6.11.2025
Սիմոնյանը և Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը քննարկել են երկկողմ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

«ՀԷՑ»-ի ազգայնացում, թե՞ սեփականաշնորհում. կառավարությունը սպասում է գնին

Լուսնկարը` Yerkir.am
Լուսնկարը` Yerkir.am

Հայաստանի կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) ճակատագրի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կհայտնի միայն այն բանից հետո, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կսահմանի ակտիվի գինը։ Այս մասին նոյեմբերի 6-ի ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հենց գնից է կախված՝ ընկերությունը կգնվի՞ պետության կողմից, թե՞ կրկին կմասնավորեցվի։


Վարչապետի խոսքով՝ եթե ՀԾԿՀ-ն առաջարկի «տրամաբանական» և բյուջեի հնարավորություններին համահունչ գին, կառավարությունը լրջորեն կքննարկի գնման տարբերակը։ Եթե գինը չափազանց բարձր լինի, կիրագործվի երկրորդ սցենարը՝ սեփականաշնորհում միջազգային հեղինակություն ունեցող ընկերության մասնակցությամբ։ Փաշինյանն ընդգծեց, որ ցանկացած տարբերակի դեպքում պետությունը կպահպանի որոշակի ներկայություն՝ օրենսդրական կամ բաժնետոմսային մեխանիզմներով, սակայն տեխնիկական նրբությունների գնահատումը մասնագետների գործն է։


Այս գործընթացը մեկնարկել է ՀԷՑ-ի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ իշխանությունների ունեցած կոնֆլիկտի ֆոնին։ Այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին հրապարակավ աջակցեց Հայ Առաքելական եկեղեցուն և Կաթողիկոսին, ուժայինները խուզարկեցին գործարարի երևանյան առանձնատունը, իսկ դատարանը նրան երկու ամսով կալանավորեց։ Դրանից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց «ՀԷՑ»-ն ազգայնացնելու մտադրության մասին, և արդեն հուլիսի 3-ին Ազգային ժողովն ընդունեց համապատասխան օրինագիծը։ Այժմ առանցքային հարցը մնում է ակտիվի գնահատումը, որը պետք է տա ՀԾԿՀ-ն։

Երևանում բռնկված հրդեհը 4 ժամ անց մարվել է. մեկ տուժած հոսպիտալացվել է
Հաջորդ նորություն next