, նոր աշխատատեղերի ստեղծումը և այլ նմանատիպ խոստումներ ի դերև եղան։ Եվ երբ տնտեսության անգամ օպերատիվ կառավարման հարցում խնդիրներ ունեցող կառավարության ղեկավարը հրապարակում է 30-ամյա ռազմավարական հայեցակարգ, տպավորություն է ստեղծվում, որ դրա նպատակն իրականում ներկայի ապաշնորհությունն ապագայի վրա տարրալուծելու փորձ է։ Անհաջող փորձ։ Եվ ամենակարևորը՝ Հայաստանի հասարակությունը Նիկոլ Փաշինյանին ընտրել է ոչ թե մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածը մտավարժանքային հեղափոխություններ իրականացնելու, այլ շատ որոշակի՝ 2018-2023 թվականներն ընդգրկող հատվածում Հայաստանը ղեկավարելու համար։ Նա, սակայն, չունենալով հնգամյա ժամկետի համար որևէ իրական ռազմավարական ծրագիր, առաջ ընկնելով՝ հրապարակում է 30-ամյա տեսլական։ Սա անուղղակի ուղերձ է քաղաքացիներին առ այն, որ առաջիկա տարիներին իրենից որևէ ռազմավարական արդյունք պետք չէ սպասել։ Փաշինյանի հաշվարկը պարզ է, անգամ պարզունակ․ եթե չի հաջողվում արդյունքներ ապահովել ներկայում, պետք է հասարակությանը կերակրել ապագայի ուտոպիստական ծրագրերով։ Իսկ ապագան այդ իմաստով մեծ հնարավորություններ է տալիս, որովհետև մեր բանահյուսությունը հայտնի առած ունի էշի և/կամ նրա սեփականատիրոջ անփառունակ վախճանի կապակցությամբ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեում քրեական գործեր են հարուցվել Գյումրիի քաղաքապետարանի մի շարք վարչության պետերի դեմ: Նրանք մեղադրվում են համայնքային բյուջեի միջոցները վատնելու և յուրացնելու մեջ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեռ մեղադրյալների մեջ չէ, սակայն օղակը սեղմվում է»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրահանգում է սեփականության իրավունքով իրեն պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի վաճառականներին մասնակցել կառավարության դիմաց կազմակերպվող բողոքի ցույցերին: «Առինջ մոլի» առևտրականների մեծ մասը վերավաճառողներ են և ոչ մի կապ չունեն մաքսազերծման հետ, սակայն Ծառուկյանն ուզում է, որ կառավարության շենքի առջև կազմակերպվող ցույցերը հնարավորինս բազմամարդ լինեն»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բացահայտ բեւեռացման ու սելեկտիվ գործընթացները չեն շրջանցում գրեթե ոչ մի ոլորտ. իշխանությունները փաստացի չեն նայում մարդկանց պրոֆեսիոնալիզմին եւ պարզապես բաժանում են «սեւերի» ու «սպիտակների»։ Չնայած անընդհատ մեղադրանքներ են հնչում, որ բավարար կադրեր չունենալով՝ իշխանություններն ականջալուր չեն լինում այլ մասնագետների ու փորձագետների խոսքին, «Փաստ» թերթի տեղեկություններով, հիմա էլ կազմել են փորձագետների «սեւ ցուցակ». հատուկ հանձնարարական է իջեցվել, թե ում պետք է իշխանամերձ լրատվամիջոցները տեղ տան, ում գրառումները հրապարակեն, ումը՝ ոչ, կառավարությունում որ փորձագետներին է պետք «անտեսել», որոնց՝ «լսել», անկախ նրանից, թե ինչ կարգի մասնագետներ են, ինչքանով կարեւոր ու կառուցողական դիտարկումներ կարող են ներկայացնել եւ ինչ փորձառություն ունեն։ Առաջնային պետք է լինի այն հանգամանքը, թե որքանով են «սվոյ» ու որքանով են գործում իշխանությունների «գծի մեջ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ ամյակի կապակցությամբ բազմաթիվ պարգեւատրումներ տեղի ունեցան: Հետաքրքիր է, որ պարգեւատրվածների թվում էր նաեւ Կամո Քոչունցը, որը 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ պաշտոն է զբաղեցրել: Նախ՝ նշենք, որ երեկ, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: իսկ ո՞վ է նա. Կամո Քոչունցը 2008-ին եղել է Երեւանի կայազորի պետի առաջին տեղակալը: Այնուհետեւ՝ հեղափոխությունից հետո, նա ՀՀ 2018 թվականի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով սեպտեմբերի 7-ին նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության տվյալների համաձայն՝ բանակին քաղաքական գործընթացներում ներգրավելով՝ ստեղծվել է Երեւանի կայազորի պետի վարչակազմը՝ հայտնի 0038 հրամանի հիման վրա: Հրամանն արձակել է ՊՆ այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրահանգել