6.11.2025
Ձերբակալվել է «Օրենքով գող» Օշականցի Գևորիկը
prev Նախորդ նորություն

ԱԱԾ կառուցվածքում ստեղծվում է արտաքին հակահետախուզություն՝ լայն լիազորություններով

Լուսանկարը` ԱԱԾ պաշտոնական կայքից
Լուսանկարը` ԱԱԾ պաշտոնական կայքից

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 6-ի նիստում հավանություն է տվել Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքում նոր առանցքային ստորաբաժանում՝ արտաքին հակահետախուզություն ստեղծելու մասին օրինագծերին։ Փաթեթն անհետաձգելի համարվելով ուղարկվել է Ազգային Ժողով։ Նոր կառույցը կստանա պետական տեղեկատվական բազաներին հասանելիություն և կզբաղվի արտերկրում ՀՀ դիվանագիտական մարմինների անվտանգության ապահովմամբ։


Այս փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականին ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության մասին» օրենքով և նպատակ ունի ավելի արդյունավետ ու համակարգված դարձնել հակահետախուզական գործունեությունը։ Նոր ստորաբաժանումը կձևավորվի ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության հիմքի վրա։


Նոր կառույցի առջև դրված խնդիրներից է լինելու նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը։ Իր գործառույթներն իրականացնելու համար ստորաբաժանումը իրավասություն կստանա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա ռեժիմում։ Նախատեսվում են նաև ԱԱԾ հակահետախուզության և ՀՀ արտաքին հետախուզության ծառայության միջև փոխգործակցության հստակ կառուցակարգեր։


Բացի այդ, փոփոխություններ են առաջարկվում նաև կադրային քաղաքականության մեջ։ Նախատեսվում է թույլատրել 30 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիների ընդունելությունը ԱԱԾ սահմանապահ զորքեր, հատուկ ստորաբաժանումներ և մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող այլ պաշտոնների։

Հայաստանում զբոսաշրջությունը շարունակում է աճել. 1.7 մլն հյուր՝ 9 ամսում
Հաջորդ նորություն next