6.11.2025
Հրդեհ Երևանում․ Քաղաքացիների շրջանում տուժածներ չկան
prev Նախորդ նորություն

Փաշինյան. «Քաղաքացու պահվածքը կարող էր ագրեսիա առաջացնել»

Լուսանկարը` panorama.am
Լուսանկարը` panorama.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 6-ին անդրադարձել է հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպին, երբ պատարագի ժամանակ իրեն ուղեկցող ՊՊԾ աշխատակիցները եկեղեցուց դուրս են բերել մի քաղաքացու։ Կառավարության ղեկավարը հայտնել է, որ բացատրություն է պահանջել Պետական պահպանության ծառայությունից՝ նշելով, որ որոշումը կայացվել է նաև հենց այդ քաղաքացու անվտանգությունն ապահովելու նկատառումով, քանի որ նրա պահվածքը կարող էր ագրեսիա հրահրել։


Միջադեպը տեղի էր ունեցել պատարագի ընթացքում, որին ներկա էր նաև վարչապետը։ Քաղաքացիներից մեկը սկսել էր բղավել, թե պատարագն «իրական չէ», քանի որ այն մատուցող Տեր Արամ քահանան կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ է արվել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ընդգծել է, որ տվյալ անձի պահվածքը կարող էր հակազդեցություն առաջացնել մյուս ներկաների մոտ։ «Նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել, դրա համար այդ որոշումը կայացվել է»,– պարզաբանել է վարչապետը։


Այս միջադեպը կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև խորացող դիմակայության դրվագներից է, որը սրվեց Ղարաբաղի և սահմանազատման հարցերով Էջմիածնի հնչեցրած քննադատությունից հետո։ Հակամարտությունը նոր մակարդակ անցավ այն բանից հետո, երբ իշխանության ներկայացուցիչները, ներառյալ վարչապետը, հրապարակայնորեն կասկածի տակ դրեցին Գարեգին Բ Կաթողիկոսի լեգիտիմությունը և փաստացի հրաժարականի կոչ արեցին։ Դիմակայությունն ուղեկցվում է տեղեկատվական պատերազմով, որի շրջանակներում լրատվամիջոցներում և սոցցանցերում ակտիվորեն տարածվում են նյութեր, որոնք կողմերի կողմից ընկալվում են որպես վարկաբեկող (կոմպրոմատ)։ 


Եկեղեցին, իր հերթին, դարձել է ընդդիմադիր շարժումների համախմբման կենտրոն, ինչը դժգոհություն է առաջացնում իշխանությունների մոտ։ Վարչապետի այցը Կաթողիկոսի կողմից կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագին Էջմիածնում շատերի կողմից դիտարկվում է որպես ուղիղ մարտահրավեր և միջամտություն եկեղեցու ներքին գործերին։

Սիմոնյանը և Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը քննարկել են երկկողմ համագործակցությունը
Հաջորդ նորություն next