6.11.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

«Հյուսիս-հարավ». Իրանցիների աշխատանքի տեմպերը զարմացրել են Փաշինյանին

Լուսանկարը` Սպուտնիկի
Լուսանկարը` Սպուտնիկի

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածում աշխատող իրանական ընկերության աշխատանքի տեմպերը տպավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կառավարության նոյեմբերի 6-ի նիստում նա նշեց, որ նախագիծը «մեր աչքի առաջ սկսում է բյուրեղանալ» և շոշափելի դառնալ, իսկ կապալառուն «մեզ անծանոթ» (բարձր) տեմպ է ցույց տալիս, ինչի մասին արձագանքներ են ստացվում տարբեր տեղերից։


Հենց այս նիստի ընթացքում էլ գործադիրը հաստատեց այդ հատվածի աշխատանքների շարունակությունն ապահովող նախագիծ։ Կառավարությունը, «Ճանապարհային դեպարտամենտի» ծրագրերի միջև վերաբաշխումներ կատարելով, հավելյալ 21,875 միլիոն ԱՄՆ դոլար (8,4 մլրդ դրամ) հատկացրեց «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի անխափան իրականացման համար։


Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մայրուղու մեկ այլ հատվածի։ Նրա խոսքով՝ Երևան-Գյումրի հատվածը դե ակտո այս տարի կավարտվի, իսկ գարնանը լիովին պատրաստ կլինի՝ ներառյալ ճանապարհի կահավորումը։


«Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագիրը Հայաստանի համար ռազմավարական ենթակառուցվածքային նախագիծ է, որի նպատակն է ստեղծել բարձրորակ տրանսպորտային միջանցք։ Ավելի քան 550 կմ երկարությամբ մայրուղին նախատեսված է երկրի հարավային սահմանը (Իրանի հետ) կապելու հյուսիսային սահմանի (Վրաստանի հետ) հետ։ Սա Պարսից ծոցի նավահանգիստներից ելք կապահովի դեպի Սև ծով՝ Հայաստանը դարձնելով կարևոր տարածաշրջանային տարանցիկ հանգույց։


Նախագիծը, որը ֆինանսավորվում է միջազգային վարկերի (մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի) և պետբյուջեի միջոցներով, իրականացվում է փուլերով (տրնշերով) և ներառում է բարդ ինժեներական կառույցների, այդ թվում՝ թունելների և կամուրջների շինարարություն։

Հրդեհ Երևանում․ Քաղաքացիների շրջանում տուժածներ չկան
Հաջորդ նորություն next