Հրդեհ Երևանում․ Քաղաքացիների շրջանում տուժածներ չկան
Կոմիտասի պողոտայում բռնկված խոշոր հրդեհի վայր է ժամանել շտապօգնության մեքենա։ Նախնական տվյալներով, քաղաքացիների շրջանումտուժածներ չկան։
Բժիշկները հայտնում են, որ հրշեջ փրկարարները թթվածնի կարիք ունեին, տվել են, որից հետո նրանք վերադարձել են իրենց աշխատանքին։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին Կոմիտասի պողոտայում «Երևան Սիթիի» շենքում, հանրային սննդի կետում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 14 մարտական հաշվարկ։
«Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է Փրկարարական ծառայության տնօրենը։ Մինչ հրշեջների ժամանելը, արդեն այդ վայրից քաղաքացիները տարհանվել են։ Այս պահի դրությամբ, տուժածների վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան։ Պատճառների մասին դեռ շատ վաղ է խոսել։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,–ասաց նա։
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Ավելի ուշ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։