է ոստիկանությունից հեռացնել այն ոստիկաններին, ովքեր չեն կատարում ոստիկանապետի հրամանը և օրական չեն ապահովում առնվազն 30 տուգանք դիմակ չկրելու համար: Պլանը չկատարած ոստիկաններին առաջին անգամ նկատողություն են հայտարարում, իսկ հետո հեռացնում ոստիկանությունից՝ վերադասի հրամանը չկատարելու պատճառաբանությամբ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է լրացում կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ազգային փոքրամասնությունների տոն: Նման արհեստական տոնի ստեղծումը, կարծում ենք, անիմաստ է, քանի որ յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն ունի իր ազգային և կրոնական տոները, որոնք նրանք անարգել տոնում են, իսկ թե ինչ է տալու ազգային փոքրամասնությունների ընդհանրական տոնը, որևէ բացատրություն չունի»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում ՀՀ դատաիրավական համակարգում ընթացող իրադարձությունների, ինչպես նաև Սահմանադրական փոփոխությունների մասին: Սրանք գործընթացներ են, որոնք, մեղմ ասած, միանշանակ չեն ընդունվում տարբեր քաղաքական ուժերի կողմից: Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեությանը, ապա այստեղ քննարկելու թեմա գրեթե չկա, քանի որ փաստացի չեն ներկայացվել այն հիմնական պատկերացումները, որոնք տեղ են գտնելու փոփոխություններում։ Բացառությամբ գուցե Գերագույն դատարան ստեղծելու գաղափարի, որը սուր հակազդեցության հանդիպեց իրավաբանական հանրության մեծ մասի կողմից: Ի սկզբանե նախատեսվում էր, որ հանձնաժողովը Սահմանադրության փոփոխված տարբերակի նախնական տարբերակը պետք է ներկայացներ 2020 թվականի սեպտեմբերին, իսկ նախնական հայեցակարգ ունենալ հոկտեմբերի վերջին։ Որոշակի ժամանակ անց հայտնի դարձավ, որ Սահմանադրության վերջնական հայեցակարգը պատրաստ կլինի տարվա վերջին, իսկ 2021 թվականի գարնանն արդեն Սահմանադրության փոփոխությունների նախագիծը (որոշ որակումներով՝ փաստացի նոր Սահմանադրության նախագիծը) կներկայացվի հանրային քննարկման, ապա նաև խորհրդարան։ «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, հանձնաժողովի աշխատանքները ոչ միայն դանդաղում են, այլև նախատեսված ժամկետներում այն ներկայացնելը գրեթե հնարավոր չէ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սա իշխանական վերնախավի հետ հատուկ համաձայնեցված տարբերակ է, որպեսզի հանձնաժողովի աշխատանքներն ինչքան հնարավոր է ձգձգվեն, իսկ նախագիծը հանրային քննարկման ներկայացվի հնարավորինս ուշ»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 15-ին, երբ համավարակի պատճառով տեւական դադարից հետո մանկապարտեզների գործունությունը վերսկսվեց, Վանաձորի թվով 20 մանկապարտեզներից 2-ը չվերաբացվեցին, մեկի գործունեությունն էլ դադարեցվել է նախորդ շաբաթ, քանի որ բուժքրոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Գոռ Բադյանը: «Պարետատան որոշման համաձայն մանկապարտեզները պետք է որոշակի տեխնիկական ապահովվածություն ունենան՝ տաք ջուր, եռաստիճան ջրավազանային լվացում եւ այլն: Համաճարակային իրավիճակում մենք աշխատել ենք 60-70 տոկոս ծանրաբեռնվածությամբ, մեզ մոտ չեն գործել միայն տնակային 2 մանկապարտեզները, որոնք այսպես թե այնպես չեն ունեցել այդ տեխնիկական ապահովվածությունը»,- ասաց Գոռ Բադյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է թիվ 7 եւ թիվ 8 մանկապարտեզներին, իսկ տնակային մյուս 2 մանկապարտեզները՝ թիվ 4-ն ու թիվ 3-ը, շարունակում են գործել: Քաղաքի մնացած մանկապարտեզներն, ըստ բաժնի պետի, բնականոն աշխատում են՝ պահպանելով պարետատան ցուցումները: Վանաձորում թիվ 10 մանկապարտեզի գործունեություն էլ դադարեցված է եղել՝ վարակակիր ծնողի պատճառով. «Մանկապարտեզը թեպետ գործում է, սակայն 0 հաճախելիություն ունեն, ծնողներն իրենք չէին բերում, նոր-նոր են սկսել բերել»: Ներկայացնելով աշխատակիցների շրջանում վարակվածության ցուցանիշը՝ բաժնի պետը տեղեկացրեց՝ միայն մեկ՝ թիվ 31 մանկապարտեզի բուժքրոջ մոտ է նախորդ շաբաթ հաստատվել կորոնավիրուս, ինչի պատճառով մանկապարտեզի գործունեությունը դադարեցվել է: