23.11.2024
Մամուլ. ԲՀԿ-ի դեմ օղակը սեղմվում է.
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերգեյ Բագրատյանին ասել են, որ կոպեկ առ կոպեկ բերի և վճարի ամբողջ գումարը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հույսերը չեն արդարանում: Սերգեյ Բագրատյանը իր որոշման մասին հայտնել էր հուլիսի 23-ին, եւ դրանից հետո այն բազմաթիվ ասեկոսեների տեղիք տվեց: Եվ չնայած խմբակցության անդամները հայտարարում էին, թե չգիտեն Բագրատյանի որոշման պատճառները, սակայն տարբեր տեղեկություններ հրապարակվեցին, որ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցված, եւ նա շուրջ 50 մլն դրամի պարտավորություն ունի, որը պետք է վերադարձնի պետությանը: Եվ, ահա, պատգամավորը հույս է ունեցել, թե դուրս գալով խմբակցությունից եւ կուսակցությունից՝ նրան ներվելու է ամեն ինչ, եւ անգամ գումար վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող: Սակայն իրականում այդպես չէ, եւ վերջերս Սերգեյ Բագրատյանին ասել են, որ նա պետք է կոպեկ առ կոպեկ բերի եւ վճարի աբողջ գումարը: Նկատենք, որ Սերգեյ Բագրատյանը կրկին ընդհատակում է, այժմ չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին եւ, առհասարակ, չի շփվում ոչ մեկի հետ: Այսպիսով, Սերգեյ Բագրատյանին ասել են, որ, միեւնույնն է, պետք է ամբողջ գումարը նա վերադարձնի»


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող Պետական պահպանության ծառայությունը պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի. Սարգիս Հովհաննիսյանը ՊՊԾ պետի տեղակալն էր, սակայն ծառայությունում է վաղուցվանից՝ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորում։ Ճանաչողներն ասում են, որ նա էականորեն զիջում է նախորդներին։ Իսկ թե ինչն է վարչապետի անվտանգությունում այս պերմանենտ փոփոխությունների պատճառը, պարզ չէ»:


 «Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի «հարցով» դիմելու է առաջիկայում ստեղծվելիք ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ իր հասցեին արված գրառումների համար։ Երեկ Դավոյանը հերթական գրառումն էր արել, կից տեղադրել Զոհրաբյանի լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պաստառի հետ։ «Շուտով, հիչքոքյան ժանրի մի աշխարհացունց տեքստով, ֆեյսբուքյան տիրույթում։ Բաց չթողնեք»,- գրել էր նա։ Զոհրաբյանը հաստատեց հանձնաժողով դիմելու մտադրությունը․ «Ես միշտ ձեռնպահ եմ մնացել կանանց մեկնաբանելուց մինչ այն պահը, երբ նրանց՝ իմ հանդեպ սեւեռումն այլեւս դառնում է անտանելի, դառնում է վտանգավոր հենց իրենց եւ շրջապատի համար։ Այս անգամ ես, օգտվելով իմ իրավունքից, ԱԺ-ում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողով եմ ներկայացնելու սույն տիկնոջ՝ իմ անձի վերաբերյալ գրառումները, որոնք խախտում են բարեվարքության եւ բարեկրթության բոլոր սահմանները։ Ես որեւէ պարտավորություն չունեմ հանդուրժելու իմ հանդեպ կանացի խորը եւ անանցանելի բարդույթներ ունեցող սույն կնոջ վարքը»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան եւ կտեղափոխվեն գործադիր աշխատելու: Ընդ որում, այդ որոշումները կայացվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին անգամ վարչության նիստ է անցկացվել սեպտեմբերի 15-ին, եւ ուշագրավ է, որ այս անգամ վարչության անդամները հավաքվել են ոչ թե իրենց կուսակցության գրասենյակում, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը: Եվ այդ նիստի ժամանակ քննարկվել է կառավարությունում կադրային փոփոխությունների հարցը, եւ խոսքը վերաբերում է նախարարների եւ փոխնախարարների հաստիքների փոփոխությանը: Եվ հենց այդ ժամանակ էլ վարչապետն ասել է, որ նպատակ ունի վարչության անդամներից շատերին գործադիր տանելու: Եվ, մեր տեղեկություններով, այդ պատգամավորների թվում է նաեւ Արման Բոշյանը, եւ այժմ քննարկվում է նրան տանելու եւ որեւէ պատասխանատու պաշտոնի նշանակելու հարցը:


Դրան զուգահեռ նիստի ժամանակ քննարկվել է նաեւ պատգամավոր Սուրեն Գրիգորյանին արդարադատության փոխնախարար նշանակելու մասին հարցը Սրբուհի Գալյանի փոխարեն: Սակայն այս հարցում դեռ միասնական որոշում առկա չէ, եւ վարչությունում ոչ բոլորն են կողմ եղել այդ տարբերակին: Իսկ ինչ վերաբերում է պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, ապա այս հարցում ավելի շահագրգիռ է հենց պատգամավորը, եւ նա է ցանկանում օրենսդիրից տեղափոխվել գործադիրում աշխատելու: Նկատենք նաեւ, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նիստում անդրադարձ է եղել նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, ընդ որում՝ վերջինս էլ ներկա է եղել նիստին: Նրա հետ կոպիտ են խոսել եւ ասել, որ ընդդիմությունը կենտրոնացել է նախարարի աշխատանքի վրա, եւ պետք է խնդիրները քննարկել: Հավելենք, որ հիմնականում կադրային փոփոխությունները քննարկվում են հենց այս ձեւաչափով, եւ Արմեն Փամբուխչյանին ԱԻՆ գործուղելու որոշումը եւս այսպես է կայացվել: Հավելենք, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նշված տեղափոխումները կավարտվեն»:


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նորից վերսկսել է տարբեր վիճակագրական տվյալների հրապարակումը՝ դրանք որակելով որպես մեծ ձեռքբերում։ Վերջին հրապարակումը վերաբերում էր ոչխարի եւ այծի արտահանման 256 տոկոս աճին։ Երեկ արդեն որոշ փորձագետներ խոսում էին այն մասին, որ նման թվերը առավելապես մանիպուլյատիվ բնույթ են կրում: Մասնավորապես առանձին տնտեսագետներ նշում էին, որ ընդամենը 2019 թվականի վերջին ընդունված համապատասխան ծրագիրը պարզապես չէր կարող այս կարճ ժամանակահատվածում նման արդյունք ապահովել, այսինքն՝ իրականում գործ ունենք առնվազն մի քանի տարվա ծրագրերի հետ։ Մյուս կողմից հնչում էին տեսակետներ, որ գործ ունենք ոչ այնքան ոլորտի զարգացման, որքան ինչ-որ իմաստով «տրանզիտի» հետ: Մեզ հետ զրույցում տնտեսագետներից մեկը շեշտում էր, որ նման թվեր հրապարակելուց առաջ լավ կլիներ ուսումնասիրել, թե որքանով ենք կարողանում բավարարել ներքին սպառումը, ինչպես է կատարվում մսի գնագոյացումը եւ այլն: Մեկ այլ փորձագետ թերթի լրագրողի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Փաշինյանն ակտիվորեն թվական տվյալներ է հրապարակում հատկապես Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հերթական ամփոփումից ու հրապարակումից առաջ: «Երբեմն այնպիսի տպավորություն է, որ ոչ թե Փաշինյանն է օգտվում ԱՎԿ տվյալներից, այլ՝ հակառակը»,-կեսլուրջ-կեսկատակ ասաց մեր զրուցակիցը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում քննարկվում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանին Լոռու մարզպետ նշանակելու հարցը։ Իսկ գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եկող տարի կառաջադրվի Վանաձորի ընտրություններում՝ որպես քաղաքապետի թեկնածու։ Իշխանությունը մարզպետից մրցունակ թեկնածու չի գտնում այդ պաշտոնի համար, քանի որ դիմացը գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է լինելու եւ Մարուքյանների թեկնածուն։ Ճի՞շտ է, որ շուտով գործադիր եք տեղափոխվելու՝ մարզպետի կարգավիճակում․ երեկ հարցրինք Արեն Մկրտչյանին։ «Անդրեյ Ղուկասյանը շարունակում է պաշոնավարել որպես Լոռու մարզպետ, իմ հետ կապված նման քննարկում գոյություն չունի թիմի ներսում»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն եւ լրացում կատարել Քրեական դատավարության օրենսգրքում եւ ավելացնել այսպիսի դրույթ. «Դատարանը քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազի կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչի միջնորդության հիման վրա, իսկ դատարանում քրեական գործը քննելիս՝ մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կարող է կասեցնել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ աշխատանքային լիազորություններն իրականացնելով` նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ: Օրինակ՝ գործող օրենքով հանրային ծառայող համարվող համայնքապետերը դատաքննության ամբողջ ընթացքում շարունակում էին մնալ իրենց պաշտոնին եւ պաշտոնազրկվում էին միայն մեղադրական դատավճռից հետո»: Օրենքի այս փոփոխությամբ միայն քրեական գործի հարուցումը բավարար է, որ դատավորը համայնքապետին զրկի իր լիազորություններից»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ «Հայրենիք» կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ նորաստեղծ այդ կուսակցությունից սկսվել է կուսակցականների արտահոսք: Պատճառն այն է, որ կուսակցությանը միացածները չեն տեսնում կուսակցության գործունեության քաղաքական օրակարգ և քաղաքական հեռանկար: Նման պայմաններում կուսակցությանն անդամակցելը դառնում է անիմաստ»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում 2018 թվականի իշխանափոխությունից հետո մարզերում «կուսակցական կյանքը» որոշակի առումով պասիվացավ, ավելի կոնկրետ՝ գտնվում էր յուրօրինակ «թայմ աութի» փուլում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ ամսվա ընթացքում այս առումով մարզային կյանքն ակտիվացել է։ Ընդ որում, ակտիվ գրասենյակներ են բացում ու կուսակցաշինությամբ զբաղվում ոչ միայն ընդդիմադիր ուժերը, այլեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հատկապես խոշոր քաղաքներում ակտիվ անդամագրությամբ եւ կուսակցական «բանկի» ստեղծմամբ է զբաղված։ Մեզ հասած տեղեկություններով, իշխանությունները մարզերում փորձում են համագործակցության եզրեր գտնել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, հատկապես տարածքների գործարար շրջանակների, ինչպես նաեւ համայնքներում, այսպես ասած, «հարց լուծող» անձանց հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս կերպ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին այն հաշվարկով, որ խորհրդարանական ընտրություններից առաջ կարողանան ամրապնդել իրենց չափազանց երերուն «դիրքերը» մարզերում:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺ իշխանական խմբակցությունը գրեթե միաձայն ընտրեց ՍԴ երեք դատավորների։ Քաղաքական որոշակի շրջանակների համար այս երեք դատավորների, հատկապես Խունդկարյանի եւ Վաղարշյանի ընտրությունը բավականին շոկային է եղել, ուստի պատահական չէ, որ այդ շրջանակները արդեն երկու օր է՝ ինտենսիվ հարձակման են ենթարկում իշխանություններին: Նույն այդ շրջանակներին շատ ավելի զայրացրել է կուլիսներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իշխանությունները ՍԴ նախագահի պաշտոնում չեն ուզում տեսնել Վահե Գրիգորյանին, որն իրեն ժամանակին հռչակել էր ՍԴ նախագահ: Նշյալ միավորների համար դեպքերի զարգացումների նման ընթացքը ոչ մի կերպ կանխատեսելի չի եղել, նրանք վստահ էին, որ իրենց «սրտի ՍԴ»-ն պետք է կազմված լինի բացառապես Գրիգորյանի «գծի մեջ» գործող դատավորներից, իսկ նախագահն էլ, բնականաբար, նշյալ դատավորը պետք է լինի։ «Փաստ» թերթի տեղեկություններով, որոշ հայտնի քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ նախօրեին տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ որոշել են իրենց հետագա մարտավարությունը, այն է՝ բոլոր հնարավոր հարթակներում խիստ քննադատել տեղի ունեցած ընտրությունը, թիրախավորել ԱԺ կողմից ընտրված թեկնածուներին եւ անընդհատ շեշտել, որ օրվա իշխանությունները դավաճանել են «հեղափոխությանը եւ շեղվել հեղափոխական օրակարգից»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարան է ներկայացրել «Ներդրումային ծրագրերի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է պետական հատուկ աջակցություն այն տեղական և օտարերկրյա ներդրողների համար, ովքեր պետության հետ համապատասխան պայմանագիր կստորագրեն Հայաստանում ներդրում իրականացնելու մասին: Ըստ նախագծի՝ տեղական ներդրողի համար ներդրման մեկնարկային չափը 2 միլիարդ դրամն է, իսկ օտարերկրյա ներդրողի դեպքում՝ 7 միլիարդը: Նման պայմանագիր կնքելու դեպքում պետությունը ներդրողին կապահովի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների միասնական և դյուրացված լուծումներ՝ հողի նպատակային նշանակության փոփոխություն, շինարարության թույլտվություն, նախագծային փաստաթղթերի հաստատում, անշարժ գույքի, արժեթղթերի և պարտատոմսերի ձեռքբերում, նոր կազմակերպության ստեղծում, գործող կազմակերպության վերակազմակերպում, լիցենզավորում և ՀՀ օրենսդրությամբ ներդրումային ծրագրի իրականացման գործընթացներում անհրաժեշտ այլ գործողություններ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 3,881.98 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 10.49%-ով, իսկ 2019 և 2018թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 16.93%-ով և 18.91%-ով: ՀՀ կառավարության պարտքը կազմել է 3,645.7 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 11.19%-ով, իսկ 2019 և 2018թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 18.55%-ով և 22.15%-ով: Նկատենք, որ վերջին տարիներին՝ մինչև 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է, սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է։ 2019 թվականի ընթացքում պետական պարտքին առնչվող ամենանշանակալի գործարքը 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումն էր։ Սեպտեմբերին կառավարությունը որոշեց 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր (արտարժութային պարտատոմսեր) թողարկել և այդ գումարով մարել 2020 թվականին նախատեսված պարտքերը։ Իսկ ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 7,967.29 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 8.784%-ով, իսկ 2019 և 2018թթ? օգոստոսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 14.26%-ով և 17.82%-ով, իսկ ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 7,482.36 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 9.47%-ով, իսկ 2019 և 2018թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 15.84%-ով և 21.03%-ով»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մասնագետների միանշանակ պնդմամբ, հանրապետությունը մեծ ներուժ ունի կոնյակագործության զարգացման համար, դրա համար կան նաեւ անհրաժեշտ բնակլիմայական պայմաններում ու գոտիներում գտնվող չմշակվող հողեր: Կոնյակագործությունը խթանելու համար կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որը շտկում է Հայաստանում արդյունաբերության այս ճյուղի զարգացմանը խոչընդոտող իրավական կարգավորումները: Նման փոփոխություններ են նախատեսված խորհրդարանում քննարկվող «Գործունեության ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում իրականացված փոփոխություններով ու լրացումներով: Օրենսդրական փոփոխությամբ կոնյակագործությամբ զբաղվելու գործունեություն սկսելու համար գործող 15 մլն դրամի փոխարեն սահմանվում է 50 հազար դրամի պետական տուրք»: